Հիտլերից մինչև Կառլ III. առաջնորդներ, ովքեր տարվել են գեղանկարչությամբ
Հայտնի քաղաքական շատ գործիչներ իրենց ուժերը փորձել են ոչ միայն հասարակական, քաղաքական ասպարեզում, այլև գեղանկարչության մեջ։ Ինչ-որ մեկը վերցրել է վրձինը՝ երկրի և աշխարհի կառավարման տաժանակիր աշխատանքից մի փոքր շեղվելու, հոգու հանգստության համար, ինչ-որ մեկն այդպես է արել՝թոշակի անցնելուց հետո, գեղարվեստական հաճույքի ակնկալությամբ։ Եվ այսպես, ովքե՞ր են այն աշխարհահռչակ քաղաքական առաջնորդները, որոնք տարվել են նկարչությամբ։
Ադոլֆ Հիտլեր
Իր քաղաքական գործունեության մի զգալի հատվածում ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը զբաղվել է արվեստով, որը նա անվանել է «այլասերված»։ Այնուամենայնիվ, տարբեր աղբյուրներից, ներառյալ նրա ինքնակենսագրականից, աշխարհը քաջատեղյակ է նկարչության հանդեպ Հիտլերի մեծ սիրո մասին: Նա ջանադիր կերպով ցանկանում էր նկարիչ դառնալ․ նույնիսկ երկու անգամ դիմել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա և երկու անգամ էլ՝ մերժվել է: Ավելի ուշ նա նկարազարդ բացիկներ է վաճառել, որոնք պատկերում էին ավստրիական քաղաքների փողոցները։ Որքան էլ տարօրինակ է, Հիտլերի ստեղծագործությունների մեծ մասը հանդարտ բնապատկերներ են, ճարտարապետություն և նատյուրմորտներ, առանց որևէ ակնարկի (գոնե առաջին հայացքից) այն հրեշի մասին, որը նա հետագայում դարձավ: Մնում է կռահել, թե ինչպես կփոխվեր համաշխարհային պատմությունը, եթե երիտասարդ դիմորդի նկատմամբ ավելի բարյացակամ լինեին վիեննական դպրոցի դասախոսները։
Ջորջ Բուշ կրտսեր
Բուշն, անկասկած, մեր ժամանակի ամենաքննարկվող քաղաքական գործիչներից մեկն է, ով սիրում է նկարել։ Երբ Միացյալ Նահանգների այս հակասական նախագահը զենքի և գրչի փոխարեն իր ձեռքը վերցրեց վրձինը, ամբողջ աշխարհը թեթևացած շունչ քաշեց: 2012 թվականին Բուշի երկու ինքնանկարները մեծ ալիք բարձրացրեցին համացանցում այն բանից հետո, երբ նրա հարազատներից մեկի էլեկտրոնային փոստը կոտրեցին: Իր գեղարվեստական վարժանքները Բուշը սկսեց իր շանը՝ Բարնիին և այլ կենդանիներին նկարելով։ Դալլասի թանգարանում, որը կրում է նախկին նախագահի անունը, պահվում են աշխարհի առաջնորդների ավելի քան 30 պատկերներ, այդ թվում՝ Թոնի Բլեյերի և Վլադիմիր Պուտինի դիմանկարները: Նկարչի խոսքով՝ ինքը դրանք նկարել է Google-ում և Wikipedia-ում եղած լուսանկարներից օգտվելով։
Ուինսթոն Չերչիլ
Ջորջ Բուշն ասել է, որ արվեստում իր գլխավոր ոգեշնչողը սըր Ուինսթոն Չերչիլն է։ Ուշագրավ է, որ բրիտանացի վարչապետի նկարներն աճուրդներում կլորիկ գումարներ են բերել։ Չերչիլը հիմնականում ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ։ Ինչպես ինքն էր խոստովանում, վրձին է վերցրել՝ դեպրեսիան կամ, իր բնորոշմամբ, «սև շանը» հաղթահարելու համար։
Դուայթ Էյզենհաուեր
ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը, ինչպես ամբողջ աշխարհում իր գործընկերներից շատերը, պնդում էր, որ վրձինն իր ձեռքն է վերցրել Չերչիլի օրինակով: Սպիտակ տուն տեղափոխվելուց առաջ նա զմայլված դիտում էր, թե ինչպես է նկարիչ Թոմաս Էդգար Ստեֆենսը նկարում իր կնոջ՝ Մեմիի դիմանկարը։ Հետո Էյզենհաուերը սկսեց հետաքրքրվել արվեստով։ Ավելի ուշ Սթիվենսը նկարչական հավաքածու ուղարկեց քաղաքական գործիչ ընկերոջը, թեև նախագահը մինչև վերջ լուրջ չէր վերաբերվում իր հոբբիին: Լրագրող Ռիչարդ Քոհենի հետ զրույցում, երբ հարցրել են իր նկարներից մեկի սիմվոլիզմի մասին, Էյզենհաուերը պատասխանել է. «Եկեք անկեղծ լինենք, Քոհեն: Եթե ես չլինեի Միացյալ Նահանգների նախագահը, այս աղբը վաղուց այրված կլիներ»:
Վիկտորիա թագուհի
Միացյալ Թագավորության վառ կերպարներից մեկը՝ Վիկտորյա թագուհին իր կյանքի օրոք թագավորական ընտանիքի անդամների դիմանկարների էսքիզներ է արել, որոնք ոչ մի կերպ նախատեսված չեն եղել օտար աչքի համար։ Երբ ինչ-որ լրագրող հայտնել է դրանց գոյության մասին, Նորին Մեծությունը դատական հայց է ներկայացրել։ Սա լրատվամիջոցների դեմ հանրային անձի ներկայացրած դատական հայցի ամենահին օրինակներից է: Այնուամենայնիվ, 2012-ին նրա աշխատանքները ցուցադրվեցին Dominic Winter գրքերի աճուրդում, որտեղ բոլորը կարող էին տեսնել դրանք: Սրանք գողտրիկ էսքիզներ են, որտեղ պատկերված են Վիկտորիայի դուստրերը լոգանք ընդունելիս կամ արքայական զգեստներ հագած: Թագուհու կերտած նկարները մարդկանց համար բացահայտեցին նրա տաղանդը, որի մասին մինչ այդ քչերը գիտեին։
Ջիմի Քարթեր
Գծանկարչությամբ զբաղվող ԱՄՆ-ի մեկ այլ նախկին նախագահ՝ Ջիմի Քարթերը հրապարակայնորեն գովեց Ջորջ Բուշ կրտսերին գեղանկարչության բնագավառում նրա նվաճումների համար՝ ասելով, որ նա «շատ հետաքրքիր աշխատանք» է անում: Քարթերը սկսեց նկարել նաև Սպիտակ տնից հեռանալուց հետո: Նրա հոբբիներից են փայտի փորագրությունն ու գինեգործությունը, սակայն հենց Ամերիկայի 39-րդ նախագահի նկարներն են վաճառվում մինչև 250 հազար դոլարով։ Վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվում է Carter Center հիմնադրամին, որը պայքարում է անօթևանության, սովի և հիվանդությունների դեմ:
Կառլ III
Միացյալ Թագավորության նոր միապետը՝ Կառլ III-ը ստեղծում է ջրաներկային գեղատեսիլ բնապատկերներ աշխարհի տարբեր վայրերից, ներառյալ՝ Ավստրալիան, Ասիան, Ջամայկան և, իհարկե, թագավորական այգիները: Ժամանակին Կառլ III-ը նկարահանվել է «Royal Paintbox» վավերագրական ֆիլմում, որտեղ ներկայացված են քիչ հայտնի նկարներ, որոնք դարերի ընթացքում ստեղծվել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամների կողմից:
Էդի Ռամա
Ի տարբերություն այս ցուցակի կառավարողներից շատերի՝ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման մինչև քաղաքական գործիչ դառնալը արվեստագետ-նկարիչ էր։ Նրա ցուցահանդեսներն անցկացվել են Փարիզում, Բեռլինում և Բրազիլիայում։ 2012 թվականին, որպես Տիրանայի քաղաքապետ, նա օգտագործեց իր արվեստի ուժն ու գեղեցկության զգացողությունը՝ շունչ հաղորդելու քաղաքին, որը դժվար ժամանակներ էր ապրում: Նրա հրահանգով որոշ մոխրագույն տներ ներկվեցին նարնջագույնով։ Երբ Ռաման որոշեց պայծառություն հաղորդել այլ շենքերի, բախվեց ԵՄ որոշ երկրների դիմադրությանն ու քննադատությանը։ Այնուամենայնիվ, նա հակադարձեց բոլորին՝ նշելով հետևյալ. «Երբ գույներն ամենուր են, մարդիկ տոգորված են փոփոխության ոգով... Նրանք ավելի քիչ աղբ են նետում փողոցներում և սկսում են հարկեր վճարել»:
Կարծիքներ