Պատկերացնո՞ւմ եք զինվորի վիճակը, երբ կամավորը գնում կանգնում ա կողքը, հետո փախնում՝ գալիս

Պատկերացնո՞ւմ եք զինվորի վիճակը, երբ կամավորը գնում կանգնում ա կողքը, հետո փախնում՝ գալիս

Քաղսի համայնքի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը 4 օր է, ինչ առաջնագծից վերադարձել է: Վաղը կրկին կամավորների հետ առաջնագիծ կմեկնի.
««Քաղսի» կամավորական ջոկատը այժմ կրում է «Օղակ կամավորական ջոկատ» անունը, որն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում: Մենք հենց վաղը պետք է թշնամուն ջարդենք, որ տեսնեն իսկական հայկական բռուցքը: Իրենց բայրամի օրը պետք է իրենց ջարդենք, իրենց մատաղ անենք»,-մեզ հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

-Պարո՛ն Գրիգորյան, առաջնագծից ի՞նչ կպատմեք, պատմում են, որ սննդի պակաս կա, որ պաշտպանիչ ժիլետները եւ գլխարկները չեն բավարարում: Ձեր կամավորներին այդ ամենը հատկացրե՞լ են, թե՞ Դուք ինքներդ եք այդ ձեռք բերել:

-Հոկտեմբերի 7-ին 22 կամավորներով գնացել ենք: 15 կամավոր Ասկերանում մեր զինվորի սնունդի հետ կապված գործերով են զբաղվել, մնացած 7-ը՝ իմ հետ բարձրացել ենք դիրքերը: Զինվորը ճիշտն ասած սննդի պակաս չունի, բայց մեր հետ տարել էինք՝ ինչ կարացել էինք: Առաջին օրը բանից անտեղյակ էինք, չգիտեինք, թե ինչ էր պետք: Մեր հետ մի մեծ ֆուռ ապրանք էինք տարել, բայց տեղում վիճակը տեսնելով, հասկացանք, որ էդ ամեն ինչը էդքան էլ անհրաժեշտ չի: Հիմա զինվորին ավելի շատ հոգեւորն ա պետք, դուխը, եւ զինվորի կողքը ֆիզիկապես կանգնելն ա պետք: Ու դրա համար երկրորդ անգամ, ամբողջ ջոկատով առաջնագիծ բարձրացանք: Ինչ վերաբերում է գլխարկներին ու պաշտպանիչ ժիլետներին՝ մենք կարողացել ենք այդ ամենը ձեռք բերել:

Պատերազմ ա, պետք է գիտակցենք, որ ամեն ինչը հնարավոր չի իդեալական մակարդակի վրա կազմակերպել: Դրա կարիքը կա: Ես կարողացել եմ իմ բոլոր տղաներիn ապահովել ե՛ւ սաղավարտով, ե՛ւ պաշտպանիչ ժիլետներով:

-Դասալիքների մասին ի՞նչ կասեք: Այս օրերին ականատես եղե՞լ եք նման իրավիճակների:
 
- Հիմնական իմ ջղայնանալու առիթը հենց էդ կամավորների փախուստն էր, ովքեր, որ հասնում էին առաջնագիծ, ու զինվորին թողած, զինվորի կողքից փախել էին, որը որ շատ վատ երեւույթ ա, մեր ազգին չսազող: Ավելի ճիշտ կլինի մարդ ուղղակի չգնա՛, չգնա՝ զինվորին դուխաթափ չանի:

Պատկերացնո՞ւմ եք զինվորի վիճակը, երբ կամավորը գնում կանգնում ա կողքը, իրենից տարիքով ավելի մեծ, իբր թե ավելի շատ բան տեսած, զինվորը դրանից դուխավորվում ա, ու հետո էդ երեխու վիճակը, երբ նույն կամավորը թողնում ու փախնում ա: Դա ոնց որ թիկունքից հարված լինի մեր զինվորներին: Էդ ձեւի դասալիքներ եմ տեսել, որ հետ ա եկել, զրուցել եմ հետները, բոլորը միայն անօդաչու սարքերից էին խոսում, բայց թուրքի համար անօդաչուներն էդ առաջին հարվածն ա, որից հետո շատ ավելի հետաքրքիր բաներ ա թուրքերին սպասվում, որը որ ցավոք էդ մեր փախնողները չեն տեսնում: Բայց հիմա ոնց որ դա ավելի կանոնակարգված ա, քան պատերազի առաջին օրերին, արդեն կամավորները վերապատրաստումն անցնելով են գնում ու կցագրված:

Այսինքն՝ նույն զինվորի պատասխանատվությունն են կրում, ինչ պատասխատվություն կկրի զինվորը, եթե դասալքություն անի: Մեկ էլ մի քիչ կոշտություն ա պետք, եթե դիրքից փախնող զինվոր կամ սպա ունենք, ես օրինակ կգնդակահարեի փախուստի ժամանակ, որ բոլորի համար դաս լիներ: Առաջին անգամ, որ առաջնագիծ գնացի, ինձ էն աչքով էին նայում, որ ես էլ հերթական փախնողներից մեկը պետք ա լինեմ:

-Ըստ Ձեզ, ինչի՞ կարիք ունի հիմա բանակը:

- Դուխի, եւ մի փոքր էլ՝ հաջողության: Թշնամին հարձակվելուց իր բոլոր ռեսուրսը ներդրեց ու շատ ցավոտ ա, որի իր օդային հարձակվող ուժերն ա օգտագործում, ու դրանից հետո տեսնում է, որ հայը նահանջում է: Հիմա մեզ Վազգեն Սարգսյան ա պետք, Մոնթե ա պետք, որ ազգին ոտքի հանի, որ անցնենք կոնկրետ գործողությունների: Մենք ժամանակ չունենք, պետք է հստակ գործողություններ անել, այդ թվում առաջնագիծ մեկնել: Վաղը մեկնում եմ առաջնագիծ իմ կամավորների հետ: Հույս ունենամ, որ այս անգամ ետ կվերադառնանք հաղթանակով, ոչ թե զոհված զինվորներին հուղարկավորելու համար: