Սորոսական դեսանտ՝ հայոց դպրոցում

Սորոսական դեսանտ՝ հայոց դպրոցում

«Հայ եկեղեցու պատմությունը» իբրև առանձին ուսումնական առարկա հանրակրթական դպրոցի ծրագրերից բարեհաջող վտարելուց հետո հայ դպրության գործի նոր՝ սորոսական ծագման «նվիրյալներն» անցել են հայ գրականությանը: ԿԳՄՍ` կասկածելի որակներով ու կողմնորոշմամբ նախարարության հովանու ներքո արդեն մեկ տարի մի մասնագիտական խումբ է որպես թե աշխատել՝ գրականության դպրոցական ծրագրեր կազմելու նպատակով, բայց ծրագրերը հանրությունից առայժմ գաղտնի են պահվում: Իբր՝ սևագիր վիճակում են` դրա համար, բայց դա համոզիչ բացատրություն չէ, որովհետև մեկ այլ ամոթալի սևագրություն` հայոց լեզու և գրականություն առարկաների ծրագրերի նախագծերը, վերոնշյալ նախարարության պաշտոնական կայքում զետեղված են արդեն քանի օր` իբրև լեզվական անգրագիտության ու փնթիության նշան խարանելով այս նախարարության դեմքը: Եվ քանի որ մեր հայրենապաշտ իշխանությունները սիրում են գործել գաղտնի, ստիպված գործի է անցել ժողովրդական «անվտանգության ծառայությունը», և թաքուն պահվող գրականության ծրագրերից որոշ մանրամասներ արդեն հայտնի են դարձել:

Մինչ այդ՝ փորձագիտական խումբը և նրա ղեկավար Թամարա Ալեքսանյանը լայն հարձակողական ճակատ են բացել սոցցանցերում` փնովելով բոլոր նախկին գիտնականներին ու մանկավարժներին, ովքեր երբևէ զբաղվել են դպրոցական ծրագրեր կազմելու կամ գրականության դասագրքեր ստեղծելու գործով: Ավելին՝ վերոհիշյալ տիկինը նախկիններին քամահրաբար «ակադեմիզմի» մեջ է մեղադրում՝  հաստատ չհասկանալով այդ բառի իմաստն ու նշանակությունը, ինչպես նաև չիմանալով, որ «ակադեմիական այր» չի լինում, ինչպես ինքն է ասում իր մի կոչի մեջ` ուղղված մանկավարժներին: Ի դեպ, անգրագետ այդ կոչով տիկինը  շարունակում է իշխանությունների` հասարակությունը սև ու սպիտակի բաժանելու գործելաոճը, որովհետև մանկավարժական հանրությանն անթաքույց կոչ է անում «բռունցքվել» (տիկնոջ բառն է) ընդդեմ «ակադեմիական այրերի»: Ա՛յ քեզ բան: Ա՛յ քեզ անմտություն: Բայց տիկնոջը թողնենք իր գերակտիվ տգիտության մեջ և տեսնենք, թե հայ դպրոցականին ի՛նչ է առաջարկում հայոց դպրոց դեսանտ իջեցված սորոսախումբը: 

Նշենք, որ այդ խմբի կողմից արդեն հրապարակ է նետվել ոչ միայն ապազգային, այլև հակամանկավարժական ու հակագիտական մի դրույթ, ըստ որի`  «հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է»: Փաստորեն` գրականություն ուսուցանում են ոչ թե դպրոցականների գեղագիտական ու բարոյական դաստիարակության, գեղագիտական աշխարհընկալման ձևավորման նպատակով, այլ՝ որպեսզի գրականության օգնությամբ դպրոցականները «հիմնականում»… տեքստ ստեղծել սովորեն: Այսպե՛ս նսեմացնել գեղարվեստական գրականությունը` իջեցնելով նրան, վարչապետի բառով ասած` «մատերիալի» մակարդակի, դեռ ոչ մեկը չի համարձակվել, որովհետև ոչ մեկի համար և երբեք գրականությունը մատերիալ չի դիտարկվել ու այդ նշանակությամբ չի օգտագործվել: (Եթե իսկապես լեզու և գրականություն ուսուցանում են տեքստ ստեղծելու կարողություններ զարգացնելու համար, ապա հանձին Թ. Ալեքսանյանի՝  նրա ուսուցիչները ակնհայտորեն ձախողել են, որովհետև վերջինս այդպես էլ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր տեքստ ստեղծել չի սովորել: Պարզունակ-ռամկական լեզվամտածողությամբ, չյուրացված բառապաշարով, քերականական վայրիվերումներով խոսող-գրող սույն տիկինը,  եթե կամենա, առանձին կանդրադառնամ տեքստ ստեղծելու իր թշվառ կարողություններին, բնականաբար՝  օրինակներով, մեջբերումներով և անհրաժեշտ հղումներով):
Հիմա վերադառնանք ժողովրդական «անվտանգության ծառայության» մեկ-երկու բացահայտումներին, որոնք վերաբերում են հանրակրթական դպրոցի գրականության դասագրքերին:

