Դպրոցի տնօրենին ազատել, մեկ այլ դպրոցում պաշտոնակատար է նշանակել

Դպրոցի տնօրենին ազատել, մեկ այլ դպրոցում պաշտոնակատար է նշանակել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ հուլիսի 22-ից պաշտոնից ազատվել է Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի տնօրեն Հայկ Ֆելիքսի Բախչինյանը։

Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնվել է նույն դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ  Արմինե Աթաբեկյանին։ 
Քաղաքապետի հուլիսի 21-ի մեկ այլ որոշմամբ՝ պաշտոնից ազատված Հայկ Բախչինյանը նշանակվել է Երևանի 180 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար, իսկ 180 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ամալյա Մաթոսյանը հուլիսի 22-ից ազատվել է Երևանի համար 180 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչո՞վ են պայմանավորված  նման փոխատեղումները․124 դպրոցի տնօրենն ազատվում է պաշտոնից և նշանակվում այլ դպրոցում տնօրենի պաշտոնակատար։ Մեզ հետ զրույցում Հայկ Բախչինյանն ասաց, որ համար 124 դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն, իսկ թե ո՞րն էր դիմումի պատճառը, Բախչինյանը չցանկացավ հեռախոսով մանրամասնել՝ նշելով, որ դրանց մասին կարող է խոսել միայն հանդիպման դեպքում։ Նա նաև նշեց, որ անպայմանորեն հավակնում է արդեն 180-րդ դպրոցի տնօրենի պաշտոնին։ Զրուցեցինք նաև 180-րդ դպրոցի տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ամալյա Մաթոսյանի հետ, նա ևս նշեց, որ ազատվել է իր դիմումի համաձայն, քանի որ ունի առողջական խնդիրներ․

«Մի տարի ես եղել եմ տնօրենի պաշտոնակատար, առողջական խնդիրներ ունեմ, զգացի, որ շարունակել չեմ կարողանա։ Ես դիմել եմ քաղաքապետին, որ առողջական խնդիրներ ունենալու պատճառով խնդրում եմ ինձ ազատեք տնօրենի պաշտնակատարի պարտականություններից։ Ես տնօրենի պաշտոնին չեմ հավակնում, ես ուսումնական գծով փոխտնօրեն էի, կրկին անցել եմ իմ պաշտոնին։ Մի ամբողջ տարի ես պաշտոնավարել եմ 2 պաշտոնում՝ տնօրենի պաշտոնակատար և ուսումնական գծով փոխտնօրեն, պատկերացրեք, թե ինչքան էի գերհոգնել ՝ գումարած առողջական խնդիրները»,- ասաց Մաթոսյանը։

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ քաղաքապետարանից, սակայն գրավոր հարցում պահանջեցին։