Փաշինյանն ու առեւտրականները կբարիշեն. նրանք իշխանության սոցիալական հենարանն են

Փաշինյանն ու առեւտրականները կբարիշեն. նրանք իշխանության սոցիալական հենարանն են

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների ապագայի համար իմաստ չունի մտահոգվել. իշխանությունը տոնավաճառը չի փակի, առեւտրականները նրա միակ սոցիալական հենարանն են, եւ նա այնքան հիմար չէ, որ ոչնչացնի իր հենարանը: Ճիշտ է, եթե անգամ այդ տոնավաճառը փակվի, առեւտրականներն իրենց գործ կգտնեն այլ տեղերում եւ կշարունակեն առեւտուր անել այլ տոնավաճառներում կամ առեւտրի կենտրոններում, բայց որքան շատ տոնավաճառ, որքան շատ առեւտրի կենտրոն՝ այնքան Փաշինյանի իշխանության համար լավ:

Ճիշտ չէ նաեւ առեւտրականներին մեղադրել քաղաքական անսկզբունքայնության մեջ, ինչպես անում են շատերը: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ տեսեք՝ Փաշինյանը երկրի մի մասը հանձնեց թուրքերին, նրա քաղաքականության արդյունքում հազարավոր զոհեր ունեցանք, երկիրն անվերջ պատերազմի սպառնալիքի տակ է, իսկ 120 հազար մեր հայրենակիցների էլ Փաշինյանի իշխանությունն Արցախում անօգնական ու անպաշտպան է թողել, իսկ այդ մարդիկ սկսեցին Փաշինյանին քննադատել միայն այն ժամանակ, երբ իրենց հացին կպավ: Բայց չէ՞ որ դա օրինաչափ է: Ռուս հայտնի սատիրիկ Միխայիլ Զադորնովը, դեռեւս 10 տարի առաջ անդրադառնալով Ռուսաստանի իշխող քաղաքական վերնախավին, ասում էր, որ երկիրը կառավարում են առեւտրականները`«տարգաշները», որոնք հայրենիքի զգացում չունեն: «Առեւտրականները հայրենիք չունեն, որտեղ նրանց շահն է, այնտեղ էլ հայրենիքն է»,- շատ հանրամատչելի բացատրում էր Զադորնովը:

Հայաստանում էլ իշխանությունը գտնվում է առեւտրականների եւ առեւտրականի հոգեբանություն ունեցող մարդկանց ձեռքին, որոնց համար կարեւորն իրենց օրվա եկամուտն է: Առեւտրականները չեն սիրում ըմբոստանալ, չեն սիրում պայքարել, նրանց հիմնական զենքը պայմանավորվելն է: Համաշխարհային պատմության ընթացքում սոցիալական տարբեր շերտեր են ապստամբել, հեղափոխություններ արել. եղել են գյուղացիական ապստամբություններ, բուրժուական եւ բանվորական հեղափոխություններ, նույնիսկ ստրուկներն են հաճախ ապստամբել իրենց տերերի դեմ՝ Հին Հռոմից սկսած մինչեւ Միացյալ Նահանգներ: Բայց պատմության ընթացքում չեք գտնի մի դեպք, երբ ապստամբած կամ հեղափոխություն արած լինեն առեւտրականները, դա նրանց հոգեբանությանը, աշխարհընկալմանը դեմ է:

Փաշինյանն իր հոգեբանությամբ տիպիկ առեւտրական է, նա ոչնչով չի տարբերվում «Մալաթիա» տոնավաճառի առեւտրականներից եւ երկիրն էլ կառավարում է՝ ինչպես շարքային մի «տարգաշ»: Նա երբեք չի փորձում ընդդիմանալ կամ հակադրվել Ադրբեջանին, Թուրքիային, Արեւմուտքին: Ռուսաստանին մեկ-մեկ քննադատում է, այն էլ՝ այն ժամանակ, երբ սկսում է վախենալ իր իշխանության համար, մտածելով, որ Մոսկվան կարող է կպնել իր հացին: Քննադատում է, բայց չափի մեջ, որ կարողանա հետո լեզու գտնել հետները: Ինչո՞ւ հակադրվի, եթե դա կարող է թեկուզ փոքր-ինչ վտանգել իր իշխանությունը, իր գոյությունը: Ավելի հեշտ չէ՞ խոսել, ինչ-որ հարցերում զիջել, համաձայնության գալ, ինչպես առեւտրականներն են ասում՝ բարիշել: 

Դրա համար Փաշինյանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններում իրեն պահում է սովորական առեւտրականի նման, որը չունի հայրենիքի ու նրա անձեռնմխելիության ընկալում: Նրա ասածը հետեւյալն է. մենք պատրաստ չենք պաշտպանել մեր հայրենիքը, բայց պատրաստ ենք խոսել, մի բան ձեզ կտանք, մի բան դուք մեզ թողեք, որ բարիշենք: Առեւտրականներ կան, չէ՞, որ ասում են՝ մեր վերջին գինն էս է, դրանից իջնել չեմ կարող: Նույն ձեւով Փաշինյանն է Ադրբեջանին ասում՝ Արցախը զիջել եմ, բայց իմ վերջին գինը 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, դրանից չեմ կարող իջնել: Ադրբեջանն էլ հիմար չէ՝ առեւտրի մեջ էլ թրծված է, գիտի, որ եթե մի քիչ վախեցնեն, մի քիչ սպառնան, Փաշինյանն էլի կզիջի: 

Հայաստանը վերջին 30 տարում հզոր արդյունաբերություն եւ գիտություն ունեցող երկրից վերածվել է առեւտրականների ու վաճառականների, տոնավաճառների ու մոլերի երկրի: Հայաստանի ապաինդուստրիալիզացումը հասել է մի այնպիսի աստիճանի, որ երկրի տնտեսության` էկոնոմիկայի նախարարն անգամ առեւտրի ոլորտի ներկայացուցիչ է: Երկրի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը բանկային եւ առեւտրային կապիտալի ներկայացուցիչներ են կամ նրանց շահերի լոբբիստներ: Ու քանի դեռ Հայաստանի տնտեսության կառուցվածքը չի փոխվել, քանի դեռ Հայաստանը չունի գիտություն եւ արդյունաբերություն, մենք շարունակելու ենք մնալ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Արեւմուտքի գաղութը, իսկ իշխանության փոխարեն ունենալու ենք գաղութային ադմինիստրացիա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Ավետիս Բաբաջանյան