Նիկոլն ավելի արժանի է մերժվելու, քան Սերժը

Նիկոլն ավելի արժանի է մերժվելու, քան Սերժը

Այն, ինչ օգուտ է տալիս Նիկոլին, մեր օրերում չի կարող վնաս չբերել մեր երկրին: Որքան էլ դաժան չհնչի այս դատողությունը, այն ձեռք է բերել աքսիոմի նշանակություն: Աքսիոմը, ըստ բառարանների, գիտական առումով նշանակում է առանց ապացուցման ընդունվող ելակետային դրույթ, իսկ փոխաբերական իմաստով՝ բացահայտ (անվերապահ) ճշմարտություն: Կամ էլ՝ կենցաղային ակնհայտ ճշմարտության, ասենք թե՝ «գիշերին միշտ փոխարինում է լուսաբացը» դատողության կարգի նշանակություն: Բայց կան բազմաթիվ մարդիկ, որոնց համար դա այնքան էլ ակնհայտ չէ: Ճիշտ այնպես, ինչպես վերը բերված կենցաղային դատողությունը՝ ի ծնե կույր մարդկանց պարագայում: Ինչը, իհարկե, չի նշանակում, թե այդ դատողությունը սխալ է: Ուղղակի կա մարդկանց մի խումբ, որ զրկված է այն տեսնելու եւ ըստ այդմ՝ գիտակցելու կարողությունից:

Նույնը կարող ենք ասել Նիկոլի առումով. եթե ոմանք չեն գիտակցում Նիկոլի եւ մեր երկրի միջեւ անհամապատասխանությունը, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Բայց այս դեպքում, ի տարբերություն նախորդի, խնդրի բարդությունն այն է, որ այդ կարգի անձանց թիվը հաշվվում է հարյուր հազարներով, եւ հնարավոր չէ ո՛չ արհամարհել եւ ո՛չ էլ կարճ ժամանակում ինչ-որ բան անել նրանց վերափոխելու ուղղությամբ: Իսկ ժամանակ, դժբախտաբար, մեզ տրված չէ, եւ այդ մասին բազմիցս է ասվել:

Իսկ հիմա անցնենք Նիկոլի համար ընդունելի եւ Հայաստանի համար մերժելի երեւույթին: Նիկոլի ընտանեկան կայքը ներկայացրել էր Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները, ենթադրաբար՝ Նիկոլի կարծիքով: Դրանք են՝ ԼՂ-ի պաշտպանության բանակի լուծարումը, ԼՂ-ի ներառումն Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ կարգավիճակի, միջանցքի տրամադրումը Հայաստանի տարածքով, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը 1919-20 թվականի քարտեզներով, արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանումը: Սա հենց Նիկոլի խաղաղության պայմանագրի սխեման է՝ ինչպես ընկալում է հենց ինքը: Ենթադրում եմ, որ կայքի այս հաղորդումից հետո Ադրբեջանը կավելացնի պահանջները՝ հաշվի առնելով, որ սրանք արդեն կարելի է համարել Նիկոլի կողմից ընդունված: Քանի որ բազմիցս է ասված՝ խաղաղություն մուրալն անընդհատ մեծացնելու է թշնամու ախորժակը:

 Ի դեպ, դա խոստովանում է նաեւ հոդվածագիրը (ենթադրաբար՝ Նիկոլ Փաշինյանը)՝ նշելով, որ «վերը նշված հարցերը թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար»: Այսինքն՝ այն, ինչ ասվեց վերեւում՝ արդեն արձանագրված պահանջներն ընդունելը չի նշանակում, որ դրանք կլինեն վերջնական: Իսկ որպեսզի նոր պահանջներն էլ լինեն ընդունելի Նիկոլի համար, Իլհամը կշարունակի նորանոր տարածքներ գրավել եւ «ՀՀ սուվերեն տարածքներից կրակել ՀՀ սուվերեն այլ տարածքները պաշտպանող հայաստանյան զինվորների վրա»  (մոտավորապես այդպես է, չէ՞, սկսել խոսել Նիկոլը): Այնպես որ, 2021 թվականի հունիսյան խորհրդարանական ընտրությանն ընդառաջ խաղաղ դարաշրջանի վերաբերյալ Նիկոլի հավաստիացումները թե՛ սխալ էին եւ թե՛ գիտակցված սուտ: Եվ եկեք վերհիշենք, թե ինչու 2018-ի ապրիլին մերժեցինք Սերժին. մերժեցինք, քանի որ նա խոսք էր տվել եւ չկատարեց այն: Իսկ Նիկոլը ոչ միայն խոսք է տալիս եւ չի կատարում այն, այլեւ սուտ է խոսում, եւ դա կրկնվում է բազմիցս: Ուրեմն ինքն ավելի արժանի է մերժվելու, ավելի, քան Սերժը: