Երեւանի առաջնային եւ ամենակարեւոր խնդիրը կառավարման խնդիրն է

Երեւանի առաջնային եւ ամենակարեւոր խնդիրը կառավարման խնդիրն է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

- Մայրաքաղաք Երեւանում թեեւ նախընտրական քարոզարշավ չէ, սակայն նախընտրական կրքերը եռում են: Իշխանությունների «սրտի» թեկնածուն Տիգրան Ավինյանն է: Ավինյանն ընտրության նախաշեմին հրամայել է Կասկադում ծառեր կտրել, թատրոններ է փակում, երեկ էլ խոսեց նոր կենդանաբանական այգի կառուցելու մասին: Ասել է թե՝ կենդանիների համար ավելի լավ պայմաններ են ստեղծում:

- Արդեն ծառ կտրելը վերածվել է կատակի: Ասում ենք` ծառերն էլ էին դժգույն եւ դժբախտ: Քաղաքապետարանը հայտարարում էր, որ պատրաստվում են 500 հազար ծառ տնկել, սակայն հինգ տարվա ընթացքում կտրեցին ամենահին ծառերը, եւ ի՞նչ: Այսինքն` հիվանդ ծառերը բուժելու փոխարեն դրանք կտրեցին: Ամբողջ աշխարհում ընդունված է հիվանդ ծառերը բուժել, սակայն մեզանում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Ի՞նչ են ուզում անել. կտրել բոլոր հին ծառերը, որպեսզի հնից ոչինչ չմնա՞: Ինչ վերաբերում է կենդանաբանական այգուն, ապա շատ տրամաբանական է, որ այգու տարածքը, լինելով բավականին լավ, շահեկան հատված, կառուցապատման համար հայտնվել է կառավարության, այս պարագայում՝ կառավարության մասնիկ, կամակատար քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Չի բացառվում, որ քաղաքապետարանն ինչ-որ մեկին խոսք է տվել կենդանաբանական այգու տարածքը` նոր թաղամաս կառուցելու համար: Կառավարությանը հորդորում եմ՝ սահմաններում լավ պայմաններ ստեղծել զինվորի համար, ոչ թե կենդանիների համար: Սահմաններում կա կահավորման խնդիր: Ադրբեջանական զորքերը քայլ-քայլ առաջ են գալիս, գուցե այդ մասին մտածեն, եթե գումար կա, գուցե զենք առնեն եւ մտածեն հայրենիքը պաշտպանելու մասին: Այսօր փակուղային վիճակի մասին են խոսում, ժողովրդին զիջումների են տրամադրում: Հավանաբար կասեն` կենդանաբանական այգին եւս հին է եւ «Նոր Հայաստանի» ստանդարտներին չի համապատասխանում: Սեւ է երեւի….

- Ձեր կարծիքով` այս պահին ի՞նչ առանցքային խնդիրներ կան Երեւանում: Դրանցից մի քանի կարեւորի մասին եկեք խոսենք:

- Երեւանի առաջնային եւ ամենակարեւոր խնդիրը կառավարման խնդիրն է: Այս իշխանությունները կառավարել չգիտեն: Այս մարդիկ կարեւորն անկարեւորից տարբերել չեն կարողանում: Հերթական անգամ հայտարարում են ծառեր տնկելու մասին: Լավ, ես չեմ հասկանում, եթե հինգ տարի շարունակ ծառ չեք տնկել, հիմա ինչո՞ւ եք մանիպուլացնում հասարակությանը: Քաղաքապետարանում եւ թաղապետարանում փաստաթղթեր են կորում, հարցեր են առաջանում, ամեն ինչ իրար են խառնում, ի՞նչ է սա նշանակում, նշանակում է, որ չկա կառավարման փորձ: Ի՞նչ էական է, թե քաղաքում ինչ խնդիրներ կան, եթե այս մարդիկ կառավարել չեն կարողանում: Օրեցօր քաղաքում խցանումներն ավելի են շատանում: Այս իշխանությունները չունեն ոչ մի խնդրի լուծում:

- Ամեն անգամ` ընտրություններից առաջ, բոլոր ժամանակների քաղաքապետի թեկնածուները խոստանում են լուծել արդեն անլուծելի թվացող տրանսպորտի խնդիրը, սակայն ընտրվում են, պաշտոնավարում, միլիոններ ստանում, իսկ տրանսպորտի հարցը մնում է չլուծված:

- Տրանսպորտի հետ կապված կարող եմ մի դրական փաստ արձանագրել: Վերջիվերջո, այս մարդիկ հասկացան, որ քաղաքային տրանսպորտը պետք է լինի քաղաքապետարանի պետական հանգույց: Ես դրան կողմնակից եմ, սակայն պետք է տեսնել, շոշափել աշխատանքը: Հետո ո՞նց են կարողանալու իրագործել, արդյո՞ք կարող են կանգառներ սարքել: Օրինակ, Երեւանի կենտրոնում` Ամիրյան փողոցում, ընդամենը փեղկ ես տեսնում եւ նոր միայն հասկանում, որ դա կանգառ է: Մեծագույն խնդիր է սա: Ոչինչ չի ասվում եւ ոչինչ չի արվում: Խոսք անգամ չկա այն մասին, թե ինչպես պետք է Երեւանի կենտրոնը թեթեւացնել խցանումներից: Մենք առաջարկում ենք դրա լուծումը` պետք է ավտոկայանատեղիներ կառուցվեն, դա ուղղակի անհրաժեշտություն է: Մեծ կարեւորություն ունեն նաեւ Երեւանի վթարային շենքերը: Մենք գտնվում ենք սեյսմիկ ակտիվ գոտում: Բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Թուրքիայում եւ Սիրիայում: Տասնյակ տարիներ է արդեն՝ Երեւանում կան վթարային շենքեր: Ամեն անգամ ասում ենք, որ այս մարդիկ ինչ-ինչ բաներ չեն անում, սակայն ես եկել եմ այն եզրակացությանը, որ ոչ թե չեն անում, այլ չեն կարողանում անել: Ինչ-որ բան անելու համար նախ պետք է կազմակերպել, իրագործել: Փաստացի` փող կա, բայց աշխատել չեն կարողանում: Նախորդ տարի չկարողացան, նախորդի նախորդն էլ չկարողացան, դրանից առաջ էլ չկարողացան, ու այդպես շարունակ:

- Չնայած Երեւանում նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, սակայն Տիգրան Ավինյանը դեռ ամիսներ առաջ է սկսել նախընտրական քարոզարշավը: Տպավորություն է, թե բոլոր հնարավոր եւ անհնար ձեւերով ցանկանում են իշխանությունը պահել: Ի՞նչ եք կարծում` նրանց կհաջողվի՞ վարչական լծակների կիրառմամբ ընտրություններում եւս մեկ անգամ հաղթել:

- Իշխանությունները դեռ մի բան էլ մեր պատկերացրածից ավելին են անելու՝ իշխանությունը պահելու համար: Խոսում են այն մասին, թե ինչ պետք է անեն, եթե ընտրվեն: Հասարակությունը՝ ինքը, պետք է գնահատի, թե ինչու հինգ տարի շարունակ այսքան բան չի արվել:

- Եթե խորհրդարանական ընդդիմությունը որոշի մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին, հնարավո՞ր է սա կրկին դառնա սեւ ու սպիտակի պայքար, իսկ արդյունքում կրկին հաղթի սպիտակը:

- Իշխանությունների երազանքը թերեւս այն է, որ նախկին իշխանությունները մասնակցեն ընտրություններին: Ես խնդրանքով դիմում եմ խորհրդարանական ընդդիմությանը, որպեսզի այս անգամ նրանք մնան դիտորդի կարգավիճակում: Այն թեզը, որ հները կարող են վերադառնալ եւ նորից կթալանեն, փոխում է իրավիճակը: Ժողովուրդն արդեն հոգնել է, զզվել է քաղաքական պրոցեսներից: Տարիներ շարունակ միայն խոստումներ են հնչում, եւ ոչինչ չի արվում: