«Հրապարակ». Թուրքիան մշտապես աշխատել է այդ ուղղությամբ` փորձելով մեզ գցել ծուղակը

«Հրապարակ». Թուրքիան մշտապես աշխատել է այդ ուղղությամբ` փորձելով մեզ գցել ծուղակը

Արդեն կասկածից վեր է՝ այս իշխանությունը որոշել է մեր անցյալը ջնջել, պատմությունը սրբագրել։ ՔՊ-ականները ժխտում են ոչ միայն Հայաստան պետության ու հայ ժողովրդի անցյալի ձեռքբերումները՝ անարգելով արցախյան հաղթանակը, այլեւ մեր պատմության ամենաողբերգական էջը՝ Հայոց ցեղասպանությունը։ Վերջին օրերին նրանց  հայտարարությունները, որոնք հենց այնպես չեն արվում, հիմք են տալիս պնդելու՝ ժխտողականությունն այս իշխանության անբաժան մասն է դարձել, որքան էլ Անդրանիկ Քոչարյանը փորձի սրբագրել ինքն իրեն, թե ցեղասպանության զոհերի ցուցակների մասին հայտարարությունն իր անձնական մոտեցումն էր, ոչ թե Փաշինյանի ծրագիրը։ Ի դեպ, այն նույն Փաշինյանի, ով նախօրեին ցեղասպանության պահանջատիրության խնդիրը պայմանավորել էր ԽՍՀՄ-ՆԱՏՕ հարաբերություններով ու միջազգայնորեն ընդունված տերմինի՝ «ցեղասպանության» փոխարեն օգտագործել «Մեծ եղեռնը» կամ «դժբախտությունը»։ Մասնագետները միաբերան պնդում են՝ խաղը, որի մեջ փորձում է մտնել իշխանությունը, թուրքական է։ 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն ասում է՝ թուրքական կողմը մշտապես փորձել է Հայոց ցեղասպանության խնդիրը զոհերի թվային տվյալների դաշտ բերել՝ մի բան, որը նրան չի հաջողվել։ «Ցեղասպանության հանցագործությունը ոչ թե շատ մարդկանց սպանություն է, ինչպես մեզ մոտ շատերը  սխալմամբ կարծում են, եւ ինչպես վերջին օրերին երեւաց` կարծում են նաեւ որոշ պաշտոնյաներ, այլ որոշակի մարդկային խմբի ոչնչացմանն ուղղված գործողություն, եւ բոլորովին կարեւոր չէ, թե քանի մարդ է ոչնչացվել կամ սպանվել, ավելին՝ կարող են լինել դեպքեր, երբ մարդկային խումբը չի ցեղասպանվում, օրինակ, տեղահանվում կամ ուծացվում է։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում՝ Բոսնիայի, 2007 թվականի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը կա, որտեղ ընդունվում է, որ 1994 թվականին Բոսնիայում տեղի ունեցածը ցեղասպանություն էր, թեեւ այդ որոշումը կայացվել էր Սրեբրենիցայի 7 հազար տղամարդկանց սպանության դեպքում։ Ես չեմ ասում «ընդամենը», որովհետեւ 7 հազարն էլ ահռելի թիվ է, բայց ուզում եմ ասել, որ, տեսեք` 7 հազար տղամարդու սպանությունը բավարար էր, որպեսզի այդ խմբի ոչնչացման գործողությունը հստակ արձանագրվի որպես ցեղասպանություն»,- «Հրապարակ»-ին ասում  է Սուրեն Մանուկյանը։ 

Թուրքական ժխտողականության մեխանիզմը տասնամյակներ շարունակ աշխատել է այն տրամաբանությամբ, որն այսօր Հայաստանի իշխանությունն է նետում դաշտ՝ կասկածի տակ դնել թիվը, այն դեպքում, երբ «ցեղասպանություն» եզրույթն իրավական տերմին է, ու դրա մասին խոսելիս պետք է հաշվի առնել հենց իրավական բնորոշումը, որը տվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայով։ 

«Ես ցիտում եմ իրեն. ասում էր՝ մենք պետք է, ի վերջո, ունենանք այդ ցուցակը, որպեսզի հանկարծ չհակադարձեն։ Սա նշանակում է` մտնել մի ծուղակ, որտեղ Թուրքիան մշտապես փորձել է մեզ գցել։ Իրենք ասում են. դուք՝ հայերդ, ստում եք 1,5 միլիոն թվի մեջ, եւ դրանում կասկած են առաջացնում։ Դու մտնում ես իրենց հետ այդ խաղի մեջ ու երբ չկարողանաս ապացուցել, որ իրոք զոհերի թիվը 1 միլիոն 500 հազար է, որովհետեւ դա գործնականում շատ բարդ է՝ Օսմանյան կայսրություն էր, արխիվները նպատակադրված ոչնչացվում էին, իրենք կարող են որպես փաստարկ վերցնել ու ասել՝ տեսե՛ք, հայերն այստեղ ստում են, ուրեմն գլոբալ հարցում էլ են ստում։ Որեւէ գիտնական, ցեղասպանագետ չի մտնի դրա տակ եւ երբեւէ չի մտել։ Մշտապես, երբ թուրքական կողմը նրանց փորձել է ներքաշել այս դաշտ, ստացել է մեկ պատասխան՝ թվերը կարեւոր չեն, սա՝ առաջին, եւ երկրորդ` կասկած չկա, որ 1,5 միլիոն մարդ, առնվազն, ցեղասպանության է ենթարկվել։ Սա զոհերի վավեր եւ ամենահավանական թիվն է, սա են վկայում արդեն հարյուր տարուց ավելի ընթացող հետազոտություններն ու ուսումնասիրությունները, մարդիկ աշխատել են, հազարավոր գրքերում արձանագրված է դա, մարդիկ հիմք են ունեցել այդ թիվն օգտագործելու համար»,- շարունակում է ցեղասպանագետը։

Կարո՞ղ է արդյոք այս քննարկումը, ի վերջո, հանգեցնել թուրքական կողմի՝ այդքան փափագած պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը։ Սուրեն Մանուկյանն այս սցենարը չի բացառում։ Նկատում է՝ շուրջ երկու տարի է՝  հայ-թուրքական գործընթացը մեկնարկել է, բայց լայն առումով, հասարակությունը տեղյակ չէ, թե դրա շրջանակում ինչ է քննարկվում։ Գիտենք միայն, որ կողմերը պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում։ Ոչ մի հավելյալ ինֆորմացիա։ «Ինչ-որ բան քննարկում են, ի վերջո, հնարավոր է, որ այս հարցն էլ են քննարկում։ Հոգուս խորքում ուզում եմ հավատալ, որ մեր կողմի բանակցողները, գոնե Հայոց ցեղասպանության հարցում, չեն գնում ոչ մի բանակցությունների»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Դեռ 2005-ին թուրքական կողմը ՀՀ նախագահին ուղղված նամակով փորձում էր հասնել պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն։ Այն ժամանակ դա Թուրքիային չհաջողվեց։ Մյուս փորձն Անկարան կատարեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շրջանում՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ։ Կրկին չստացվեց։ Թուրքական օրակարգը նախկինում արձագանք չէր գտնում ո՛չ հայկական իշխանության, ո՛չ էլ գիտական հանրույթի կողմից։ 

Հայոց ցեղասպանության զոհերի անունները, արխիվային տեղեկությունները մշտապես հավաքվել են Հայոց ցեղասպանության թանգարանի, սփյուռքյան կառույցների ու հայրենակցական միությունների կողմից։ Դրանցից յուրաքանչյուրը մի մարդու պատմություն, մի ճակատագիր է, բայց այն, ինչ նետվել է օրակարգ, այլ բան է ենթադրում։ Ցեղասպանագետը զարմացած է՝ ինչո՞ւ է իշխանությունն օրակարգ բերում մի բան, որը գործառնական որեւէ օգուտ տալ չի կարող։ «Ցանկացած իշխանություն, բանական, տրամաբանական է, որ պետք է փորձի հանգստացնել հասարակությանը, նրան զերծ պահել ավելորդ էմոցիոնալ խնդիրներից, լարվածությունից, փորձի համախմբել հասարակությանը, եւ Հայոց ցեղասպանությունն այն եզակի թեմաներից մեկն է, որը միավորում է հայությանը։ Մենք ունենք տարբեր քաղաքական հայացքներ, հայությունը տարբեր երկրների քաղաքացի է, խոսում է տարբեր լեզուներով, անգամ կրոնական հայացքներով կարող է տարբերվել, բայց կա մի հարց, մի թեմա, որը միավորում է բոլորին, ու դա Հայոց ցեղասպանությունն է։ Հիմա բերել դաշտ այդ թեզը, դրա շուրջ թեժ քննարկում առաջացնել, չեմ հասկանում դրա գործառնական նշանակությունը»,- տարակուսում է մեր զրուցակիցն ու հիշեցնում արտաքին մարտահրավերներն ու ճնշումները, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանը։

Մարիաննա Ղահրամանյան