Ավտոներկրողները պատրաստվում են «սև կիրակի» անել ու գոնե բերած գնով մեքենաները վաճառել | «Հրապարակ» 12.02.2020

Ավտոներկրողները պատրաստվում են «սև կիրակի» անել ու գոնե բերած գնով մեքենաները վաճառել | «Հրապարակ» 12.02.2020

Մենք տեղեկացանք, որ ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող մի շարք ներկայացուցիչներ շուտով պատրաստվում են «սև կիրակի» հայտարարել և վաճառել  ներկրած մեքենաները։ 

Մեր զրուցակիցը, որը նույնպես ավտոներկրմամբ է զբաղվել, նշեց, որ համենայն դեպս ավտոներկրողների շրջանում նման խոսակցություն եղել է, մի մասը կողմ է, մի մասը՝ դեմ։

«Նրանք, ովքեր փողի խնդիր չունեն, գործները լավ ա, բերել են, իրանց համար էդքան էլ խնդիր չի, իսկ ով, ասենք, տունը գրավ ա դրել ու մի քանի հատ ավտո ա բերել, ստիպված ուզում ա թեկուզ բերած գնով վաճառի, որ բանկի տակից մի ձև դուրս գա»,- ասաց ավտոներկրողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

«Հրապարակի» հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը դեռևս նման տեղեկություն չունի, փոխարենը նշեց, որ առաջիկայում բողոքի ակցիաներ կառավարության շենքի դիմաց նախատեսված չէ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խնդրել է փողոցային ակցիաներից անցնել կաբինետային խոսակցությունների։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում տարատեսակ հարցերով ավտոներկրողները հաճախ էին իրենց ձայնը բարձրացնում կառավարության դիմաց։

Հովհաննիսյանը, որը ժամանակին պահանջում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի և նրա տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հրաժարականը, նշեց, որ հիմա էլ հիմքեր կան հրաժարականի պահանջով հանդես գալու։

«Ես որևէ մեկի հետ անձնական ինչ-որ հարց չունեմ։ Իմ խնդիրը սպառողների, պետական բյուջե մուտք կատարող քաղաքացիների պաշտպանությունն է պետական մակարդակով։ Եթե կլինի որևէ պաշտոնյա, լինի դա Անանյան Դավիթ, թե Շուշանիկ Ներսիսյան, որը հայի շահը չպաշտպանեց, միանշանակ հրաժարականը տեղիք է տալու։ Ոչ ամաչում ենք, ոչ վախենում ենք, ոչ էլ որևէ մեկը կարող է մեզ հարկադրել, որ մենք հրաժարվենք նրանց հրաժարականը պահանջելուց։ Խնդիրը մաքսային ոլորտի արդյունավետությունն է, որը շատ ցածր է»,-ասաց Հովհաննիսյանը։

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.