Անդրանիկ Քոչարյանը «Նեմեսիսը» կասկածի տակ է դնում եւ Երիտթուրքերին պաշտպանում

Անդրանիկ Քոչարյանը «Նեմեսիսը» կասկածի տակ է դնում եւ Երիտթուրքերին պաշտպանում

 Փաշինյանական իշխանության գերնպատակը, կարծես թե, հայոց պատմության բոլոր էջերը գլխիվայր շուռ տալն է. հերոսներին դավաճան «նշանակելը», հաղթանակները «օկուպացիա» ու «ագրեսիա» հռչակելը: Հիմա էլ հերթը հասավ «Նեմեսիս» գործողությանը: Հասարակության մեջ 44-օրյա պատերազմից հետո շարունակական այս պարտությունները եւ իշխանության կասկածելի պահվածքը առաջացնում է վրեժի ցանկություն թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին դավաճանների նկատմամբ: Վերջին երկու տարում հաճախ է հիշվում Սողոմոն Թեհլերյանի անունը: Զարմանալիորեն շատ տղամարդիկ են սպասում նոր Թեհլերյանի ի հայտ գալուն, բայց ոչ ոք չի ուզում ինքը լինել այդ հերոսը… Իսկ «Նեմեսիսի» ու Թեհլերյանի անունները ցայտնոտի մեջ են գցում իշխանականներին: Ուստի, վերջիններս արդեն անցել են նրանց գործողությունները թիրախավորելուն. օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դրեց «Նեմեսիսի» բարոյական եւ իրավական հիմքերը:

Հիշեցնենք, որ «Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած Երիտթուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Վրեժի գործողությունը կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Իրականացնողները եղել են Սողոմոն Թեհլերյանը, Արամ Երկանյանը, Արշավիր Շիրակյանը, եւ այլ ազգանվեր հայ երիտասսրդներ, որոնք իրենց ընտանիքի անդամների, հարազատների ու հայ ազգի նկատմամբ իրականացրած անմարդկային ոճիրի վրեժը լուծեցին՝ սպանելով ցեղասպանության պարագլուխներին:

Իսկ Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցում ասում է.«Գիտե՞ք «Նեմեսիսը» ինչ ա: Դա գործողություն ա, որը առանց դատ ու դատաստանի վերաբերվում ա ինչ-որ մարդկանց վերացնելուն: Հիմա ես քննարկման ժամանակ ասացի. «Հիմա արդեն հասանք Նեմեսիսի՞ն» Եվ բանականաբար, քանի որ այս հաղորդումը դիտելու են ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ՝ համապատասխան կառույցները, ճիշտ կլինի, որպեսզի մանրամասն ուսումնասիրվի «Նեմեսիսի» ամբողջ բնույթը, հարյուրամյա գործողությունների ամբողջ ծավալը եւ ի հայտ բերվեն դրա վտանգները նաեւ մեր այսօրվա առօրյա կյանքում, նաեւ՝ մեր պետականության համար: Վերջին հաշվով, երբ որ մենք քննարկում ենք արտաքին հետախուզության մասին, ոչ ավել, ոչ պակաս նշվեց, որ արտաքին հետախուզություն մենք ունեցել ենք «Նեմեսիս» ունենալու պարագայում: Այսինքն, իրենք պատկերացնում են արտաքին հետախուզությունը մարդկանց վերացնելու մեջ: Երբ որ ասում ես՝ բա մարդկանց…,ասում են. «մենք թուրքերի հետ…թուրք սրիկաներին»: Հասկացանք, իսկ հայեր եղե՞լ են այդ ցանկի մեջ: Եվ արդյոք, ինչ-որ մարդիկ իրավասո՞ւ են առանց դատ ու դատաստանի կայացնեն մարդկանց կյանքեր տնօրինելու իրավասության իրավունք»: Ահա բառացի այն տեքստը, որ հնչեցրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը։

Ինչպես տեսնում ենք, Անդրանիկ Քոչարյանը ոչ պաշտոնապես ստանձնում է «Նեմեսիսի» դատաստանի ենթարկված Թալեաթի եւ մյուս ցեղասպանների փաստաբանի դերը: Իրավապահներին նման կոչով դիմելով, Քոչարյանը կասկածի տակ է դնում նրանց նկատմամբ հաշվեհարդարների իրավական եւ բարոյական կողմը: Իսկ երբ խոսում է «Նեմեսիսի» շրջանակներում հայերի սպանությունների մասին, հավանաբար, ի նկատի ունի այն դավաճան հայերին, որոնք համագործակցել են թուրքերի հետ: Նման հայեր եւս արժանացել են «Նեմեսիսի» դատաստանին:

