Հուշագիր կնքեցին, իսկ արտադրամասը այդպես էլ չբացվեց 

Հուշագիր կնքեցին, իսկ արտադրամասը այդպես էլ չբացվեց 

«Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն, կմեկնարկի երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքը»,- այս մասին դեռ 2019 թվականին ի լուր աշխարհի հայտարարել էր Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Հուշագիր էր ստորագրվել Կոտայքի մարզպետարանի, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանի, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինի, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոնի, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆանի միջեւ: «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, ով չինական երկու ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում, բարձր էր  գնահատել մարզային իշխանությունների պատրաստակամությունը՝ ունենալու արդյունավետ համագործակցություն` լինելով մշտական հասանելիության մեջ: 

Վերելակների արտադրամասի աշխատանքները պետք է մեկնարկվեր նույն տարում: Ըստ ծրագրի՝ արտադրամասի թողունակությունը կլիներ տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, եւ թե՛ արտահանման համար: Եվ ամենակարեւորը՝ երբեմնի բացվող արտադրամասը  Կոտայքի մարզին անվճար պետք է տրամադրեր 3 նոր վերելակներ: 1 տարի անց պարզվում է, որ ոչ մի  արտադրամաս էլ չի բացվելու, իսկ նախատեսված 3000 եւ մարզին որպես նվեր 3 վերելակները մնացին երազանք:  

Թե ինչո՞ւ չբացվեց արտադրամասը, Կոտայքի մարզպետարանից ստացանք հետեւյալ պատասխանը.

«Կոտայքում վերելակների գործարանի հիմնման աշխատանքների վերաբերյալ մի քանի անգամ պարզաբանել և այժմ էլ վերահաստատում ենք, որ վերելակների արտադրություն հիմնելու ուղղությամբ բանակցություններն ընթացել էին Xinjiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd ընկերության հետ, սակայն ներկայում դադարեցվել են աշխատանքները։ Արտադրություն հիմնելու համար ընկերությանը նախ ներկայացվել էր Չարենցավան քաղաքը՝ որպես արդյունաբերական քաղաք, սակայն ընկերությունը հավանության չէր արժանացրել ներկայացված տարածքները, որից հետո ընկերությանն է ներկայացվել մեկ այլ տարածք Բյուրեղավանում, որը արժանացել էր ընկերության հավանությանը, սակայն համագործակցությունն ընդհատվել է ընկերության կողմից անիրատեսական պահանջներ ներկայացնելու պատճառով, մասնավորապես, իրենք պահանջել են պետական երաշխիքներ, եղել են քվոտաների իրացման հետ կապված հարցեր, որոնք չեն համապատասխանել մեր ընդհանուր քաղաքականությանը, որովհետև պետությունը հիմա այնպիսի կարգավիճակում է, որ խնդիր չունի ինչ-որ երաշխիքներ տալու, բոլորն էլ կարող են գալ, ընկերություն հիմնել, դաշտը ազատ է»: