Չեմ կարծում, թե որեւէ իշխանավոր կգնա նման խարդավանքի

Չեմ կարծում, թե որեւէ իշխանավոր կգնա նման խարդավանքի

Մենք գրել էինք, որ արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբերի 19-ի հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը, որն այնքան էլ հուսադրող չի եղել։ Հանդիպումից հետո՝ երեկ մասնակից ուժերի ներկայացուցիչների հայտարարություններն ու հարցազրույցները բավական խոսուն էին եւ գրեթե ամբողջական պատկերացում էին տալիս իրավիճակի, մասնավորապես, ՀՀ իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։ «Սասնա ծռերից» հայտարարեցին, թե «փորձ է արվում փրկության անվան տակ մեզ պարտադրել լավրովյան «խաղաղության» ծրագիրը` պարտության ու անպատվության դիմաց»։ Ոմանք էլ նույնը բանը տողատակերում փորձեցին տեղ հասցնել։ ՀՅԴ-ի անունից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձեւը»։ 

Նաեւ իրավիճակից ելք առաջարկեց․ «Մենք պետք է բեկում մտցնենք ռազմաճակատում ու գնանք դեպի հաղթանակ, այլ տարբերակ պարզապես չկա»։ Իսկ ի՞նչ են մտածում Արցախում․ լսեցինք իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Արզիկ Մխիթարյանի կարծիքը։

- Տիկին Մխիթարյան, նախօրեին ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել շատերի, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո նրանց հայտարարությունները հիմնականում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տիրույթում են, «Սասնա ծռերը» հիշատակեցին նաեւ, այսպես կոչված, «լավրովյան պլանի» մասին։ Ի՞նչ տեղեկություններ Դուք ունեք այս մասին, արդյոք հասե՞լ ենք այդպիսի հանգրվանի։

- Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ այդ ինֆորմացիան որքանով է ճիշտ։ Գիտեմ, որ եղել է արտախորհրդարանականների հետ հանդիպում, ու կարծում եմ, որ ցանկացած խորհրդակցություն պետք է միտված լինի խնդրի բարենպաստ լուծմանը եւ խաղաղություն բերի՝ ինչքան հնարավոր է շուտ, որովհետեւ ամեն վայրկյան զինվոր է զոհվում։ Բայց, իհարկե, լավրովյան այդ պլանը մեզ համար ոչ բարենպաստ է համարվում, դա ընդունելի չէ ոչ մի ղարաբաղցու համար, որովհետեւ, եթե թշնամին արդեն խեղդում է համարյա բոլոր այդ տարածքներից, ապա այդ տարածքները հանձնելուց հետո մենք անվտանգություն ապահովել չենք կարող։ Չեմ կարծում, թե որեւէ իշխանավոր կգնա նման խարդավանքի՝ գիտակցելով, որ հայ ժողովուրդը չի հանդուրժի նման լուծում։

- Դուք ինչպե՞ս եք տեսնում լուծումը՝ հաշվի առնելով նաեւ, որ հակառակորդը պատերազմ է մղում Սյունիքի մերձակայքում։ Ինչպե՞ս է հնարավոր գոնե կրակը կանգնեցնել։

- Եթե պետք է լավրովյան պլանն իրականություն դառնար այսքան զոհերի գնով, ուրեմն կարող էինք առանց պատերազմի անել այդքան բանը, ասեինք՝ տարածքները հանձնում ենք, եւ խաղաղ լուծում տային, բայց եթե մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը եւ հարյուրավոր զոհեր ենք տվել, գալ ու նորից մի այնպիսի եզրագծի կանգնել, ինչ-որ մի պլան իրականացնել, որի մասին ես չեմ էլ ուզում պատկերացնել, քանի որ այն հայանպաստ չէ։ Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ես կարծում եմ՝ արդեն որոշակի քայլեր արվում են դիվանագիտական խողովակներով, պարզապես ցավալին այն է, որ արդյունքները շատ դանդաղ են։

- Ի՞նչ նկատի ունեք, ասելով՝ արդյունքները շատ դանդաղ են։

- Ռուսաստանը թվում է, թե ենթատեքստով անընդհատ մեզ հուշում է, որ Հայաստանը պետք է դիմի, որպեսզի կոնկրետ քայլեր իրականացնի։ Ես չգիտեմ՝ ինչու են մեր իշխանությունները հապաղում, դա որեւէ կերպ, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եթե ժողովուրդը հասել է օրհասական վիճակի, եւ իրենք պարտավոր են դիմել ՌԴ-ին, այո, պարտավոր են, սա քմահաճույք չէ, սա պարտադրանք է, ու այս պայմաններում ես չգիտեմ, թե ինչու են հապաղում, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, խելամիտ կգտնվեն եւ կանեն այդ քայլը։
Ամբողջ ազգն այսօր գտնվում է պատերազմի մեջ, ի՞նչ է՝ մենք պիտի պարտադիր դիմենք Հայաստանին, ասենք՝ ճիշտ քայլե՞ր կատարեք։ Հայությունն է, չէ՞, պահանջում՝ դադարեցնել պատերազմը, կանգնեցնել կրակը, վերադառնալ խելամիտ որոշումների։ Իշխանությունը պարտավոր է այսպիսի պարագաներում հասկանալ՝ որտեղ է փրկությունը։ 

- Կարծում եք, որ Ռուսաստանը կարո՞ղ է վճռական ազդեցություն ունենալ այս պատերազմում՝ հաշվի առնելով, որ 23 օր ռազմական գործողություններ են ընթանում, Ադրբեջանի նախագահն է ռազմատենչ հայտարարություններ անում, որ ոչ մի բան չի կարող կասեցնել իրենց ընթացքը եւ այլն, եւ այլն։

- Իհարկե՝ կարող է, ո՞նց կարող է չկարողանա։