Տնտեսության վիճակը գնահատում եմ ծանր

Տնտեսության վիճակը գնահատում եմ ծանր

Հեղափոխության ժամանակ՝ 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանի հաղթանակում իր յուրօրինակ ներդրումն ունեցավ նաեւ Սերժ Սարգսյանի վարչապետ Կարեն Կարապետյանը, որը, ասում էին՝ «տակից» աջակցում է հեղափոխությանը, քանի որ նեղված էր առաջին փոխվարչապետի կարգավիճակից։ Նրան Ռուսաստանից հրավիրելով Հայաստան՝ Սերժ Սարգսյանը խոստացել էր վարչապետ նշանակել եւ հեռանալ՝ նրան հանձնելով իշխանությունը, սակայն կեսից փոշմանեց եւ որոշեց Սահմանադրությունը փոխել ու եւս մի 10 տարի կառավարել՝ դրանով իսկ հեղափոխական իրավիճակ ստեղծելով երկրում։ 

Ահա, Կարեն Կարապետյանը երեկ խորհրդարան էր ժամանել, մենք մի քանի հարց ուղղեցինք նրան՝ կապված իր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների հետ, եւ հարցրինք՝ ի՞նքն է, արդյոք, Նիկոլ Փաշինյանին ազատել բանտից, երբ հեղափոխության օրերին Էրեբունուց նրան իր ընկերների հետ ձերբակալեցին: Նաեւ տնտեսությունից մեկ-երկու հարց տվեցինք, քանի որ ասել էր՝ Փաշինյանի կառավարությանը հաջողություն է մաղթում, սակայն շատ հարցերում համակարծիք չէ այս կառավարության հետ։

«Ես չեմ գնացել ազատել Նիկոլ Փաշինյանին, ես գնացել հանդիպել եմ, միջնորդել եմ դատախազին, որպեսզի ազատեն»,- ասաց նա:

- Իսկ ինչո՞ւ եք դա արել:

- Որպեսզի այն իրավիճակից, որում մենք գտնվում էինք, դուրս գայինք տրամաբանորեն:

- Ինչ-որ պայմանավորվածություն եղե՞լ է Ձեր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, որ գուցե Դուք պետք է գաք իշխանության կամ մնաք իշխանության մեջ:

- Այդ հարցը հնչել է, եւ պարոն Փաշինյանի հետ ինչ որ խոսել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է:

- Դուք Ձեզ խաբված զգո՞ւմ եք, պարոն Կարապետյան:

- Ոչ:

- Ձեզ ոչ մի խոստում չէի՞ն տվել…

- Ոչ:

- Պարոն Կարապետյան, ասում են՝ մինչեւ հիմա գործող կառավարությունը դեռ Ձեր թողած տնտեսական ցուցանիշների ստեղծած իներցիայով է առաջ գնում, ի՞նչ կասեք այս մասով։

- Մեր բազան հիմք ունի այսօրվա տնտեսական ցուցանիշների հարցում։

- Ինչպե՞ս եք գնահատում այս պահին մեր տնտեսության վիճակը։

- Ծանր։

- Այդ դեպքում ինչո՞ւ չկարողացան Ձեր թողածն արդյունավետ օգտագործել։

- Ես կորոնավիրուսի հետ կապված ասացի։