Հակոտնյա երևույթների սիմբիոզ

Հակոտնյա երևույթների սիմբիոզ

Թե՛ «Հրապարակ»-ի էջերում և թե՛ ֆեյսբուքում անընդհատ կրկնում եմ նույն միտքը: Այն է՝ կեղծիքի վրա հիմնված իշխանությունը երկար կյանք ունենալ չի կարող: Կեղծիքն ամենուր է՝ կենցաղում, տնտեսությունում, կրթական համակարգում, իրավապահ համակարգում, զինված ուժերում... Կեղծիքի շոշափուկները կարող են կարճ ժամանակով պարուրել գրագետ մարդկանց ուղեղները: Ավելի երկար ժամանակով՝ կիսագրագետներինը: Բայց մի օր այն կպայթի ներսից, ու ոչինչ՝ ո՛չ ավտոմատավորներն ու տանիքներին թառող դիպուկահարները և ո՛չ էլ իրավապահ համակարգը, չի կարող ապահովել իշխանությունների անվտանգությունը: Որովհետև «համակարգ» կոչված երևույթն ամուր է հենց իր ներքին կուռ տրամաբանությամբ: Այդպիսին է, օրինակ, պետության կառավարման՝ բռնատիրական համակարգը: Ժողովրդավարության անվան ներքո Հայաստանում ձևավորված է կիսաբռնատիրականը:

Հակոտնյա այդ երևույթների սիմբիոզը համակարգի ներքին հակասականության ցուցիչ է: Ինչն էլ, իր հերթին, համակարգի քայքայման ներքին աղբյուրն է: Ի դեպ, այդպիսի հակասականությունն առկա է հենց Նիկոլի վարչապետության «հավատո հանգանակում»՝ ձևակերպված դեռևս 2020 թվականին՝ նախքան պատերազմը: Հիշենք այն. «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: 

Քանի որ Նիկոլի ձգտումներն անսասան են իր «հավատո հանգանակը» կյանքի կոչելու առումով, ապա նույնքան հաստատուն է լինելու դրանից բխելիք պայթյունը: Եթե, իհարկե, մինչ այդ դեռևս կանգուն լինի հայոց պետականությունը: Կամ էլ ձևական առումով պահպանված պետությունը «պաշտպանված» չլինի մեկ այլ օտար համակարգով: Ինչի առումով կարելի կլիներ «շնորհավորել» ավելի մեծ ինքնիշխանության ջատագովներին: Որովհետև արդեն կայացածից ավելի մեծ ինքնիշխանության ջատագովությունը մեր իրավիճակում գտնվող՝ փոքր ու թույլ պետության պարագայում սովորաբար հանգեցնում է հակառակ արդյունքի՝ դրա լրիվ վերացմանը:

Համակարգի ներքին հակասականության ցուցիչ կարող է դիտարկվել, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահի զավակի՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքը: Իշխանությունն օգտագործել է «տուժող» ոստիկաններին՝ նրանց պարտադրելով ընդդեմ Լևոնի գրել կեղծ ցուցմունքներ: Ինչը նորմալ է Հայաստանի պես երկրում. այստեղ ոստիկանությունը միշտ էլ ծառայել է հենց գործող իշխանությանը և ոչ թե օրինականության պահպանմանը: Բայց խնդիրը նրանում է, որ դատաբժշկական  փորձաքննության կողմից ոստիկանների մարմինների վրա չեն հայտնաբերվել ծեծի նշաններ: Ինչը բնական է, քանի որ ծեծվողը եղել են ոչ թե դրանք, այլ բողոքի ցույցին մասնակցող Քոչարյանը: Իսկ Քոչարյանի առումով, բնականաբար, արձանագրվել են նման նշաններ: Այս երևույթը վկայում է, որ իշխանությունը չի կարողացել նույն չափով իրեն ենթարկեցնել վերը նշված ծառայության աշխատակիցներին: Ինչն, իր հերթին, վկայում է Նիկոլի կողմից ստեղծված կիսաբռնատիրական համակարգի ոչ կենսունակ լինելու մասին:  

Ներկայացնեմ մեկ այլ դրվագ՝ այս անգամ ՀՀ արտաքին քաղաքականությունից: Արևմուտքի առջև Նիկոլի ստանձնած գործառույթի՝ Արցախը հանձնելու (իրականացվել է) ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց (իրականացման ճանապարհին է) հետո արտաքին առումով վերջինիս իշխանության քայքայման հիմք է հանդիսանալու նրա ելույթների հակասականությունը: Ինչը մենք բազմիցս ենք դիտարկել, բայց այս անգամ դիտարկում են արտասահմանում: Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիային հաջորդած օրերին Նիկոլը խոսում էր արցախցիների՝ իրենց ծննդավայրերն ինքնակամ լքելու հավանականության մասին: Հետո այդ հարցում 180 աստիճանով փոխեց խոսույթը ու սկսեց սկսեց մեղադրել ռուսներին ու, բնականաբար, ադրբեջանցիներին: Ռուսներին էլ այն բանի համար, որ չեն ապահովել արցախցիների անվտանգությունը՝ «մոռանալով», որ ինքն է շուրջ մեկ տարի առաջ Արցախը, կներեք, Լեռնային Ղարաբաղը համարել Ադրբեջանի մաս: Թշնամի երկրի ԱԳՆ-ն էլ, բնականաբար, անմիջապես կառչեց Նիկոլի ելույթների հակասականությունից: Հայտարարելով, որ ոչ մի էթնիկ զտում էլ չի եղել՝ ղարաբաղցիներն ինքնակամ են լքել իրենց տները: Ինչն էլ օգտագործվեց ընդդեմ Նիկոլի և նրա արևմտյան հովանավորողների: Արևմուտքին դա, բնականաբար, հեչ հաճելի չէ, ու մի օր էլ՝ երբ Նիկոլն ավարտած լինի իր գործառույթը, նրան կմաղթեն «բարի ճանապարհ»: Եվ այդ դեպքում Նիկոլին դժվար թե օգնի խոսքը կրկին փոխելու նրա սովորույթը: