Պլինտուսից ներքեւ

Պլինտուսից ներքեւ

Լա՞վ արեց, թե՞ վատ ընդդիմությունը խորհրդարան վերադառնալով: Ի՞նչ կարող էր անել: Մանդատները վայր դնել` կպատասխանեք դուք: Իսկ ի՞նչ կլիներ արդյունքում: Ցուցակներում գտնվող հաջորդները մանդատ կստանային ու կգնային խորհրդարան` կպատասխանեն ձեզ: Ընդ որում, կգնային ոչ լավագույնները, ոչ ամենաընդդիմադիրները: Եթե երկու ընդդիմադիր խմբակցություններում մեկ Իշխան Զաքարյան եւ Թագուհի Թովմասյան կա, ապա նորեկների մեջ կլինեին 4-5-ը, եւ դրա արդյունքում իշխանությունը կամրանար, կամրապնդեր իր դիրքերը եւ հանրությանն ի ցույց կդներ իր շարքերի ամրությունն ու ընդդիմության սնանկությունը, խեղճությունը: Այնպես որ, մանդատները վայր դնելը հարցի լուծում չէր եւ քաղաքական ճգնաժամի, առավել եւս` նոր ընտրությունների չէր կարող հանգեցնել: Բայց ակնհայտ է նաեւ, որ այս խորհրդարանն իր մեկ տարուց մի փոքր ավելի գոյության ընթացքում միանգամայն ապացուցել է իր ապաքաղաքական եւ բովանդակազուրկ լինելը: Ու դրա մասին է խոսում ոչ միայն ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների սակավությունը, կառավարության կցորդը լինելու հանգամանքը, այլեւ որպես քաղաքական ամբիոն չգոյությունը:

Իշխանության որեւէ ներկայացուցիչ այս 14-15 ամսվա ընթացքում խելացի, խոր, բովանդակալից ելույթ չի ունեցել, որեւէ բովանդակային բանավեճ ու քննարկում այս դահլիճում չի ծավալվել: Ինչպես ամբողջ երկիրն են իջեցրել կենցաղային «բազառների» ու ֆեյսբուքյան «քֆուրների» մակարդակին, այնպես էլ թիվ մեկ մարմինն են որպես ինստիտուտ ոչնչացրել: Խորհրդարանի հին պատգամավորներին` Գուրգեն Արսենյանին, Վիգեն Խաչատրյանին, Խաչատուր Սուքիասյանին, Հովիկ Աղազարյանին հարցրեք` նախկին խորհրդարաններում դուք ինչո՞վ էիք զբաղված, իսկ հիմա՞ ինչով եք զբաղված: Սա՞ էր ձեր երազած իշխանությունը: