ՌԴ-ի նավթագազային սեկտորից ստացված եկամուտները զգալի նվազել են

ՌԴ-ի նավթագազային սեկտորից ստացված եկամուտները զգալի նվազել են

Համաձայն Ռուսաստանի Հաշվիչ պալատի տվյալների, ՌԴ դաշնային բյուջեում նավթագազային սեկտորից ստացված եկամուտները եղել են ամենաքիչը վերջին 16 տարում՝ կազմելով համախառն եկամուտների 28,3 տոկոսը՝ ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազումը կազմել է 15 տոկոս, կամ 2,9 տրիլիոն ռուբլի։

Պատճառը, ըստ մասնագետների, օգտակար հանածոների արդյունահանման հարկային մուտքերի նվազումն է, ինչպես նաեւ՝ էներգառեսուրսների արտահանման մաքսերի նվազումը։ Երրորդ պատճառը, ըստ ՌԴ Հաշվիչ պալատի մասնագետների, Urals տեսակի նավթի միջին գնի նվազումն է 82,9 դոլարից մինչեւ 55,9 դոլարի։ Ազդել են նաեւ նավթային ոլորտի հարկային մանեւրն ու հանքերի համար վճարվող հարկային եկամուտների, ոլորտի հետ կապված ավելացված արժեքի հարկից ստացված եկամուտների նվազումը։