Որոշ դիլետանտներ ասում են, որ առանց ատոմակայանի էլ կարող ենք․ 88-ին էլ ԱԷԿ-ը փակեցին

Որոշ դիլետանտներ ասում են, որ առանց ատոմակայանի էլ կարող ենք․ 88-ին էլ ԱԷԿ-ը փակեցին

Հայաստանի ներկայիս իշխանությունները ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք են փորձում թեքել, այն պարագայում, երբ Հայաստանը անվտանգային և տնտեսական բոլոր թևերով Արևմուտքին հակադիր բևեռի՝ Ռուսաստանի հետ է կապված, ինչը պայմանավորված է նաև մեր պետության աշխարհագրական դիրքով։ Եւ ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունն անշուշտ եւ առաջին հերթին շոշափելու է էներգետիկ ոլորտը՝ գազ, հոսանք, ատոմակայան։ Ինչպես գիտենք Ռուսաստանն է ՀՀ-ի էներգետիկ ոլորտի ամենակարևոր օբյեկտի՝ Մեծամորի ԱԵԿ-ի կենսագործութնեությունը ապահովում և հասկանալի է, որ Ռուսաստանից հեռանալու պարագայում մենք լուրջ խնդիրներ կունենանք նաև ԱԵԿ-ի բնականոն գործունեության հետ կապված, դրանից բխող բոլոր հետեւանքներով։

«Հրապարակի» հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ հենց Ռուսաստանն է, որ Հայաստանի ատոմակայանի գործունեության ժամկետը երկարեցնելու պայմանգիր է կնքել ՀՀ-ի հետ մինչև 2036 թվականը և այդ ծրագիրը պետք է համատեղ իրականացվի՝ Հայաստանն էներգետիկ առումով անվտանգ գոտում պահելու համար։

«Կան որոշ դիլետանտներ, որոնք ասում են, որ առանց ատոմակայանի էլ կարող ենք ապրել։ Այդ դիլետանտների ետևում երևում են ականջներ, որոնք գալիս են դեռ 1980-ական և 1990-ական թվականներից, երբ 1988-ին ատոմակայանը փակեցին, ու հետո նույն ջանասիրությամբ սկսեցին խնդրել, որ օգնեն, որ 1995 թվականին վերաբացվի։ Ատոմակայանն արտադրում է մեր էներգետիկ հաշվեկշռի 42 տոկոսից ավելին, առանձին տարիներին մինչև հաշվեկշռի կեսը»,-ասաց Մանասերյանը։

Նրանք ովքեր առաջարկում են ԱԵԿ-ի փոխարեն այլընտրանքային էներգիայի աղբյուրներ՝ հողմակներ, արևի մարտկոցներ և այլն, այդ առաջարկներին Մանասերյանը հակադարձում է․«Եկեք մի ֆանտաստիկ սցենար Ձեզ ասեմ, եթե ՀՀ-ում առկա բոլոր այդ ռեսուրսները միասնաբար օգտագործվեն և միանգամից, սա փորձագետների հաշվարկներն են, ընդհանուր առմամբ և հողմակների, և արեգակնային էնեգիայի, եւ հիդրոէլեկտրակայանների ամբողջ հզորությունները մեր պահանջների 28 տոկոսից ավելին չեն անցնի»,-ասաց Մանասերյանը։

Պետք է հավելել սրան նաև Երևանի ու Հրազդանի ՋԷԿ-երը, որոնք եւս ռուսական մասնակցություն ունեն եւ ակունքներ։