Պետականորեն խրախուսում են ագրեսիվ խոսքը` ընդդիմության հասցեին

Պետականորեն խրախուսում են ագրեսիվ խոսքը` ընդդիմության հասցեին

ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածն իշխանության ձեռքին մահակ է դարձել՝ գործեր են հարուցում իրենց համար անցանկալի մարդկանց, անընդունելի խոսքի դեմ։ «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները» պատժվում են կամայականորեն` ընտրովի։ Ինչպե՞ս է ստացվում, որ օրենքը մի դեպքում կիրառելի է, մեկ այլ դեպքում՝ ոչ: Politik.am կայքի գլխավոր խմբագիր, ազգությամբ եզդի Բորիս Մուրազին ասում է, որ Փաշինյանի իշխանության օրոք կարելի է չզարմանալ, թե ինչու է օրենքը երկակի կիրառվում եւ կարող է հարյուրավոր օրինակներ ու դեպքեր հիշել․

«Տասնյակ դեպքեր են եղել, երբ Նիկոլ Փաշինյանի աջակիցները ամենավատ բնորոշումներով, հայհոյանքներով խոսել են արցախցիների մասին կամ ընդդիմության ցույցերին միացող քաղաքացիների մասին եւ իրենցից որեւէ մեկը բերման չի ենթարկվել, պատասխանատվության՝ եւս, ավելին՝ նրանցից մեկը, անունը չտամ բերանս չկեղտոտելու համար, վերջերս հայտարարեց, որ ինքը գտնվում է պետության պաշտպանության ներքո: Մարդ, որ արցախցիներին մաղթում էր ողջ կայնքում զոհվեն բայրաքթարներից, փաստորեն գտնվում է պետության պաշտպանության տակ։ Ես հասկանում եմ, որ այդ հայտարարություններն այդ մարդիկ ինքնագլուխ չեն անում, անում են իշխանության կողմից տարվող ծրագրի շրջանակում, Արցախի հայերի դեմ տարվող քարոզչության կարեւոր մաս են կազմում։ Խոսում են մարդիկ, ովքեր պետական պաշտոն չեն զբաղեցնում, բայց սերտ կապեր ունեն իշխանությունների հետ, որոնք իրենց սունկ կայքերով, մեդիառեսուրսներով, ֆեյսբուքյան ֆեյքերով օգնում են, որ դա տարածվի եւ, ըստ էության, հանրության մեջ զրո արժանիք ունեցող մարդիկ լսելի են դառնում իրենց ատելության խոսքով ու նաեւ կարծիք են ձեւավորում։ Մյուս կողմից մենք ունենք Արմեն Գրիգորյանի դեպքը»։

Արմեն Գրիգորյանը, հիշեցնենք, ձերբակալվել է ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար` որոշ շիրակցիների թուրք ավանելու համար։ Մուրազին, ասում է, ինքն օրինակ այդպես չէր արտահայտվի, ինչպես Արմեն Գրիգորյանն է արտահայտվել, բայց վստահ է, որ այս պարագայում կա էմոցիոնալ պահ․ «Ինձ մոտ, օրինակ, շատ էմոցոնալ պահ եղավ, երբ 2021թ-ի ընտրություններից հետո տեսա, որ Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացել է, այսինքն, այդ հազարավոր զոհերը, Արցախի մեծ մասի կորուստը, այդ աղետը որ եկել էր Հայաստանի գլխին արմավիրցիներին ստիպել էր ավելի շատ գնահատել Նիկոլ Փաշինյանին։ Ես չեմ թիրախավորում, բայց այդ մարզում ակնհայտորեն կա խնդիր` պետական պաշտոնյայի աշխատանքի արդյունավետության գնահատման հետ կապված, որովհետեւ այլ պարագայում սովորաբար, եթե պետք է իջներ ռեյտինգը, փաստորեն արմավիրցիների ինչ որ տոկոս, որոնք մինչեւ 2018-ը չէին քվեարկել Նիկոլ Փաշինյանին, 2021-ին տեսնելով այդ աղետը քվեարկել են նրա օգտին։ Ես, օրինակ, այդ տոկոսի մոտ խնդիր կտեսնեմ իրենց ազգային, գենետիկ պատկանելության հետ կապված։ Ես չգիտեմ այդ մարդիկ ովքեր են, բայց եթե նրանք 2018-ին չեն ընտրել Փաշինյանին, երբ չկար պատերազմ, կար ինչ որ դրական ֆոն, էյֆորիա իշխանության շուրջ, ի՞նչն է ստիպել 2021-ին ընտրել: Այդ մարդկանց կարող էր միայն հայերի հանդեպ ատելությունը ստիպել ընտրել Նիկոլ Փաշինյանին»։

Զրուցակիցս նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից հաճախ կարելի է լսել արտահայտություններ, օրինակ՝ «հայ ազգը պետք է կոտորվի», «Նիկոլը հայերին պիտի միշտ հաղթի»: «Այսինքն ենթագիտակցության մեջ իրենք իրենց դիրքավորում են որպես ոչ հայերի եւ կարծում են Փաշինյանն էլ է ոչ հայ եւ փաստորեն վստահ են, որ իրենք՝ ոչ հայերով պետք է հայերին կոտորեն։ Հիմա այս ամենը տեսնելով արդյո՞ք կարելի է այդքան խիստ նայել Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։ Ես, օրինակ, խիստ չէի նայի»։

Օրենքը եթե գործում է, ապա պետք է գործի բոլորի համար, համոզված է Մուրազին, եթե չի գործում, ապա ակնհայտ է, որ Արմեն Գրիգորյանի քաղաքական հետապնդման է ենթարկվում։ «Եթե Նիկոլ Փաշինյանի աջակիցները, որոնք այդ ատելության խոսքը տարածել են հայերի, արցախահայերի, ընդդիմության աջակիցների մասին, իրենք բերման ենթարկված ու կալանավորված լինեին, ես կկարծեի, որ գուցե իշխանությունները մի քիչ խիստ են գտնվել եւ Արմեն Գրիգորյանի կալանավորման մեջ քաղաքական բան չկա, բայց եթե նրանք ազատության մեջ են, ավելին՝ գտնվում են պետության պաշտանության ներքո, ո՞րն է Գրիգորյանին կալանավորելու նպատակը, վստահաբար դա Արմեն Գրիգորյանի խոսքի տարածվածությունն է ու ազդեցությունը, որով իրենք փորձեցին իրենց ատելության քարոզիչներին ցույց տալ, որ, այ, դուք անպատիժ եք, բայց Արմեն Գրիգոյանին մենք կպատժենք»:

Օրենքի կիրառումը ինչ հետեւանքներ կարող է ունենալ լայն իմաստով․ «Եթե կիրառվի, այնպես, ինչպես գրված է, բոլորի նկատմամբ՝ կարող են դրական փոփոխություններ լինել, բայց Փաշինյանը քանի որ ամեն հարցով է անոմալ, ինքը նաեւ հակասում է այն ասացվածքին, որ կիսով չափ հղի չեն լինում, այս իշխանության մոտ ստացվում է կիսով չափ հղի լինել եւ այս պարագայում օրինականությունը Հայստանում կիսով չափ է հղի եւ  հղի է միայն այն մասով, որ ընդդիմադիրներին պատժի։ Եթե օրենքը գործի բոլորի նկատմամբ, որոշակի կարգավորումներ կբերի, բայց կոնկրետ այս պարագայում դա մի կողմից խրախուսում է իր, չեմ վարանի ասել՝ ժեխին, ավելի ագրեսիվ քարոզչություն տանել, մյուս կողմից ընդդիմադիրներին պետք է մտածելու տեղիք տա, որ ամեն բանը չտանեն մտցնեն այդ օրենքի տակ` որպես ատելության խոսք, կամ ազգային թշնամանք»։

Սոցցանցերում մենք ամեն օր ենք ականատես լինում ոմանց կողմից թշնամանքի, ատելության խոսքի, սակայն Մուրազիի կարծիքով, նրանց հետեւից ոչ ոք չի գնում եւ չի կալանավորում․ «Ավելին այդ մարդկանց խրախուսում են, նրանք փող են ստանում այդ ամեն ինչը ասելու համար եւ կարելի է ենթադրել, որ դա պետական քաղաքականություն է: Իշխանության համար` քարոզչական մակարդակում «հայերին կոտորելը» պետական քաղաքականություն է, թուրքերին թիրախավորող հայտարարությունները դատապարտելի են եւ պետական քաղաքականություն են։ Ես, օրինակ, կողմ չեմ, որ թուրքերի մասին էլ ընդհանրացված հայտարություններ արվեն, ասեն` մորթենք, սպանենք նրանց, թուրքերին պետք է սպանել պատերազմի դաշտում, մնացյալ պարագայում չի կարելի, բայց դա ցույց է տալիս, որ սա պետական քաղաքականություն է, որովհետեւ եթե տարիքով կինը օրենք է խախտում եւ ասում է՝ հայերը պետք է կոտորվեն ու ոստիկանությունը իր այդ պահի պարտականությունն է համարում ընդամենը այդ կնոջը այդտեղից հեռացնելը, ոչ թե բերման ենթարկելը, սա խոսում է պետության վերաբերմունքի մասին»։