Վերջապես հայտնվեց կախարդակական փայտիկը

Վերջապես հայտնվեց կախարդակական փայտիկը

Նախորդ օրվա «Հայաստանի վերափոխման ռազմավարություն» կոչված փաստաթուղթը հիրավի պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ է: Եվ ոչ այն պատճառով, որ ներկայացնում է կանխատեսելի պարտավորության և պլանների վրա չհիմնված՝ 2050 թվականին միտված տեսլականների շարք, այլ որովհետև վերջապես հայաստանցիներս կտեսնենք երկուս ու կես տարի առաջ վարչապետի կողմից խոստացված կախարդակական փայտիկը գործողության մեջ: 

Ի դեպ, նման տեսլականների շարք, բայց ոչ նման մեծադղորդ անվանումով, ներկայացվել է ավելի քան մեկ տարի առաջ Ստեփանակերտի հանրահավաքում: Զերծ մնալով նախորդ տարվա միտինգային ելույթի և երեկվա փաստաթղթի ամբողջական համեմատությունից՝ դա թողնելով պատմաբաններին, ընդամենը վերցնեմ մեկ տվյալ՝ հանրահավաքային ելույթում ՀՆԱ-ն (ՀՆԱ՝ համախառն ներքին արդյունք. դա այն արդյունքն է, որ ստեղծվում է ողջ երկրում նրա բոլոր բնակիչների գործունեության արդյունքում մեկ տարվա ընթացքում), կամ այլ անվանումով՝ տնտեսական աճը, 2050 թվականին այսօրվա ցուցանիշի նկատմամբ ավելանալու էր 15 անգամ, իսկ երեկվա փաստաթղթում այն դարձլ է 20 անգամ: Եթե այս տարի կորոնավիրուս չլիներ, և Հայաստանի տնտեսությունը աճեր, ենթադրենք, 10 տոկոսով, այսինքն ավելի քան նախորդ տարի, ապա թվի փոփոխությունը (15-ից 20-ի) դեռ կարելի կլիներ մի կերպ մարսել: Սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ նախորդ տարվա համեմատ այս տարի տնտեսության աճը եթե բացասական թիվ չկազմի (այդպես էլ է լինում՝ ինչն անվանում են տնտեսական անկում), ապա շատ ավելի ցածր է լինելու, քան նախորդ տարի, իսկ նման դեպքերում սովորաբար իրականությանը մոտ լինելու համար պիտի 15-ը առնվազն մնար անփոփոխ՝ եթե նույնիսկ չնվազեցվեր: Պարզաբանեմ նաև, որ ՀՆԱ-ի ցուցանիշը 30 տարում 20 անգամ բարձրացնելու համար անհրաժեշտ է ապահովել տարեկան 33,33 տոկոսանոց աճ (ներկայացնեմ պարզ տարբերակով՝ եթե 30 տարում 20 անգամ, ապա 3 տարում 2 անգամ կամ 100%-ով և վերջապես՝ տարին 33,33%-ով): Սա մեծ թիվ է, շատ մեծ թիվ՝ երբ օգտագործվում է ՀՆԱ-ի կամ, ինչպես ասվեց, տնտեսական աճի առումով: Նման ահռելի ցուցանիշ կարելի է ապահովել միայն երկու դեպքում՝ եթե զրոյական տարում, այսինքն 2020-ին ՀՆԱ-ի բազային միավորն այնքան ցածր է եղել, որ 33 տոկոսանոց աճը իրենից լուրջ թիվ չի ներկայացրել (այս երևույթը տարեսկզբին ներկայացրել եմ ֆեյսբուքում կորոնավիրուսի առնչությամբ), կամ եթե ընդունենք, որ վարչապետի մոտ վերջապես հայտնվել է այն կախարդակական փայտիկը, որի մասին նա հայտարարում էր ավելի քան երկու տարի առաջ: 

Ես, իհարկե, հասկանում եմ, որ տեսլականը կարող է չլինել կանխատեսելի պարտավորության վրա հիմնված, բայց այդ դեպքում այն այդպես էլ կմնա տեսլական՝ ճիշտ այնպես, ինչպես կոմունիզմը, որ պետք է կյանքի կոչվեր սովետական հսկա երկրում իմ սերնդի երիտասարդության օրերին՝ 20-րդ դարի երկրորդ կեսին:

Վախթանգ Սիրադեղյան