Սամվել Կարապետյան․ զտարյուն հայրենատեր

Սամվել Կարապետյան․ զտարյուն հայրենատեր

Օրհնյալ է ծնունդդ՝ Սամվել Կարապետյան, քո ամեն մի քայլը Հայոց ճանապարհներին՝ որտեղ էլ ոտք դնեիր, որ անկյունն էլ քննելիս ու չափագրելիս լինեիր՝ մեր անթաղ Պատմությունն էիր ջանում ժառանգել գալոց՝ այն սերունդներին, որոնց համար հայրենյաց տարածքները համարում էիր նվաճելի։ Նվաճել էիր այդ տարածքները տասնամյակներ շարունակ՝ քրտնաջան, անկորնչելի ոգով, մեն մենակ, հանդգնորեն և ինքնագիտակից։ Քո նախնյաց, Բաղդասար պապի և Գևորգ հոր՝ Վան-Վասպուրականի տոհմականչին էիր միշտ ունկնդիր՝ ոգեսնող արշավներիդ լուսաբացներին ու մայրամուտներին, Վանա ծովի համբերությամբ լեցուն, միշտ ականջալուր Ագռավաքարի խորքերից լսվող Փոքր Մհերի ձայնին․ դու լսում էիր նրա ձայնը, դու եզակի սպասյալն էիր Մհերի դռան, քեզ համար գարին մասուր էր դարձել, մասուրի հոտավետությունը զգում ու շնչում էիր, այդ աստվածային բուրմունքը մեզ հորդորող հայացքով էիր ուղղորդում՝ քեզ բնորոշ համեստությամբ ու անվեհեր վստահությամբ՝ շշնջալով․ «Վաղը ուշ, շատ ուշ կլինի, եթե հիմա․․․ չենք ուշացել»։

Միշտ շտապում էիր, իմ թանկ եղբայր, շտապում էիր նույնիսկ մահվանդ ընդառաջ գնալու, աներկյուղ գիտեիր «գործը մնայ յիշատակող» պատգամի անխոցելիության ճշմարտությունը։ Հիմա Դու մշտաբար ներկա ես լինելու քո հետմահու բոլոր արշավներին՝ հուշարձաններ ու բնակավայրեր հայտնաբերելու համար․ Մշո դաշտում, Կուռտիկ լեռն ի վար, Արածանիի ափերին, Կարսա բերդի անկյունադարձերին, Սարիղամիշի, Բինգյոլի անտառներում, Պարսկահայքի ոլորաններին, Արցախ աշխարհի եկեղեցադուռն արահետներին, քո օրհնյալ ոտնահետքերը անջնջելի են որպես լայնահուն բացված հուսո ճանապարհներ։ Դու այնքան կատարելապես ես նույնացել ամենուր հանդիպող ժայռախոխոջ ու լեռնավայրերում բխող աղբրակներին, որ ամեն տեղ թողել ես մի-մի Սամվելի Աղբյուր․ սա քո թողած ժառանգությունն է․ սերունդները անհագուդորեն պետք է խմեն ու չհագենան․․․

Հ․Գ․ Արդ, ժամանակն է, որ  «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ին տրվի պետական կարգավիճակ և կոչվի Սամվել Կարապետյանի անվամբ։ 
   

Ա․Անդրանիկեան