Միգուցե որոշ մարդկանց պոչ ենք տրորել, որոշ մարդիկ դիսկոմֆորտի մեջ են մեր ծառայությունից․ Արթուր Ումրշատյան

Միգուցե որոշ մարդկանց պոչ ենք տրորել, որոշ մարդիկ դիսկոմֆորտի մեջ են մեր ծառայությունից․ Արթուր Ումրշատյան

Օրերս մամուլում գրվել էր, թե պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի գլխին սև ամպեր են կուտակվում, ու հնարավոր է՝ նրան ազատեն պաշտոնից։ Վերջերս լրագրողները ֆիքսել էին, թե ինչպես է Ումրշատյանն առանց ամրագոտու երթևեկում, հետո խոսվում էր նաև պարեկային ծառայությունում թույլ տրված չարաշահումների մասին, մասնավորապես գրվեց, թե պարեկային ծառայության մի շարք ավտոմեքենաների կատալիզատորները հանվել ու վաճառվել են: 

Hraparak.am-ի հետ զրույցում Արթուր Ումրշատյանը մեր հարցին, թե դժգո՞հ են իր աշխատանքից, ասաց․ «Իմ աշխատանքից հասարակությունը պիտի գոհ ու դժգոհ լինի»։

-Իսկ ղեկավարությո՞ւնը։

-Դե, ղեկավարությունն էլ հենվելու է հասարակության կարծիքի վրա։

-Այսինքն՝ այսքան ժամանակ Դուք տեսել եք, որ ղեկավարությունը հասարակության կարծիքո՞վ է առաջնորդվել ինչ-որ մեկին նշանակել-ազատելիս։

-Իհարկե, իմ հետ կապված, համենայնդեպս, գործունեությունս էդպես է ապացուցել։

-Բայց Ձեզ հետ կապված, երբ Ձեզ նշանակել են, հասարակության կարծիքը չեն հարցրել։

-Դե, էդ ժամանակ ես հասարակական գործունեություն չեմ ծավալել էս իմաստով, այսինքն՝ իմ ծառայությունը չի եղել հասարակության հետ կապ ունեցող, իսկ հիմա լրիվ բնույթը փոխվել է, ու կոնկրետ պարեկային ծառայության գնահատականը հասարակությունն է տալիս։

-Ամեն դեպքում, Ձեր ղեկավարությունը Ձեր աշխատանքից գո՞հ է, դժգոհություն չի՞ հայտնել։

-Ես ասում եմ՝ դժգոհություն չեն հայտնել, ինձ չեն ասել նման բան, չգիտեմ։

-Մամուլում գրվեց, որ պարեկային ծառայությունում չարաշահումներ կան, մեքենաների վրայից կատալիզատորներ են հանվել։

-Ոստիկանությունը օֆիցիալ հերքել է դա։

-Պարեկների աշխատանքից, ամեն դեպքում, դժգոհություն կա, շատ ենք լսում, որ պարեկները չեն տիրապետում օրենսդրությանը, հաճախ չարաշահում են իրենց լիազորություններն ու անհարկի տուգանում են քաղաքացիներին։

-Պարեկային ծառայությունը ոստիկանության արտաքին ծառայություն է, ու անկախ ամեն ինչից՝ միշտ էլ հասարակության որոշակի շերտեր են լինելու, որոնք գոհ են լինելու որոշակի շերտեր կլինեն, որոնք դժգոհ կլինեն։ Չկա աշխարհում ոստիկանական նման ծառայություն, որից հասարակության բոլոր շերտերը գոհ կլինեն։

-Մի խոսքով՝ Ձեզ հետ կապված որևէ փոփոխություն առաջիկայում չի սպասվո՞ւմ։

-Դուք լավ գիտեք համակարգը, որ հիերարխիկ համակարգ է, դե, բնական է, միգուցե որոշ մարդկանց պոչ ենք տրորել, որոշ մարդիկ դիսկոմֆորտի մեջ են մեր ծառայությունից, բայց ոչինչ՝ մենք նույն տեմպով, նույն սոցիալական արդարության բարձր նշաձող սահմանած՝ գնալու ենք առաջ։

-Իսկ այդ որոշ մարդիկ ովքե՞ր են, անուներ գիտե՞ք, թե ում «պոչն եք տրորել» կամ ովքեր են ընկել Ձեր ոտքի հետևից։ 

-Անուններով չեմ կարող ասել, ես ենթադրում եմ, որովհետև անգամ լրագրողների կողմից էսպիսի բան կար։ Այսինքն՝ գունագրաֆիկայով կամ փարոսիկներով մեքենայի դեպքում օրենքը թույլատրում է, որ վարորդը ամրագոտի չգցի, չնայած՝ ես խիստ էդ հարցը դրել եմ, ու պարեկային ծառայողներն իրենք են ամրակապված երթևեկում, իսկ էդ օրը, երբ որ նկարել են, դա էն օրն էր, որ մոտոներն իջեցնում էի գործարկման, ու ես շատ ինտենսիվ խոսակցության մեջ էի և՛ կազմակերպիչների հետ, և՛ ուղեկցողի հետ, և՛ կապով մոտոների հետ, ու առաջին անգամ էր, երբ Մասիվից մոտոներն իջեցնում էի Հրապարակ։ Ու պարզ ասեմ, բացառիկ դեպք է լինում, որ կարող է, ասենք, մեքենա նստել-իջնել լինի կամ արագ ինչ-որ գործողություն անել, ու ես չամրակապվեմ։

-Այսինքն՝ համակարգում մարդիկ կան, որոնք Ձեր դե՞մ են աշխատում, թե՞ դրսից ավելի շատ։

-Ես համակարգի մասին չասացի։ Ես Ձեզ պարզ ասեմ՝ լրագրողական հանրույթից էլ կան, ինչո՞ւ չէ։

-Ամենակարևորը՝ Դանիել Իոաննիսյանը գո՞հ է Ձեր աշխատանքից։

-Իրեն հարցրեք, չեմ կարծում, որ ծառայությանը գնահատական տվողը Դանիել Իոաննիսյանն է։ Հավասարաչափ Դուք էլ եք գնահատական տվող։

-Բայց ես չեմ զբաղվում պարեկների ընտրությամբ, ընդունելությամբ, ծառայության լոբբինգով։

-Դե, ոչինչ, Դուք էլ հասարակական կարծիք ապահովող եք, ի՞նչ տարբերություն։