Արդեն հայտնի է, որ գրականության դասագրքերից հանված են հին և միջնադարյան պատմագիրները: Մովսես Խորենացուն կամ Եղիշեին դպրոցականները պիտի ծանոթանան ընդամենը հայ ժողովրդի պատմության դասագրքերից. ախր նրանք ի՛նչ գրող կամ ստեղծագործող: Խորենացին ո՛վ է, ասենք, արդի հայ գրող Արմեն Օհանյանի համեմատ: Եղիշեն ո՛վ է` Գրիգի համեմատ: Գրականության դասագրքերից վտարված են միջնադարյան տաղերգության անկրկնելի նմուշներից հայրենները: Երեխաները հայրեններին ծանոթանալու են Համո Սահյանի հայրեններն ուսումնասիրելիս. ընդամենը:  Սա տգիտության, հակագիտականության աննախադեպ օրինակ է: Ծրագրի հեղինակները մոռացել են, որ հայրենը տրիոլետի կամ սոնետի նման բանաստեղծության կառուցման սոսկ ձև չէ, որ երբ ուզես` օգտագործես, այլ պատմական և ազգամշակութային երևույթ՝ հատուկ միայն միջնադարին: Իսկ Սահյանի հայրենները, նույնիսկ իրենց տաղաչափական հարազատությամբ այդ տեսակին, հայրեններ չեն, քանի որ վերջիններս բնութագրվում են նաև յուրահատուկ լեզվով և լեզվամտածողությամբ:  

Զավեշտի է նման Սայաթ-Նովային Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքի «առիթով» ծանոթացնելու մեթոդաբանությունը: Եվ միայն պատկերացնել կարելի է, թե դա ի՛նչ անգնահատելի նվեր է ադրբեջանցիներին ու վրացիներին, որոնք անարյուն հաղթանակ են տանում Սայաթ-Նովայի ոչ հայ լինելու համար մղած դարավոր պայքարում: Այսպես մենք իրար ետևից մշակութային դիրք ու ամրոց ենք հանձնում, բայց դրա անունը դնում ենք… նոր մտածողություն: Ողբա՛մ «մտածողին»:
Հայտնի է նաև, որ ծրագրերը կազմողները նախատեսել են դասագրքերում հայ դասականների փոխարեն ներառել առավելապես նոր և նորագույն շրջանների հեղինակների: Ահավասիկ` Արամ Պաչյան, Հրաչյա Սարիբեկյան, Արմեն Օհանյան, Հուսիկ Արա, Վիոլետ Գրիգորյան, Ներսես Աթաբեկյան, Հովհաննես Գրիգորյան… Մի կողմ թողնենք, դիցուք, Հուսիկ Արա բանաստեղծի ներդրումը հայ ժամանակակից պոեզիա, մի քիչ զարմանանք գրականության դասագրքեր Վիոլետ Գրիգորյանի ներառմամբ, տարակուսենք Ա. Օհանյանի ներկայությամբ և մի պահ կենտրոնանանք հեղինակներից Հովհ. Գրիգորյանի ստեղծագործության վրա, որից 7-րդ դասարանի գրականության դասագրքում, օրինակ, պարտադիր ուսուցման համար լինելու է «Հայաստան» բանաստեղծությունը: Այս բանաստեղծությունը Հովհ. Գրիգորյանի այցեքարտն է, որով նա առավելապես հայտնի է: Բայց, ավաղ, այդ բանաստեղծության «բնագիրը» ոչ թե Հովհ. Գրիգորյանի անձնական արխիվում է, այլ… Վահագն Դավթյանի մի գրքում: Ստորև ներկայացնում եմ Հովհ. Գրիգորյանի վերոհիշյալ բանաստեղծությունը և Վ. Դավթյանի բանաստեղծությունից մի հատված, որպեսզի ընթերցողը կարողանա համեմատել երկու գրվածքները ոչ միայն թեմատիկ, այլև պատկերային, բառապաշարային նույնության առումով:
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
Իսկ սա Դավթյանի «Յոթ երգ երկրին» շարքի մի բանաստեղծությունն է` գրված դեռ 1963 թվականին:
Դու փոքր ես, 
Երկի՛ր, 
Սրտի չափ ես դու,
 Եվ դրա համար
Իմ սրտի մեջ եմ ես քեզ միշտ պահում։

