Երեխան, որն իր գոյությամբ խանգարել է տատին, խորթ հորն ու հարազատ մորը

Երեխան, որն իր գոյությամբ խանգարել է տատին, խորթ հորն ու հարազատ մորը

Օրերս ոստիկանությունը հայտնել էր հերթական մանկասպանության դեպքի մասին՝ կատարված մոր, խորթ հոր եւ տատի կողմից. սպանվել էր մեկուկես տարեկան երեխան: Մեր միջավայրում երեխայի նկատմամբ համարյա հիվանդագին հոգատարության դրսեւորումներին զուգահեռ, մանկասպանության առանձին դեպքերը դժվար է ընկալելը: Մենք սովոր ենք երեխային տալ լավագույնը, իսկ եթե դա չենք կարողանում ապահովել, ապա, ինչպես ասվում է, կտրել հացը սեփական բերանից՝ երեխային կերակրելու նպատակով: Համենայնդեպս, այդպես է եղել դարեր շարունակ ու այդպես էր մեր նախկին հայրենիքում՝ սոցիալիստական կոչված երկրում: Անկախության ձեռքբերման հետ մեկտեղ վայրի կապիտալիզմի ձեւավորումը խեղաթյուրեց ավանդական հայկական ընտանիքը, ինչին նպաստեցին նաեւ օբյեկտիվ դժվարությունները՝ պատերազմ, սով, ցուրտ եւ այլն: 

Սակայն այդ ամենը ժամանակի ընթացքում ոնց որ թե դանդաղորեն իր տեղն էր զիջում կյանքի ու կենցաղի նորմալ առաջընթացին, եւ դա մինչեւ այն պահը, երբ իշխանությունների նկատմամբ բնական դժգոհությունը ժամանակի ընթացքում օբյեկտիվորեն վերածվեց մերժողականության: Իսկ մերժողականությանն էլ մեծապես նպաստեց սուբյեկտիվ գործոնը՝ այս կամ այն ընդդիմադիր գործչի կողմից բազմության մանիպուլացումը: Արդյունքում ստացանք «մարտի մեկ» ու դրա միակողմանի դեմոնիզացում, իսկ տասը տարի անց՝ նաեւ իշխանության առաջին դեմքի հանրային մերժում, ինչին, ի դեպ, լավագույնս նպաստեց հենց ինքը՝ հրապարակային խոստանալով մի բան ու դա դրժելով: Հանրային մերժումը չբավարարվեց նշված անձի հեռացումով եւ նոր իշխանության ձեւավորումով, քանի որ նոր՝ հեղափոխական կոչված իշխանությունն առաջ տարավ դեմոնիզացման գործոնը եւ այն դարձրեց ներքին քաղաքականություն՝ կոնկրետ մեկ անձից տարածելով բոլոր նախկինների նկատմամբ:

Ի դեպ, ոչ թե քաղաքականության բաղադրիչ՝ թեկուզ ամենակարեւոր, այլ հենց ամբողջական քաղաքականություն: Ամբողջական, քանի որ հեղափոխական կոչված իշխանությունը չգտավ կամ չցանկացավ փնտրել ու գտնել մի այնպիսի գաղափար, որ առաջ կտաներ հասարակական կյանքը: Արդյունքում նախկինների նկատմամբ ատելությունը դարձավ երկրի կենսագործունեության հիմքը՝ զուգակցվելով պոպուլիզմի հետ:

Ապաշնորհ կառավարման արդյունքում իշխանությունը դարավոր թշնամու դեմ պատերազմում երկիրը հասցրեց պարտության, ինչը, սակայն, խթան չհանդիսացավ, որպեսզի այն ինքնակամ հեռանար: Միաժամանակ, նախկինների նկատմամբ ատելությունը նպաստեց նրան, որ ժամանակին «հպարտ» հորջորջված բազմությունը վերածվեց  կենսազանգվածի, որի համար «հայրենիք» հասկացությունը ստորադասվեց հանապազօրյա հացին: Իսկ նշված երեւույթն էլ խանգարեց, որպեսզի պատերազմում պարտություն կրած իշխանությունը հեռացվեր՝ տեղը զիջելով նորին, որը հնարավորություն կունենար բանակցել թշնամու հետ եւ հայրենիքի ու նրա զավակների առումով նրանից պահանջեր հնարավոր առավելագույնը: Եվ չի գիտակցվում, որ պատերազմում պարտված եւ ատամներով իշխանություն պահող անձի եւ նրա կամակատարների առկայությունը նպաստում է նախկինների նկատմամբ ատելության տարածմանը դեպի գործողները, դեպի փողոցում հանդիպած անծանոթներն ու նույնիսկ ծանոթներն ու հարազատները: Եվ նույնիսկ դեպի երեխան, որն իր գոյությամբ խանգարել է տատին, խորթ հորն ու հարազատ մորը…

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