«Հրապարակ»․ Իշխանությունն ընդդիմությունից խլել է նրա կարգախոսները, նրա դիրքորոշումները

«Հրապարակ»․ Իշխանությունն ընդդիմությունից խլել է նրա կարգախոսները, նրա դիրքորոշումները

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արա Սահակյանը դրական է գնահատում այն, որ ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան։ Նա այդ մասին միշտ է ասել, որ պետք է վերադառնան։

«Լավ է, որ վերադարձել են, ես անդադար եմ այդ մասին ասել, մի պահ, երբ Դիմադրության շարժումը շատ ակտիվ փողոցում էր, այդ ժամանակ տեղին չէր, որովհետեւ դա էլ է պայքարի ձեւ, դա էլ է քաղաքական գործունեության եղանակ, ուղղակի ճիշտ էր վերադառնալը։ Կարելի է ասել՝ իրականացավ իմ ցանկությունը, եւ ես ողջունում եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Սահակյանը։

- Այդ դեպքում ինչո՞ւ էին դուրս եկել, եթե պիտի նորից հետ գային։

- Ոչինչ` նորմալ է, այն ժամանակ դուրս էին եկել, որովհետեւ այն ժամանակ այդպես էր նպատակահարմար, հիմա վերադարձել են, որովհետեւ միշտ էլ դա ճիշտ է։

- Իրենք ասում են՝ մեզ մանդատ է տվել ժողովուրդը, որպեսզի գանք խորհրդարանում ելույթ ունենանք։ Այդ դեպքում մանդատն ինչո՞ւ չէին օգտագործում այս մի քանի ամիսներին։

- Ազգային ժողովում աշխատելն իրենց մշտական կարգավիճակից բխող պարտավորությունն է։ Բայց ժամանակ առ ժամանակ, ինչ-որ իրադարձությունների կապակցությամբ դուրս գալ փողոց, ցույց տալ, որ․․․ այսինքն՝ բոլոր խորհրդարանական եղանակները սպառվում են, եւ դու դիմում ես այլ քայլերի։

- Այսինքն, կարող ենք եզրակացնել, որ հիմա վերադարձել են, սպառված չեն այդ եղանակները` խորհրդարանական։

- Հիմա նորից փորձ է արվում վերադառնալ քաղաքական պրոցեսների մեջ։ Եթե մենք անընդհատ փորձենք բանավիճել, թե ինչու դուրս եկան, ինչու վերադարձան, կընկնենք շրջապտույտի մեջ։ Դա մեզ չի տանի կոնստրուկտիվ խոսակցության։ Կոնստրուկտիվ խոսակցության հուն փոխադրվենք հետեւյալ կերպ, որ գործ կա անելու խորհրդարանում։

- Այն ժամանակ փողոցում գործ կար անելու, փողոցում արեցին՝ լավ չստացվեց, հիմա վերադառնում են խորհրդարան, որ կրկի՞ն փորձեն։

- Կարծենք այդպես։ Բայց եթե Դուք շատ եք պնդում, որ գնահատենք փողոցի արդյունքները, ես պետք է ասեմ, որ փողոցը հսկայական ազդեցություն ունեցավ։

- Ինչի՞ վրա։

- Իշխանության արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով փոխվել է։ Իշխանությունը խլել է ընդդիմությունից նրա կարգախոսները, նրա դիրքորոշումները։

- Իշխանությունը դարձել է հայրենասե՞ր, սկսել է Արցախը, Հայաստանի սահմանները պաշտպանե՞լ։

- Այո, իհարկե։ Ցանկացած երկրում, որտեղ չկա ընդդիմություն, ուրեմն չկա նաեւ երկրորդ կարծիք, չկա նաեւ քննադատություն, եւ իշխանությունը խելքին ինչ փչեց, դա անում է։

- Խելքի՞ է եկել իշխանությունը։

- Անշուշտ։

- Դարձել է լա՞վ իշխանություն։

- Չեմ կարող ասել, բայց այն, որ նա հարկադրված ենթարկվեց ընդդիմության, փողոցի, ես ասում եմ՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, մեր ընդհանուր կարծիքի ճնշմանը, դա ակնառու է։