Բարեփոխումների լույսն ու ստվերը

Բարեփոխումների լույսն ու ստվերը

Այս աղմուկը, որը ծագել է կրթության չափորոշիչների եւ դասագրքերի շուրջ, ունի իր լավ ու վատ կողմերը։ Լավն այն է, որ աղմուկը ստիպեց հասարակությանը շրջվել դեմքով դեպի կրթությունը եւ քննարկել, թե ինչ են սովորում մեր երեխաները դպրոցում։ Հատկապես հանրային ուշադրությունը սեւեռվեց հայ գրականության, հայոց լեզվի ու պատմության ուղղությամբ։ Իսկ սրանք այն անկյունաքարային դիսցիպլիններն են, որոնց շուրջ ձեւավորվում է ազգային ինքնագիտակցությունը եւ որոնց հանդեպ անփույթ վերաբերմունքն ուղղակի անթույլատրելի է։ Սակայն այս աղմուկի մեջ մի շատ վատ բան կա՝ դպրոցական կրթության, առհասարակ՝ հանրակրթության բարեփոխումների նկատմամբ բացասական, մերժողական վերաբերմունքի ձեւավորումը։ Այսօրվա իշխանությունը, փաստորեն, կրկնում է 90-ականների իշխանության սխալները՝ երբ 1995-96 թվականներին այնքան հախուռն ու անմտածված սկսեցին իրականացվել կրթության բարեփոխումները, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է իրականացնեին կամ աջակցեին այդ բարեփոխումներին, դարձան դրանց ոխերիմ թշնամին ու հակառակորդը եւ սկսեցին պայքարել դրանց դեմ։

Արդյունքում՝ բազմաթիվ խելացի, օգտակար եւ հեռանկարային գաղափարներ հողին հավասարեցվեցին հասարակության կողմից։ Եւ ամենակարեւորը՝ այն բոլոր անձինք, որոնք պետք է իրականացնեին բարեփոխումները դարձան հենց այդ բարեփոխումների խոչընդոտն ու արգելակը։ 90-ականների ռեֆորմները տապալեցին հենց ուսուցիչները, դասախոսները, գիտական շրջանակները, որոնք անմասն էին մնացել ռեֆորմների մշակումից եւ հենց այդ հանգամանքն արդեն դեր էր խաղացել, որ նրանք ընդվզեն դրանց դեմ։ Մինչդեռ հարկավոր էր մոբիլիզացնել ամբողջ հասարակությանը եւ հատկապես մանկավարժական ու գիտական հանրությանը, դարձնել բարեփոխումներին համախոհ ու մասնակից։ Սակայն իշխանությունն այն ժամանակ էլ էր մեծամիտ ու ինքնահավան, հիմա էլ եւ անգամ ամենալավ գաղափարն այնպես է իրականացնում, այնքան է վարկաբեկում, որ ազնիվ մտադրությունի մնում է կմախքը՝ հանրության կողմից հիմնովին մերժված։