Ռուս խաղաղապահներն ավարտել են Մարտունիում տարածքների ականազերծման աշխատանքները

Ռուս խաղաղապահներն ավարտել են Մարտունիում տարածքների ականազերծման աշխատանքները

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղի Մարտունի բնակավայրի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների իրականացրած գործողությունների արդյունքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1358,3 հա տարածք, ավելի քան 425 կմ ճանապարհ, 1292 շենք-շինություն, այդ թվում` սոցիալական կարեւորություն ունեցող 29 օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 24,3 հազար պայթյունավտանգ առարկա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բնակավայրերի ականազերծման եւ ծայրամասերի մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս զինծառայողների անվտանգությունն ապահովել պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ եւ տեղանքի մաքրման տեմպը պահպանել եղանակային բոլոր պայմաններում:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված տարածքում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ: