Կարեն Կարապետյանի հայտնությունը հանրությանը

Կարեն Կարապետյանի հայտնությունը հանրությանը

Երեկ ԱԺ էր այցելել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Եկել էր՝ մասնակցելու ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ «Ռուսական» գործիչ Կարեն Կարապետյանը եկել էր ամերիկյան սեւ Cadillac Escalade-ով՝ հետեւի ապակին իջեցրած։ Նա արդեն իսկ հեռվից նկատել էր ԱԺ բակում իրեն սպասող լրագրողներին։ Մեքենայից իջավ իրեն հատուկ դրայվով՝ ակնոցն աչքերին, «ստիլնի» հագուկապով։ Իջավ, թե չէ՝ 2 տարուց ավելի Կարապետյանին չտեսած լրագրողները հարձակվեցին, որ հարցախեղդ անեն։ «Էս սոցիալական դիստանցիա չկա՞»,- անակնկալի եկավ Կարապետյանը, ապա խնդրեց սպասել՝ նիստի վերջում կպատասխանի մեր հարցերին։ Հընթացս փորձեց մեր սիրտը շահել․ «Ես էլ ձեզ եմ կարոտել»։

Առհասարակ անհասկանալի է, թե ինչու էին այս հանձնաժողով հրավիրել Կարեն Կարապետյանին։ Տպավորություն է, որ հանձնաժողովի տխրահռչակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է ինչքան նախկին բարձրաստիճան պաշտոնյա կա, հերթով հրավիրել հանձնաժողով, երեւի որ այդպիսով նախ առիթ լինի նրանց քծնելու, երկրորդ՝ նրանց շնորհիվ բարձրացնի իր եւ այս անհասկանալի հանձնաժողովի չունեցած ռեյտինգը։ Ու այս իմաստով զարմանալի է, թե ինչու են բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը, ընդունել հանձնաժողովի հրավերն ու եկել նիստին մասնակցելու։ Իհարկե, Կարեն Կարապետյանը գուցե ուներ ասելիք հանձնաժողովին, քանզի նա 2017 թվականի մարտի 1-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր․ «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»։

Բայց եթե սա էր հիմնական հարցը Կարեն Կարապետյանին, ապա ինչո՞ւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էլ չեն հրավիրում, որը Կարապետյանի այս հայտարարության հետ կապված հարցին ի պատասխան հայտարարել էր, թե «2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման եւ, հետեւաբար, մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»։ Գուցե իրե՞ն էլ հրավիրեին՝ հասկանալու այս հակասության պատճառը եւ այն, թե ով է ճիշտ ասում, ով՝ ստում։ Հանձնաժողովականներն այս մասով հստակ պատասխան չունեին՝ նրանց պետք էր Կարեն Կարապետյանին հրավիրել, որը նախկիններից է, այլ ոչ Դավթյանին, որը վաղուց արդեն նախկին չէ եւ վայելում է գործող քաղաքական իշխանության հովանավորչությունը։
Մյուս կողմից, եթե Կարեն Կարապետյանին հրավիրում են այս հանձնաժողով, ապա պետք է հրավիրեն նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վարչապետ եղած Հովիկ Աբրահամյանին նույնպես։ Տրամաբանորեն՝ Աբրահամյանն ավելի շատ պետք է ինֆորմացված լիներ, քան Կարապետյանը, որը պատերազմից հետո է վարչապետ նշանակվել։ Թեպետ՝ մեծ հաշվով երկուսն էլ բանակից այնքան տեղեկություն չպետք է ունենային՝ որպես վարչապետ, որքան Սերժ Սարգսյանը, քանի որ այն ժամանակ Սահմանադրության ուժով գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն էր, հետեւաբար, նա էր ամենաշատ ինֆորմացված, այլ ոչ թե վարչապետը։ Բայց Հովիկ Աբրահամյանի մասով եւս հստակ պատասխան չհնչեց, թե ինչու նրան էլ չեն հրավիրում այս հանձնաժողով՝ «հարցաքննության»։

Ինչեւէ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը տեւեց մոտ 5 ժամ, Կարեն Կարապետյանի հետ հարցուպատասխանը նկատելի կարճ տեւեց՝ ընդամենը մեկ ժամ։ Թերեւս ե՛ւ շատ հարց չունեին նրան, ե՛ւ նա է իրեն հատուկ լակոնիկ ոճով կարճ պատասխաններ տվել։ Դուրս գալուց հետո նա մի քանի րոպե շփվեց լրագրողների հետ՝ հարցերին տալով հիմնականում կարճ, ոչ բովանդակային, բայց որոշակի եզրահանգումների տեղիք տվող պատասխաններ։

Նախ անորակ կերոսինի մասով ասաց, որ ինքը պատասխանել է բոլոր հարցերին, սակայն չի կարող բացահայտել, քանի որ պետական գաղտնիք է, նիստն էլ փակ էր։ Ըստ էության՝ ապրիլյանի թեմայով Կարեն Կարապետյանը որեւէ բան չասաց՝ հարցը թողնելով հիմնականում Սերժ Սարգսյանի ուսերին։ Տեսանք, որ ապրիլյանի թեմայից հույս չկա, անցանք ներքաղաքական հարցերին։ Կարապետյանն ասաց, որ հետեւում է ներքաղաքական իրադարձություններին, կառավարության աշխատանքին, գործող կառավարությանը հաջողություններ է մաղթում, որ հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք այս բարդ իրավիճակից, սակայն կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չէ։

Հարցրինք նաեւ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից, ինչու է որոշել միջնորդել դատարանին, որ փոխեն նրա խափանման միջոցը։ Կարապետյանը տվեց բավականին հանգամանալից պատասխան․ «Նախեւառաջ ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որպեսզի Մարտի 1-ի հետ կապված՝ հասարակության մեջ ձեւավորված հարցադրումներին տրվեն մաքսիմալ պատասխաններ, որպեսզի բաց տեղ չլինի, եւ այն համապատասխան նստվածք չտա: Երկրորդը․ ես հարգում եմ եւ գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը եւ ավանդը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախության կայացման գործընթացում: Երրորդը․ 2 տարի է համարյա, որ այդ դատական պրոցեսը գնում է, եւ հավանական է, որ շատ երկար ժամանակ այն կարող է դեռ տեւել: Այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ տվել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»։

Մեր հարցին՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է, արդյոք, իշխանությունների կողմից, նախկին վարչապետն ասաց. «Գիտե՞ք ոնց, ինձ թվում է՝ այս պրոցեսը բավականին գրգռված եւ քաղաքականացված է: Ինչպես կգնահատեն իմ քայլը, ես այն հիմնավորել եմ եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, չէ՞: Որեւիցե մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք ընդամենը ասում ենք՝ հաշվի առնելով այս հանգամանքները՝ այդ նույն պրոցեսը կատարեք խափանման միջոցը փոխելով»:

Իսկ Սերժ Սարգսյանի մասով էլ՝ շփվո՞ւմ է նրա հետ։ Կարապետյանն ասաց՝ մի քանի օր առաջ զանգահարել եւ շնորհավորել է նրա տոնը։ Ամենամեծ ինտրիգը նախկին վարչապետը ստեղծեց, երբ հետաքրքրվեցինք, թե 2018-ին իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ինչ պայմանավորվածություն է եղել, եւ ինքն, արդյոք, Սերժ Սարգսյանի փոխարեն պետք է դառնար երկրի վարչապետ։ Ասաց, որ ինչ պայմանավորվել են, դա իրենց ներքին պայմանավորվածությունն է եղել, որը չի կարող բացահայտել: Այսինքն՝ չհերքեց, որ պայմանավորվածություն եղել է։ Այս ամենով հանդերձ՝ վերջում հատուկ ընդգծեց․ «Քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ»։