Նա, ով կասի, որ առաջին բանաստեղծությունը երկրորդի ընդլայնված վարիացիան չէ, ուրեմն բան չի հասկանում պոեզիայից, պատկերից ու բառից: Իսկ ինչո՛ւ եմ անում այս համեմատությունը: Ընդամենը ցույց տալու համար, որ կասկածելի արժեքներ գրականություն բերելու այս մոտեցումը ոչ միայն հակագիտական է, այլև հակամանկավարժական: Հայ դպրոցականին պիտի կրթել իսկապե՛ս գրական արժեքներով, ոչ թե ծրագրերը կազմողների սուբյեկտիվ ճաշակով ու նախընտրություններով: Ասեմ, որ վերոբերյալ հեղինակների ցանկն է նաև մեծավ մասամբ կասկածելի. ակնհայտ է, որ այն «անտարեսյան» ծագում ունի, իսկ ցանկի կնքահայրը արդի հայ գրականագիտության մեդալակիրներից Արքմենիկ Նիկողոսյանն է: Ի դեպ, «անվտանգության ծառայությունը» վստահ է, որ Ա. Նիկողոսյանը Թ. Ալեքսանյանի փորձագիտական խմբի անդամներից է:

Իսկ թե ինչպե՛ս է Ա. Նիկողոսյանը հնարավոր համարել աշխատել Թ. Ալեքսանյանի «ձեռքի տակ», ինձ համար մի քիչ զարմանալի է, բայց չար լեզուները դա պնդում են համառորեն…
Ծրագրերը և դասագրքերը հայ դասականներից «մաքրելով»՝ սորոսախումբը լուծում է նաև գրականության ապազգայնացման խնդիրը: Ընդ որում` դա անում է իբր թե մանկավարժական նպատակներով. ախր դպրոցական երեխան ի՛նչ կարող է հասկանալ հայ «ծանրամարս» հեղինակներից, իսկ, այ, Կաֆկա, Ֆիցջերալդ, Զուդերման՝ ուրիշ բան… Եվ ամեն մի արտասահմանյան գրողի «հայտնություն» գրականության դասագիրք արդեն իսկ իրենով նշանակում է մի վտարված հայ հեղինակ: Այսպես նաև սորոսախմբի առաքելությունն է կատարվում. դպրոցական «Հայ գրականություն» դասընթացը փոխարինվում է անազգ-անհայրենիք «Գրականություն» դասընթացով…

Ավարտին ուզում եմ նորից անդրադառնալ Թամար Ալեքսանյան մանկավարժի ֆենոմենին, մանավանդ որ սույն տիկնոջ հույսին է մնացել մի ամբողջ սուպերնախարարություն` իր կրթական քաղաքականությամբ: Ֆեյսբուքյան էջում տիկինն իր մի ընկերոջը իբր «խնդալու» բան պատմում է թոռնիկի սրախոսություններից: «Մի անգամ թոռնիկս (8 տարեկան) շատ լավ ասաց. -Եթե մեր ազգը էսքան հին չլիներ, ես էսքան սովորելու դաս չէի ունենա...»: Ուշադրություն դարձրեք գիտությունների թեկնածու տատիկի  «շատ լավ» արտահայտությանը. դա խիստ բնութագրական է:  Տիկինն այս պատմությունը պատմում է իբրև զվարճալի մի բան, մինչդեռ ողբերգություն է՝ տեսնել մի մանկավարժի, որը չի նկատում իր պատմածի ամբողջ հակամանկավարժական, հակաբարոյական և հակազգային ենթատեքստը, տեսնել մեկին, ով սովորական քթի ծակ էլ չունի` հասկանալու համար, թե ի՛նչ է պատմում և ինչի՛ համար:
Եվ նա գրականության ծրագիր է գրում հայոց դպրոցի համար: