Աղանդավորությա՞ն հետ գործ ունենք

Աղանդավորությա՞ն հետ գործ ունենք

Մինչեւ կեսգիշեր ֆեյսբուքում բանավիճում էի նախագահի թեկնածու Բաբայան-Մայիլյան դաշինքի համակիրների հետ: Առիթը «Միասնական հայրենիք» կուսակցության տարածած մի լուսանկար էր: Նախընտրական հանդիպմանը դպրոցական երեխաներ էին մասնակցել, նրանց ձեռքին կուսակցության լոգոյով տոպրակներ էին:

Գրել էի՝ «հիմա սա համարենք ընտրակաշա՞ռք»: Պատաասխանեցին, որ մինչեւ 3000 դրամ արժեցող նվիրատվությունը կաշառք չէ: Չգիտեմ՝ ով է այդպես սահմանել, բայց կարեւորը դա չէ: Ընդդիմախոսներս համառորեն պնդում էին, որ անցած տարիներին Արցախում ոչ մի տնտեսական աճ էլ չի եղել, պետական վիճակագրական ծառայությունն ուղղակի թվեր է նկարել: Ստիպված էի google-ում տվյալներ փնտրել: Այս պահին ստույգ թվեր չեմ հիշում, մոտավոր պատկերն այս է. 2001թ. ԼՂՀ բյուջեն 4 միլիարդ դրամից մի փոքր էր ավելի: Ընդ որում, 2,5 միլիարդը՝ Հայաստանից տրվող միջպետական վարկ: 2008 թ. բյուջեն ավելի քան 50 միլիարդ դրամ է կազմել, որից սեփական եկամուտները՝ 19 միլիարդ: Այսինքն ութ տարում Արցախում հավաքագրվող հարկերն աճել են ավելի քան տասը անգամ:

2020թ. բյուջեն  122 միլիարդ է, 56 միլիարդ սեփական եկամուտներով: Ես տնտեսագետ չեմ, խորքային վերլուծություն չեմ կարող անել: Միայն արձանագրում եմ, որ եթե 2001թ. Արցախի կառավարությունը կարող էր ծախսել  4 միլիարդ դրամ, ապա այսօր՝ 122: Պետական ծախսերն, ուրեմն, աճել են  30 անգամ: Այդ գումարներով աննախադեպ կապիտալ շինարարություն է իրականացվել, ենթակառուցվածքներ են ստեղծվել, արդիականացվել: ԽՍՀՄ կազմում 70-ամյա գոյության ընթացքում Արցախում այնքան մանկապարտեզ, դպրոց, մանկապատանեկան մարզադպրոց, ստեղծագործական կենտրոն չի կառուցվել, որքան՝ վերջին երկու տասնամյակներին, գազաֆիկացվել են գրեթե բոլոր բնակավայրերը, ամենուր հասանելի է բջջային կապը, համացանցը, արմատապես բարելավվել են ավտոճանապարհները: Եւ ի՞նչ են առարկում ընդդիմախոսներս: Պարզվում է, նրանք շրջել են մայրաքաղաքի շինանյութերի խանութներով եւ տեղական արտադրության ոչ մի ապրանք չեն տեսել:

Ասում եմ՝ Վրաստանն ու Ռուսաստանն էլ թուրքական արտադրության շինանյութեր են սպառում: Պատասխանում են՝ իսկ ի՞նչ կասեք պտուղ-բանջարեղենի խանութների մասին, որտեղ տեղականը միայն դդումն է: Առաջարկում եմ մտնել մեր թաղամասի փոքրիկ շուկա, որտեղ ամեն ինչ տեղական արտադրության է՝ կաթ, ձու, պանիր, կարագ, կաթնաշոռ, կարտոֆիլ, կանաչի: Մի-երկու շաբաթ՝ եւ վաճառասեղաններին կհայտնվեն տեղական ջերմոցային վարունգն ու լոլիկը: Բայց նրանք, միեւնույն է, շարունակում են պնդել, որ Արցախում ոչ մի տնտեսական աճ չի եղել, ամեն ինչ թվանկարչություն է: Բերում եմ եւս մի փաստարկ:  Կար ժամանակ, ասում եմ, Ստեփանակերտում երկու «Մերսեդես» էինք տեսնում: Մեկը պետական, սպասարկում էր նախագահ Արկադի Ղուկասյանին, մյուսը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանինն էր: Այսօր «Մերսեդես»-ը Ստեփանակերտ-Երեւան երթուղու տաքսի մեքենա է: Մի պահ լռում են, հետո, այնուամենայնիվ, դնում իրենց կնիքը. «Մեկ ա, Արայիկը չպիտի նախագահ լինի»: Սա արդեն հոգեկան վիճակ է, որ ներշնչվել է հասարակության մի չնչին հատվածի: Կամ գործ ունենք ներդրված աղանդավորության հետ:

Լուսանկարը՝«Միասնական հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջից