Ամնեզիա՞

Ամնեզիա՞

Այս ի՜նչ մոգական ուժ ունի իշխանական աթոռը, որ նստողների մոտ նման մետամորֆոզներ են արձանագրվում։ Եվ մարդը, ով իշխանության է եկել ընդդիմությունից՝ իր մաշկի վրա զգացել իշխանական մամլիչի ուժը, վերեւից հրահանգված անօրինական հետապնդումների զոհ դարձել, երբ օրենքը կամայական օգտագործվել է իր դեմ, հիմա ինքն է այդ նույն գործիքակազմը կիրառում ընդդիմության նկատմամբ։ Այդ ինչքա՜ն մեծ է իշխանության այլասերող ազդեցությունը, որ «կագեբեի» անընդունելի քաղաքական հետապնդումների դեմ պայքարած, նախկին իշխանավորներին դրա համար ծաղրի ու քննադատության ենթարկած անձը հանկարծ ինքն է սկսում կիրառել այդ նույն գործիքը՝ դրան գումարած կոմպրոմատների ամոթալի զենքն ու հանրային կարծիքի մանիպուլյացիաները։ Ինչպե՞ս կարող է ընդամենը 2 տարում մարդը մոռանալ իր տասնամյակների ազնիվ պայքարը խոսքի ազատության, դեմոկրատական արժեքների, ինստիտուտների կայացման, մոնոպոլ իշխանության վերացման համար եւ այսքան ամուր կառչել իր անձնիշխանությունն ապահովող օրենսդրությունից ու լծակներից։ Եվ կիրառել իր կողմից քննադատված բոլոր մերժելի մեթոդները, բոլոր համակարգերը ծառայեցնել իր նեղ շահերին, բարձր պաշտոնյաներին զրկել չնչին ինքնուրույնությունից, մարդկանց նշանակել ու ազատել բացառապես նվիրվածության սկզբունքով, չգնահատել պրոֆեսիոնալներին ու կայացածներին։ Վերջապես, ինչպե՞ս կարող է ընդդիմությունից աճած մարդն այսպես ատել ընդդիմադիր ուժերին, ամեն գնով ոչնչացնել նրանց, առհասարակ՝ չհանդուրժել, որ երկրում որեւէ ընդդիմադիր ուժ կայանա։ Մի՞թե այդքան կարճ է մարդկային հիշողությունը, եւ այդքան հեշտությամբ կարելի է հրաժարվել սեփական անցյալից ու ապրել այնպես, կարծես երբեւէ ընդդիմություն չես եղել, բանտ չես նստել, թերթ չես խմբագրել։