Անդրանիկ Քոչարյանը, հավանաբար, լավ ծանոթ չէ մեր պատմությանը եւ տեղյակ չէ, որ անգամ Թուրքական Զինվորական արտակարգ դատարանը Թալեաթին ու Հայոց ցեղասպանության մյուս կազմակերպիչներին ճանաչել է մեղավոր եւ դատարապարտել մահապատժի՝ «զինվորական հանցագործությունների եւ «կայսրության» հայ բնակչության ոչնչացման համար»: Բայց, քանի որ հանցագործներն արդեն փախել էին եւ թաքնվել տարբեր երկրներում, կարողացան որոշ ժամանակ զերծ մնալ իրենց պատիժը կրելուց, այդ պատիժն իրականացրին «Նեմեսիսի» մարտիկները: Անգամ Բեռլինի դատարանն արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին, ով «Նեմեսիս» գործողության շրջանակներում 1921 թվականի մարտի 15-ին գնդակահարեց Թալեաթին: Իսկ Քոչարյան Անդրանիկն ասում է, թե «մադրկանց» սպանել են առանց դատ ու դատաստանի:

Նեմեսիսը մեր ազգային արժանապատվության, մեր արյան վրեժի դատաստանն է, որը քննարկման ենթակա չէ, վիճարկելու ենթակա չէ, կասկածի տակ դնելու ենթակա չէ: Եթե այս գործողությունը դնում ես կասկածի տակ, ուրեմն 1915-ի Մեծ եղեռնն ես դնում կասկածի տակ։ Բայց Անդրանիկ Քոչարյանն իրավապահներին գործ է տալիս Նեմեսիսի մարտիկների «վրայով», թե բա՝ քննեք ազգի վրիժառուների հարյուրամյա գործողությունը: Այսինքն, Փաշինյանակա իշխանության իրավապահնե՞րը պետք է քննեն Թեհլերյանի, Երկանյանի, Շիրակյանի գործողությունները, դրանց իրավական հիմքերը:

Քոչարյանի այս կոչը՝ ուղղված իրավապահներին, ակնհայտորեն, վախի ու տագնապի դրսեւորում է: Ինչո՞ւ է այսպես իրար խառնվել նա, երբ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ասում են, որ «Նեմեսիս» լինելու է, լինելու է ոչ միայն թշնամու, այլեւ ներքին դավաճանների նկատմամբ: Ինչու՞ է «Նեմսիսի» անունը այսպես փոթորկում իշխանականների անդորրը: Անդրանիկ Քոչարյանի ասածը բուռն քննարկման արժանացավ շատ սփյուռքահայերի, հատկապես դաշնակցականների կողմից:

Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչ Սերոբ Սահագյանը, ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի, համացաանցում այսպիսի գրառում կատարեց.«ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐԵԱՆ, Ծօ, մարդ չմնա՞ց, քե՞զ մնաց Նեմեսիսը քննարկել, ազգի սուրբ վրէժխնդրութիւնը սակարկել: Քեզ նման տգէտին մնա՞ց հայոց պատմութիւնից խօսել, աւելին բարբաջել: Այո՛, իրաւունք ունի՛ս: Չգիտես, մի օր դու ալ կարող ես Նեմեսիսի ցանկին ներգրաւուել, եթէ մինչ պահս չես ներգրաւուել: Մի օր քո դժխեմ աւարտի մութ ծալքերին ալ, քո ընկերներն կարողն են յանկարծ ու ակամայից հաղորդուել: Մի օր քո ընկերներն ալ կարողն են քեզանից ոչ նուազ Նեմեսիսի սարսափով հալածախտ գալարուել: Մի բան վստահ. Եթէ քեզ նմանը իր դատն մինչ պահս չէ գտած, այդ գտնելու ես: Ու գտնելու ես անոր արդարը, այնպէս, ինչպէս օրին քեզ նմանուող թալեաթները: Ու չկասկածե՛ս այդ դատի մասին, լսելու են անպայման քո ամենից մտերիմներն: Հասկանալու են, որ Նեմեսիսը ինքնին արդարադատութիւն է: Հասկանալու են, որ հակառակ քո ասածին, ան երբեւէ առանց դատի, անմիջական վճիռի բիրտ գործադրութիւն չէր ու չէ: Հասկանալու են, որ այդ երբեւէ չարդարացուած սպանութիւն չէր ու չէ: Այլ ընդհակառակն՛ Նէմեսիսը սրբագործութիւն էր:

Սրբագործութիւն էր մէկու կէս միլիոն նահատակի արեամբ արդարացուած: Սրբագործութիւն էր ողջ ազգի մը կտակից լիազօրուած: Վերջապէս, սիրելիս, այդ Նեմեսիսի բոլոր թիրախներն անխտիր, 1918 թուին, ինքնին թրքական դատարանների առաջ, Ներկայ թէ բացակայ, իրենց դատերն գտած, մահավճիռներն վերցուցած տականքներ էին Տականքներ որոնց դատավարութիւնը նաեւ վայելածն էր, անգլեական քննիչների հսկողութիւնը: Յիշէ՛ Հռչակաւոր Իստամբուլեան «Թրիպունալները»:

ՎԵՐՋԱՊԷՍ ԱՆՀՈԳ ԵՂԻՐ.Եթէ Նեմեսիսը մի օր իր վճիռը ձեր նմանների նկատմամբ կայացնի: Հաւատա, թուրքից նուազը ձեզ չեն վերաբերի»:

Հ/Գ «Կան դատեր, որոնց դատավճիռը չպետք է վստահել դատարաններին»- Սողոմոն Թեհլերյան: