Չնայած փոքր ու մեկուսացված տնտեսությանը, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները կզգացվեն նաև Հայաստանում

Չնայած փոքր ու մեկուսացված տնտեսությանը, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները կզգացվեն նաև Հայաստանում

Համաշխարհային տնտեսությունը CNN-ի հաղորդմամբ արդեն 9 տրիլիոն դոլար է կորցրել կորոնավիրուսի պատճառով։ Ինչպես հաղորդել է  Bank of America-ն, համաշխարհային ֆոնդային բիրժաները 9 օրվա ընթացքում այդքան գումար են կորցրել։ Ֆոնդային բորսաների անկումը նկատվել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում և Ասիայում։ Ճապոնիայի առանցքային Nikkei 225 -ը մարտի 6-ին ընկել էր  2,7% տոկոսով,  Հյուսիսային Կորեայում  2,2%, Հոնկոնգյան ֆոնդային բորսայինը՝  2,3%։

Bloomberg Economics -ի հաշվարկներով՝ համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի հետագա տարածումը կարժենա 2․7 տրիլիոն միլիարդ դոլար։ Մասնագետները  հաշվարկել են հնարավոր զարգացումների 4 սցենար։ Դրանցից ամենալավատեսականն այն է, որ Չինաստանը կկարողանա առաջիկայում իրավիճակն իր ձեռքն առնել։ Այս պարագայում միմիայն Չինաստանի տնտեսությունը կտուժի և կսկսի առողջացման նշաններ ցույց տալ տարվա երկրորդ կիսամյակում։ Մյուս սցենարով՝ Չինաստանը չի կարողանալու օպերատիվ կերպով ներազդել հիվանդացության վրա։ Այս դեպքում տուժելու են  վիրուսի հետագա տարածման ենթակա հարևան երկրների տնտեսությունները։ Երրորդ սցենարը այն է, որ երկրներում, ուր արդեն իսկ ներթափանցել է վիրուսը, լինեն համաճարակի բռնկումներ։ Առավել կտուժեն Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Նման ռիսկի ենթակա են նաև ԱՄՆ-ը, Բրազիլիան, Կանադան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։  Համաշխարհային տնտեսությունը այս սցենարի դեպքում կունենա 1․2 տոկոս աճ, իսկ Եվրոպային և Ճապոնիային կսպասի ռեցեսիա։ Վատագույնը չորրորդ սցենարն է․պանդեմիան կտարածվի երկրագնդով մեկ, այդ պատճառով համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել 2, 7 տրիլիոն դոլար։ Որևէ տնտեսական աճի մասին խոսք լինել չի կարող։ 

Ընդունված կարծիք կա, որ Հայաստանի վրա, որն ունի  փոքր ու մեկուսացված տնտեսություն, համաշխարհային գլոբալ գործընթացները չեն ազդում։ Մեզ հետ զրույցում Բանկերի միության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ կրկնեց․«Մենք էդպես չենք մխրճված  համաշխարհային էկոնոմիկայի մեջ, որ մտածենք, թե մեզ ոնց ա խփելու։ Մեզ կարող է խփել էն երկրներից, որոնց հետ ամենասերտ կապն ունենք, Ռուսաստանն է, ՌԴ-ի վրա էլ ազդեցություն առանձնապես չեմ տեսնում»։

Այլ բան է, որ ըստ Ճզմաչյանի, սա իր անդրադարձը կունենա զբոսաշրջության, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսների, ավիափոխադրողների վրա։ Առհասարակ, նրա խոսքով՝ կորոնավիրուսը հարվածել է այն երկրներին, որտեղ զարգացած է զբոսաշրջությունը։ Ճզմաչյանն ինքը կորոնավիրոսը համարում է ավելի շատ տնտեսական գործոն ու պատերազմ երկու երկրների միջև՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի։

Այնուամենայնիվ, Ինչպե՞ս սա կանդրադառնա Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ այսօրվա դրությամբ Չինաստանը Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է, սակայն այս երկրի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության պատկերը հեռու է գոհացուցիչ լինելուց։ 2018 թվականի տարեկան տվյալներով՝ Չինաստանից ներմուծումը կազմել է 663․8 դոլար, արտահանումը՝ 382․8։ Տվյալները վերցված են ՀՀ արտգործնախարարության Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերությունների մասին բաժնից։ 2017-ին ներմուծման ցուցանիշը կազմել է  477.7, իսկ արտահանումը՝ 274․0։ Հիմնականում՝ արտահանում ենք հանքահումք՝ պղինձ, որը 2018-ին կազմել է Հայաստանից Չինաստան արտահանման 88 %-ը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ նկատեց, որ համաշխարհային շուկայում պղնձի պահանջարկի նվազման հետևանքով 
վերջին օրերին  մեկ տոննայի հաշվով պղնձի գները իջել են 150 դոլարով, ինչը նշանակում է, որ մեր տնետեսության վրա սա անդրադառնալու է։

«Մեր արտահանման մեջ մեծ տեսակարար կշիռ ունի պղինձը, և եթե սա երկար շարունակվի, մենք առևտրային հաշվեկշռի մասով խնդիր կունենանք՝ արտահանումը կնվազի, դա էլ իր հերթին կնպաստի մեր դրամի արժեզրկմանը, ինչը նկատվեց էսօր, երբ դրամը արժեզրկվեց մի քանի դրամով»,-ասաց տնտեսագետը։ Դոլարի փոխարժեքը այսօր  վաճառքի դեպքում կազմում է միջինը՝ 483, (մի քանի օր առաջ 479 էր) եվրոյինը՝ 545, առավելագույնը՝ 548, իսկ ռուսական ռուբլին  վերջին օրերին 7․04-ից  իջել է միջինը՝ 6․50։ Որոշ բանկերում նվազագույն փոխարժեքը 6․19 է, իսկ առավելագույնը՝ 6․80։ «Ռուսաստանում մեկ դոլարը հասել է 72 ռուբլու, էնտեղ էլ բավականին կտրուկ անկում եղավ նավթի համաշխարհային գների պատճառով։ Իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանի տնտեսական պրոցեսները մեզ վրա ուղիղ ազդեցություն են թողնում»։ 

Սուրեն Պարսյանը նկատում է՝ շատ դժվար է ասել, թե մեր բյուջեի որ մասն է լցվում հանքարդյունահանումից, բայց որ այն ապահովում է մեր արտարժույթային հոսքերի 30 տոկոսը և կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 6 տոկոսը։ Եվ նաև այստեղ են աշխատում Հայաստանի բարձր վարձատրություն ստացող աշխատողները, որոնց միջին աշատավարձը կազմում է 400 հազար դրամ։ Այսինքն՝ այս ոլորտի հետևանքները, Պարսյանի խոսքով, հնարավոր չէ, որ մեծ ազդեցություն չթողնեն Հայաստանի տնտեսության վրա։  Հատկապես, եթե նկատի ունենանք, որ հատկապես վերջին տարիներին ոչ մի բան չի արվել տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Այսինքն՝ ինչպես կախված ենք եղել, այնպես էլ շարունակում ենք կախված մնալ մոլիբդենի ու պղնձի արդյունահանումից։ «2019-ին արտահանվել է ավելի շատ պղինձ, քան նախորդ տարիներին, այսինքն՝ մենք ի հաշիվ հաջորդ սերունդների ապահովում ենք տնտեսական  աճ։ Եվ եթե մենք 2019-ի 7․6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը նայենք, ապա դրա 1․8 տոկոսն է կազմում հանքարդյունաբերությունը, իսկ էդ 1․8-ի երևի թե 0․8 տոկոսը գրանցվել է ի հաշիվ հանքարդյունաբերության։ Այսինքն՝ եթե չունենայինք հանքարդյունաբերության այդպիսի գերարդյունահանում և արտահանում, մենք չէինք ունենա էդ 0․8 տոկոս տնտեսական աճը»,-ամփոփեց տնտեսագետը։

Նա նկատում է, որ կառավարող ուժը հիմա այս առումով կարճաժամկետ կտրվածքով ինչ-որ քայլեր չի կարող անել, բայց երկարաժամկետ անպայման պետք է մշակվեն քայլեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Չինաստանի հետ ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն:

Չնայած որ հարևան ենք, ապրանքաշրջանառության առումով Հայաստանի հետ Իրանը 6-րդ տեղում է որպես ՀՀ արտաքին առևտրի գործընկեր։ 2018-ին ներմուծել են 269 մլն․ դոլարի ապրանք, արտահանել՝ 94 միլիոնի։ Արտահանվող հիմնական արտադրատեսակներն են՝ էլեկտրաէներգիա, միս, անտառանյութ, մետաղի թափոններ:

Ներմուծվող հիմնական արտադրատեսակներն են՝ գազ, նավթամթերք, պոլիմերներ, պարարտանյութ, շինանյութեր: