Ժողովրդավարության վախճանը

Ժողովրդավարության վախճանը

«Ժողովրդավարության հայկական ֆորում» հավակնոտ անունով միջոցառումը բավարարեց բոլորի ակնկալիքները: Սորոսականները հպարտ էին, որ իշխանությունն իր ողջ կազմով՝ վարչապետով, ԱԺ նախագահով, պատգամավորներով, մասնակցեց եւ ընդգծեց իրենց դերը երկրում` որպես իշխանության հետ սերտ աշխատող հանրույթի: ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները շոյվեցին եւ համարեցին, որ իրենց շնորհիվ ՀՀ իշխանությունները եւս մեկ քայլ արեցին դեպի հակառուսականություն: Նիկոլ Փաշինյանն առիթ ունեցավ կրկին խոսելու «ժողովրդավարություն» բրենդի մասին` պոպուլիզմով ու մանիպուլյացիայով համեմված:

Կեղծ-ժողովրդավար գրանտակերներն իրենց դոնորներին ցուցադրեցին, որ տրամադրված գումարներն անիմաստ չեն` լուրջ գործ են անում, իջեցված պատվերը կատարելով: Տարբեր լուսանցքային գործիչներ, որոնք նորմալ մարդկանց շրջանում զրո հեղինակություն ունեն, ամբիոնից բոցաշունչ ճառեր ասելու հնարավորություն ունեցան: Նաեւ հիմնովին շահարկվեց «ժողովրդավարություն» բառը` այդ ֆորումի ընթացքում բազմաթիվ անգամներ ոչ ժողովրդավար շուրթերից հնչելով: Ներսում ու դրսում այս ֆորումին հետեւողների մի մասը, անշուշտ, հավատաց, որ մեր երկրում իրական ժողովրդավարություն է տիրում:

Կարող էր, չէ՞, Նիկոլ Փաշինյանը, օրինակ, «Մարիոթ» գնալ՝ մուրճը ձեռքին, եւ ելույթում ասել` ով չի հավատում, որ ես ժողովրդավար եմ, «շինելու եմ, թափ եմ տալու» եւ այլն: Կարող էր, չէ՞, հայտարարել, որ մեր երկրում այլեւս ՏԻՄ ընտրություններ չեն կայանալու` Ակայի նման մի 200 թեկնածու ունեմ, համայնքապետի ԺՊ կնշանակեմ` կվերջանա, կգնա: Կարող էր, չէ՞, ասել, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին ատում է եւ ոստիկաններին էլ անձամբ է հանձնարարել «սատկացնել» նրանց: Կարող էին, չէ՞, լրագրողներին հենց շեմին կալանավորել ու տանել: