Սա ամենադաժան բանն է, որ կարող էր լինել

Սա ամենադաժան բանն է, որ կարող էր լինել

Արցախցիների համար նախատեսված բարեգործական համերգը, որը կրում է «Արցախը մունք ենք» խորագիրը, իշխանական արբանյակների մոտ քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ իշխանական ֆեյքերը նեղսրտել են, որ հայ երգիչները բարեգործական համերգ են կազմակերպել դեկտեմբերի 7-ին` Սպիտակի երկրաշարժի հիշատակի օրը: Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականին եւ համերգն էլ ոչ թե տաշի-տուշի է, այլ նվիրված է Արցախին եւ հասույթն էլ փոխանցվելու է կարիքի մեջ գտնվող, բռնի տեղահանված արցախահայերին:

Համերգին երգելու են` Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը Մրո, Գայա Արզումանյանը, Սոնան, Ռուբեն Սասունցին և Լիանան: Այն, որ այս իշխանությունների թեթև ձեռքով բռնի տեղահանված մեր հայրենակիցները գաղթի ճամփան բռնեցին, սա, փաստորեն, չի մտահոգում իշխանական ֆեյսբուքչիներին, որոնք կերուխումեր եւ համերգներ են կազմակերպել եւ 2020-ից հետո, եւ Արցախի կորստից եւ հիմա էլ գրեթե չեն հիշում 5 հազարից ավելի մեր զոհերին, բայց փաստորեն հիշում են 1988-ի երկրաշարժի զոհերին եւ ի հարգանս նրանց` կարծում են, որ դեկտեմբերի 7-ի ոչ մի միջոցառում չպետք է կազմակերպվի: 

Երգիչ Արսեն Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ ոչինչ հատուկ չի արվել, համերգի օրվա ընտրության հետ կապված երգիչները չունեն որևէ մասնակցություն, օրն ընտրել են կազմակերպիչները. «Դիտավորյալ ոչինչ չի արվել: Աչքովս ընկավ, որ ինչ-որ մարդիկ քննադատում են: Ես պարզապես իմացա, որ բարեգործական համերգ է և համաձայնեցի դրան մասնակցել: Այն, ինչ օգնում է արցախցիներին, փորձում ենք խթանել», - նշում է երգիչը:

Թե ինչ օգնություն են ցուցաբերելու, Սաֆարյանն ասում է` չգիտի, սակայն վստահ է, որ գաղափարը կարևոր է. «Ես զուտ համաձայնել եմ երգել, որովհետև գաղափարը կարևոր է, անկախ նրանից, թե դա ինչ պրոյեկտ է, եթե Արցախի համար է, ուրեմն կարևոր է: Հնարավորինս մեր հայրենակցիներին պետք է օգնենք, այսօր գոնե դա կարող ենք անել: Արցախցիներն ամեն ինչի կարիք ունեն` հոգատարության, գումարի, աշխատանքի, որն ի դեպ շատ կարևոր է: Իմ տանն էլ այս պահին կա մի արցախցի ընտանիք, որին ամեն հնարավոր ձևով փորձում եմ օգնել, որպեսզի նաև մարդիկ աշխատանք ունենան: Նրանք աշխատող ժողովուրդ են, չեն սիրում նստել և սպասել, թե ով գումար կտա: Հայաստանում մարդիկ մեծ սիրով են արցախցիներին հյուրընկալում, սա շատ կարևոր փաստ է: Ամեն ինչ կորցնել ու դուրս գալ հայրենիքից, սա ամենադաժան բանն է, որ կարող էր լինել», - եզրափակում է Սաֆարյանը: