Մի անգամ անասնաֆերմայում

Մի անգամ անասնաֆերմայում

Մենըր ֆերմայում, ուր 2008-ի մարտի 1-ից ի վեր անդորր էր տիրում, կրկին խմորումներ սկսվեցին: 10 տարի էր անցել, բայց ծեր Գնդապետը ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ, թե ինչպես մարտի 1-ի վաղ առավոտյան՝ իր առաջնորդած հեղափոխության ամենաթունդ պահին, իրեն առեւանգեցին եւ տարան «Սեւ» ամրոց, ուր նա բնակվում էր մնացած կենդանիներից առանձին: Նա արդեն բավականաչափ ծեր էր՝ եւս մեկ անգամ հեղափոխության դրոշ բարձրացնելու համար, բայց մտքով դեռ պայծառ էր ու վստահ, որ իր փոխարեն դա կանեն ցեղակիցները՝ Նապոլեոնը եւ Ձնագնդին: 2018-ին լավ պայմաններ կային հեղափոխության համար:

Լրանում էր ագարակի տիրոջ՝ պարոն Ջոնզի ագարակատիրության ժամկետը, եւ նա պետք է հեռանար, բայց իրավահաջորդի անունը դեռ չկար: Մի օր էլ Ջոնզը հայտարարեց, որ ինքը չի հեռանալու: Նա շարունակում էր առաջվա նման անխնա շահագործել ագարակի կենդանիներին եւ օրերով սոված պահել նրանց: Ծեր Գնդապետը որսաց պահը՝ հիմա կամ երբեք: Նա իր մոտ հրավիրեց անասնաֆերմայի բնակիչներին, գինի խմեցրեց եւ պատմեց իր խորհրդավոր երազը՝ փողոցում ընկած իշխանության ու այն վերցնելու անհրաժեշտության մասին: Ֆերմայի կոնտինգենտը մի պահ վարանեց՝ իսկ Ջո՞նզը, բա որ մեզ ծեծի՞: Ծեր Գնդապետը դա եւս հաշվի էր առել: Նա ոտքի կանգնեց եւ սկսեց երգել ամենահայտնի հեղափոխական երգերից մեկը.
Ելի՛ր, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է եւ ստրուկ.
Արդեն վառվում են մեր սրտերը
Արդեն կռվի ենք մենք ձգտում:
Այս հին աշխարհը կփորենք 
Մինչեւ հիմքերը եւ հետո
Մեր խելացի գոմը կշինենք,
Ուր չեն լինի ձեռնասուն
Ոչ մարդ, ոչ էլ անասուն…

Երգը ոգեւորեց ժողովականներին, սրտապնդեց: Նապոլեոնն ու Ձնագնդին քայլ արեցին՝ մենք կառաջնորդենք: Դմբուզը սմբակներով դոփեց գետինը՝ հը, հը, հըրաշալի է… Դմբուզի ընկերուհին՝ Երեքնուկ անունով մի գեղանի զամբիկ, հիացմունքով լեցուն աչքերը սահեցրեց Դմբուզի մկանուտ մարմնով… Իր կյանքում երբեք չաշխատած թեթեւաբարո Մոլլին, մեկ ուրիշ զամբիկ, որ մինչ այդ խորհում էր սեփական պոչի մասին՝ որպես մի անպետք առարկայի, տեղից վեր ցատկեց եւ հայտարարեց՝ իմ պոչը ես կնվիրեմ հեղափոխությանը, թող նրանով փակեն բոլոր արագաչափերն ու տեսախցիկները… Ոգեւորությունը մեծ էր: Բերետ Բենիամինն էր միայն մտահոգ: Նա մոտեցավ ծեր Գնդապետին եւ ինչ-որ բան շշնջաց նրա ականջին:
- Ձեր գործը կողքից նայելն է: Կարող եք թատրոն խաղալ, թե իբր ուզում եք հեղափոխությունը ճնշել: Իսկ վերջում կմիանաք հեղափոխությանը,- ասաց Գնդապետը:
- Լսում եմ, պարոն Գնդապետ…

2018թ. ապրիլի 23-ին Մենըր ֆերմայի բոլոր անասունները, ներառյալ վերոնշյալ ժողովին չմասնակցած բրդատու կենդանիները, փողոցում էին: Միստր Ջոնզը հրաժարական տվեց: Նապոլեոնը դարձավ ագարակի առաջնորդ, Ձնագնդիին նշանակեց իր աշխատակազմի ղեկավար, Բերետ Բենիամինին գործից հանեց, Դմբուզին ուղարկեց վար անելու, Մոլլիին դարձրեց պատգամավոր: Իսկ ինչ վերաբերում է բրդատու կենդանիներին՝ նրանց հորդորեց սպասել, որ ինքը միստր Ջոնզից խլի 10 տարում թալանված բուրդն ու վերադարձնի իրենց:

Իսկ ի՞նչ եղավ ծեր Գնդապետը: Նրա գրասենյակն օրերս մի հայտարարություն էր տարածել, որով Նապոլեոնի յոթն ու քառսունքը մի տեղ էր արել: Զղջում է այսօր ծեր Գնդապետն իր արկածախնդրության համար՝ ինչպե՞ս կարողացա ես՝ փորձված աղվեսս, Նապոլեոնի ու Ձնագնդիի նման խոզերին դարձնել ֆերմայի առաջնորդ: Այդ ապաշնորհ անասնակործան պատուհասներն արդեն ինձ են մեղադրում ագարակի լավագույն արոտավայրերն ու աղբյուրները հանձնելու մեջ: Պարոն Ջոնզն էլ իր հերթին չի գտնում տեղը: Նախկին ագարակատերերից պարոն Ուիմփերը կշտամբել էր նրան՝ բա մի հատ բամփեիր գլխին, բա փողոցից եկած ամեն խոզի իշխանություն կտա՞ն, ագարակ կվստահե՞ն: Ես այդ խոզին չեմ պարտվել՝ ամեն առիթով արդարանում է պարոն Ջոնզը, ես ավելի հզոր ուժերի եմ պարտվել…

ԱԳԱՐԱԿԻ ԱՌԱՎՈՏԸ

Բրդատու կենդանիներն ամեն օրվա պես շրջապատել էին Նապոլեոնի առանձնագոմն ու սպասում էին, որ նա վերադարձնի 10 տարում իրենցից թալանված բուրդը: Պատշգամբ է դուրս գալիս Ձնագնդին.
- Իմ հերոս հարկա… ներողություն, բրդատուներ, մեր առաջնորդ Նապոլեոնը խիստ զբաղված է: Նա նույնիսկ տանը չէ: Գնացել է բանակցելու ձեր արոտների եւ ջրելատեղերի հարցով: Այստեղ հավաքվելով՝ ձեր հարցերը չեք լուծի: Գնացեք արածեք, քանի դեռ մի քանի արոտ է մնացել ու մի երկու առու:
- Բը, բը, բա ե՞րբ կգա պարոն Նապոլեոնը:
- Էգուց կգա կամ էլ՝ էգուց չէ, էլօր: Դե գնացեք, գնացեք արածեք, հենց գա՝ ձեզ ձեն կտամ:
- Բըըըըը, կեցցե Նապոլեոնը…