Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում է, նախագահական չի տեղափոխվել

Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում է, նախագահական չի տեղափոխվել

Տպավորություն է, որ Հանրապետության հրապարակում նստացույց անող ընդդիմությունն իր ելույթները կառուցում է այն կանխավարկածով, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է կառավարության շենքում և յուրաքանչյուր պահի լսում է «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ հողատու» վանկարկումները, տրված վերջնագրերը։ Արդյոք այդպե՞ս է։ Նաև եթե նկատի ունենանք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի դեպքերից հետո հարձակման ենթարկված վարչապետական մասնաշենքը վերանորոգվում է, և, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը չի կարող աշխատել «ռեմոնտ» արվող տարածքում։ Գուցե նա գնացել է նախագահակա՞ն՝ գլուխն ազատելով ընդդիմության ձայներից։ 

Հարցն ուղղեցինք Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին, որն ասաց, որ վարչապետն այլ շենք գնալու խնդիր չունի։ Ինչ վերաբերում է նախագահականին, ապա «այդ շենք գնալը զուտ արարողակարգային է։ Եթե լինում են ինչ-որ հանդիպումներ, որ այլ շենքում են արվում, իհարկե, արվում են, իսկ եթե չկա նման խնդիր, ոչ»։

Մանե Գևորգյանը հավելեց, որ այս ընթացքում, օրինակ, եղել է դեպք, երբ ՌԴ պատվիրակության հետ հանդիպումները եղել են Բաղրամյան 26-ում։

Ինչ վերաբերում է վերանորոգմանը, ապա Մանե Գևորգյանն ասաց. «Շենքի վերականգնողական աշխատանքներն արվել են այդ դեպքերից անմիջապես հետո, և անցել ենք բնականոն աշխատանքի»։

Իսկ ամենօրյա հանրահավաքը, ելույթները, նաև երաժշտություն է հնչում, չե՞ն խանգարում, Մանե Գևորգյանը պատասխանեց․ «Ոչ, չի խանգարում, երաժշտությունը քաղաքապետարանը, կարծում եմ, վերահսկում է, որ թույլատրելիից ավելի բարձր չլինի, և ես երեկ մինչև երեկոյան ուշ ժամն աշխատելիս եմ եղել, և երբ համապատասխան ժամը եկավ, երաժշտությունն անջատվեց»։