Հիմա այս 4 գյուղն է, հետո 4 անկլավները կլինեն, հետո ավելի մեծ տարածք կկորցնի Հայաստանը

Հիմա այս 4 գյուղն է, հետո 4 անկլավները կլինեն, հետո ավելի մեծ տարածք կկորցնի Հայաստանը

«Հրապարակը» քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ փորձեց հասկանալ, թե ինչ է նշանակում սահմանագծի առանձին հատվածների մասով համաձայնեցված փաստաթուղթը, որ մոտ մեկ ժամ առաջ իշխանությունը հրապարակեց։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ», ասվում է հաղորդագրության մեջ։

-Փաշինյանի աշխատակազմի հայտարարության մեջ նշվում է, որ չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ Ի՞նչ է սա նշանակում։

-Ադրբեջանն արդեն զբաղեցրել է մեր տարածքի մի մասը՝ 200-1000 կիլոմետր, այսինքն, եթե նա չի ճանաչում մեր սահմանը՝ դելիմիտացիա արած կամ չարած, նա չի ճանաչում Սովետական Հայաստանի սահմանները` որպես հիմք, որևէ քարտեզ չի ճանաչում` որպես հիմք, այսինքն, նա ուժով կվերցնի այնքան գյուղ, որքան ցանկանա։ Հիմա այս չորս գյուղն է, հետո չորս անկլավներն են, հետո այնտեղ ճանապարհներ կկառուցվեն ու ավելի մեծ տարածք կկորցնի Հայաստանը, կկտրվի Վրաստանից և դրանից հետո կանցնեն Զանգեզուրի միջանցքին, որը կլինի Հայաստանի վերջը։ Եվ այս նույն ձևով, ստերը տարածելով , սուտ խոստումներ տալով և մեր, այսպես ասած, ընդդիմության օգնությամբ՝ նրանք դրան էլ կհասնեն։ Եթե մեր հասարակությունը չի ուզում պետություն ունենալ՝ ոչ ոք թող չստիպի այս մարդկանց պետություն ունենալ։

-Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանապահ ուժերն են այդտեղ կանգնելու, այնինչ հայտնի է, որ Տավուշի մեր պաշտպանական գիծը ամենահզորներից մեկն էր եւ հիմա մեր ամրացված դիրքերը զիջելու ենք թշնամուն։ Դրանից հրաժարվելն ի՞նչ անվտանգային նոր խնդիրներ կստեղծի մեզ համար։

-Որևէ սահմանապահ ուժ չի փոխի այն փաստը, որ Ադրբեջանն ունի մեծ ռազմական առավելություն, իսկ մենք կորցրեցինք մեր միակ դաշնակցին։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի ուժով ավելի մեծ տարածքներ գրավել և որևէ եվրոդիտորդներ կամ սուտ խոստումներ Արևմուտքից, կամ մեր կորցրած դաշնակիցը որևէ ձևով նրան չեն կարող խոչընդոտել։ Սահմանապահ ուժեր մենք ունենք նաև այլ տարածքներում, բայց տեսնում եք, որ նրանք չեն կարող դիմակայել Ադրբեջանի ուժերին։ Ադրբեջանը շարունակում է զինվել, անընդհատ զինվում է, միլիարդավոր դոլարների պայմանագրեր է կնքում մի շարք երկրների հետ, իսկ մեր կառավարությունն ասում է, որ պետք է ենթարկվել, պետք է զիջել և ծնկի իջնել։ Եթե մեր հասարակությունը սա է ուզում՝ թող այդպես էլ լինի։

-Ո՞րն է հաջորդ «հանձնվելիք» տարածքը լինելու։

-Մենք շարունակում են Արդբեջանին հավաստիացնել, որ մենք թույլ ենք, իր ախորժակը գնալով գրգռվելու է, նա չի կանգնելու և կանգնելու ենք հիմա ամենակարևոր հարցի առջև՝ դա Զանգեզուրի միջանցքն է, որը նույնպես խաբելով, մանիպուլացնելով, մարդկանց ճնշելով, ոստիկանության հետ հանդերձ տարածքները գնալով, նրանց էլ կհամոզեն, որ փոխարենը ասֆալտ կստանան, առևտուր կստանան և հետո Զանգեզուր կամ Սյունիք կմտնի թուրքական բիզնեսը, դրանից հետո թուրքական առևտուրը, թուրքական արտադրանքը, թուրքական ընկերությունները և դրանից հետո ադրբեջանական բնակչությունը։ Դրանից հետո մենք Զանգեզուրից էլ ձեռք կքաշենք, թե դա է ուզում մեր ժողովուրդը՝ թող այդպես էլ լինի։ Մենք իրավունք չունենք վիճել մեր հասարակության հետ։

-Հայտարարության մեջ նշվում է, որ քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեներն են, որոնք կազմվել են իրավասու կառույցների կողմից։ Ի՞նչ քարտեզներ են դրանք։

-Որքանով ես գիտեմ, Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, Ադրբեջանը գրավել է մեր տարածքը և ետ չի քաշվելու, Ադրբեջանը խոսում է ուժի դիրքից։ Իսկ այս խումբը հուսով էր, որ Արևմուտքից ինչ-որ բան կստանա, հետ եկավ առանց որևէ ռեալ երաշխիքների, առանց ռեալ ռազմական օգնության, ռեալ զինտեխնիկայի, ռեալ տնտեսական օգնության։ Փաստորեն ոչ մի բան չստացվեց, ևս մեկ պարտություն էր, Արցախի մասին այլևս չեն խոսում։ Հայաստանին վերաբերվում են որպես կապիտուլյացիայի վերածված երկիր, որը ստորանալու է, ենթարկվելու է և գետնին պառկելու է և իրեն անընդհատ խփելու են, այսինքն, մենք դիմադրելու իրավունք չունենք։ Սա է այս խմբի իշխանության գալու հետևանքը։ Դե հիմա եկեք ասենք՝ լավ է գոնե նախկինները հետ չեկան՝ դե ուրախացեք։