2 մոտեցում կա՝ բոլորն անխտիր պատասխան պետք է տան, և գիծ ես քաշում՝ ինչ եղել, եղել է

2 մոտեցում կա՝ բոլորն անխտիր պատասխան պետք է տան, և գիծ ես քաշում՝ ինչ եղել, եղել է

Մի քանի օր առաջ հայաստանյան երեք քաղաքական ուժ, որոնք այնքան էլ հայտնի չեն հանրությանը եւ ոչ այնքան ակտիվ  (Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն, նախագահ` Գեւորգ Հովսեփյան, «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն, նախագահ` Արտյոմ Խաչիկյան, «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, նախագահ` Մկրտիչ (Սոս) Գիմիշյան), հայտարարություն են տարածել՝ կապված վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։ Իհարկե, հայտարարության մեջ չի նշվում որեւէ անուն, բայց ակնհայտ է, որ խոսքը ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի դեմ ծավալված արշավի ու հետապնդման մասին է։ Քաղաքական ուժերը, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես սահմանադրական ճգնաժամ, մտահոգված լինելով հասարակության պառակտվածության փաստով ու ահագնացող զարգացումներով հղի գործընթացների վտանգով եւ կողմ լինելով քաղաքական իշխանության եւ տնտեսական գործունեության տարանջատմանը, իշխանություններին զգուշացնում ու նրանցից պահանջում են՝ դադարեցնե՛լ քրեական հանցագործությունների պատճառաբանմամբ քաղաքական հետապնդումների տխուր ավանդույթը, դադարեցնե՛լ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մարդու իրավունքների ոտնահարումը եւ էլի 2 պահանջ։ Այս թեմայով զրուցեցինք «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ, որն այս պահին գտնվում է Ռուսաստանում, ինչպես նշեց՝ կյանքի բերումով մեկնել է այնտեղ աշխատելու, բայց շատ է ցանկանում վերադառնալ հայրենիք։

- Դուք ի՞նչ եք կարծում, Գագիկ Ծառուկյանի հարցում քաղաքական հետապնդում կա՞․ ձեր տարածած հայտարարությունից դա է հասկացվում։

- Ես իմ սուբյեկտիվ կարծիքը կասեմ, ոչ թե՝ կուսակցության։ Իհարկե, քաղաքական գործոն էլ կա այդտեղ, որովհետեւ հայտարարությունը ԲՀԿ-ի՝ իշխանությունների հետ կապված, գոյություն ունի, բայց հիմքը լրիվ իրավական է, ուրեմն իրավական դաշտում էլ պիտի լուծվի։

- Բայց շատերն ասում են՝ անգամ եթե քրեական հետապնդում իրականացնելու համար իրավական հիմքեր կան, ինչո՞ւ հիմա հիշեցին անել՝ հեղափոխությունից 2 տարի անց եւ 3 տարի առաջվա ընտրությունների թեմայով։ Հենց Ծառուկյանը սկսեց քննադատել իշխանություններին, այդ իրավական հիմքերն ի հայտ եկան։

- Իհարկե, գուցե պահը ճիշտ չէ ընտրված, դա պիտի 2 տարի առաջ արվեր։ Միշտ օլիգարխներն իշխանության հետ են համագործակցում եւ իշխանության թելադրանքով են գործում։ Երբ որ օլիգարխը խելքը կորցնում եւ իշխանության դեմ է դուրս գալիս, նա պիտի պատրաստ լինի, որ հաջորդ օրվանից շատ կարճ ժամանակում ինքը կարող է դառնալ ոչ ոք։ Սա է տեղի ունեցել։

- Մարդիկ հիշում են 2015 թվականը, երբ նույնկերպ Սերժ Սարգսյանը վարվեց Ծառուկյանի հետ, երբ նա դուրս էր եկել իշխանության դեմ։

- Գիտե՞ք, օլիգարխներին կարող է ստեղծել միայն իշխանությունը, իշխանության ծնունդ են նույն Ծառուկյանը եւ նրա կուսակցությունը, իշխանության կողմից ստեղծված պրոյեկտ, եւ ինչքան որ գոյություն ունի էդ կուսակցությունը, այս վերջին 15-20 տարվա ընթացքում օգտագործվել է կեղծ ընդդիմադիրի դաշտում հանդես գալու, իրական ընդդիմությունից ձայներ քաշելու համար, եւ իշխանությունը թույլ է տվել, որ ընտրակաշառքներ բաժանվեն։ Ո՞վ չգիտի, որ Հայաստանում ԲՀԿ-ն բոլոր ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել։ Կա՞ այդպիսի հայ մարդ, որը դա չգիտի։ Պարզապես իրավական հիմք չի եղել ապացուցելու, կամ իշխանությունը չի ցանկացել խանգարել, հակառակը՝ նույնիսկ երեւի հրահանգել է էդ գործունեությամբ զբաղվել, որովհետեւ առանց իշխանության թույլտվության ընտրակաշառք բաժանելն անհնար է։

- Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին համագործակցում էր նրա հետ, որոշեց հանկարծ ոչնչացնել նրան։

- Դա էլ այսօրվա գործող իշխանության թերությունն ու սխալն է։ Դա պիտի արվեր երկու տարի առաջ, երբ որ եկան իշխանության։ Եթե իրենց մղումներն ազնիվ լինեին, իրենք պետք է հենց սկզբից էս խնդիրը դնեին։ Կա՛մ պիտի իրավական գնահատական տրվեր, կա՛մ՝ քաղաքական։ Ճիշտ է, Սահմանադրությունը թույլ էր տալիս ցանկացած մարդու, քանի դեռ նա դատված չէ, հայտ ներկայացնել՝ լինել իշխանության շարքերում, բայց կան ներքին կանոններ, մոտեցումներ, եւ իշխանությունը կարող է էնպես անել, որ պետական մարմիններում չհայտնվեն էդպիսի մարդիկ։ Նույնը նախկին նախագահներին է վերաբերում։ Եթե նախկին նախագահները փորձ չեն անում վերադառնալ քաղաքական դաշտ, ապա կարելի է, այսպես ասած, համարել՝ եղել-անցել է, երկրի նախագահ են եղել, թող խելոք իրենց համար իրենց կյանքը շարունակեն։ Սա էլ է մոտեցում։ Բայց երբ որ նախկին հանցավոր պաշտոնյաները փորձում են վերադառնալ իշխանություն, նրանք սկզբից պետք է պատասխան տան իրենց արարքների համար, եւ եթե դատարանում ապացուցվում է, որ իրենք անմեղ են, դրանից հետո՝ խնդրեմ, ինչպես բոլոր քաղաքացիները, թող գան, մասնակցեն ընտրություններին եւ պետական համակարգում տեղ գրավեն։ Սա այսօրվա գործող իշխանության սխալն է, որ ինքը սկզբից էդ խնդիրը չդրեց։

- Ըստ Ձեզ՝ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, փորձո՞ւմ էր վերադառնալ քաղաքականություն, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց։

- Այո, ինքը հայտարարում էր, եւ իր կողմնակիցները վանկարկում էին՝ «Ռոբե՛րտ, վարչապե՛տ»։ Պարզապես էդ տենդենցը շուտ մարեց, բայց էդ հայտ ներկայացնելն ավելի շատ բերեց նրան, որ էս պրոցեսը տեղի ունեցավ։

- Բայց սկզբում Քոչարյանին սկսեցին դատել, եւ այդ ժամանակ նա՝ որպես քաղաքական գործոն, սկսեց ակտիվանալ։

- Էդ ժամանակ էլ պաշտպանական ռեակցիա էր, բայց ես մինչեւ այդ էլ եմ տեսել։ Իմ մոտեցումն էդպիսին է՝ երկրի նախագահ են եղել, սիմվոլներ են եղել, լավ-վատ, անթերի իշխանություն չի լինում․․․ Երկու մոտեցում կարող է լինել՝ եկավ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, դնում է բոլորին օրենքի առջեւ, հավասարեցնում՝ ով ինչ արել է, պատասխան է տալիս՝ առանց նայելու, թե նախագահ է, նախագահ չէ։ Սա ամենակոշտ մոտեցումն է։ Երկրորդ մոտեցումն այն է, որ գիծ է քաշում՝ ինչ եղել, եղել է։

- Իսկ ի՞նչ կարող եք ասել նոր եռյակի մասին՝ Վանեցյան-Ծառուկյան-ՀՅԴ, որոնք այսօր փորձում են միավորվել եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

- Փաշինյանի հրաժարականը ցանկացած ուժ կարող է պահանջել, բայց երբ մի միավորման մեջ Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն են, որոնք երկար տարիներ հանցավոր իշխանության մաս են կազմել, ես էդտեղ հաջողություն եւ ապագա երկրի ու ժողովրդի համար չեմ տեսնում։