Երկու կողմն էլ ինչ-որ ռուբիկոն են հատել

Երկու կողմն էլ ինչ-որ ռուբիկոն են հատել

Համարյա բոլոր կրոններում կամ գոնե քրիստոնեությունում, մահմեդականությունում եւ հուդայականությունում 40-օրյա շրջանը՝ ծննդյան վերաբերի, մահվան, թե մի այլ իրադարձության, խորհուրդ եւ իմաստ ունի։  Մարդիկ մի հոգեվիճակում, միջավայրում գտնվելով 40 օր՝ այդ ժամկետից հետո այն ամփոփում-ավարտում են։ Բագրատ սրբազանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ծայր առած դիմակայության սագան էլ, որ ակնհայտորեն որքան աշխարհայացքային, գաղափարական եւ այլ բաղադրիչներ ունի, նույնքան էլ՝ անձնական, ժամանակն է, որ 40-օրյա շրջանը բոլորելուց հետո (դա կարծես հունիսի 17-ին է լինելու) ամփոփվի եւ ավարտվի։ 

Ոչ ոք չի խոչընդոտում, որ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում, դահլիճներում եւ հավաքներում Բագրատ սրբազանի շարժման մասնակիցները շարունակեն Փաշինյանի իշխանության դեմ պայքարել, մարդկանց արթնացնեն, զորաշարժի ենթարկեն, ծրագրեր կազմեն, բայց Երեւանի նյութական փողոցները, հրապարակները, շենքերը հանգիստ թողնեն․․․ Երեւանում բնականոն կյանքը խաթարելու, խափանելու ջանքերն ինչ արդյունք որ գրանցեցին առաջին 40 օրում, դա առավելագույնն է` իմ կարծիքով, հազիվ թե դրանից տարբեր արդյունք արձանագրեն հաջորդ տասնօրյակներում։
Նույնկերպ էլ Փաշինյանն ու իր ուսապարկերը, որ աղբապարկից չտարբերվող իրենց բերանները բացել ու արդեն 40 օր բառային աղբ են շաղ տալիս սրբազանի ու նրա առաջնորդած շարժման դեմ, երբեմն էլ՝ առհասարակ հոգեւորականության ու եկեղեցու դեմ, թող իրենց այդ հիմնական գործով շարունակեն զբաղվել իրենց հարիր միջավայրում, այն է՝ սոցիալական հարթակներում, իրենց account-ներում, սելֆիի ձողերի առջեւ, բայց ո՛չ պետական իշխանության նյութեղեն մարմիններում եւ ատյաններում, ամբիոններից եւ դահլիճներում։     

Երկու կողմն էլ պետք է իրենց դեստրուկտիվիզմն ավարտեն, ոչ միայն որովհետեւ իրենց վարքը պլանավորելով սեփական սոցիալական պղպջակի (social bubble) մեջ, որտեղ բոլորն իրենց համախոհներն են եւ վիրտուալ տարածքում են, իրական կյանքում շատ տարբեր պատկերի կարող են բախվել (դա ընդունելու քաջություն ունենան, թե` ոչ), այլ հատկապես որովհետեւ երկու կողմերն էլ ինչ-որ ռուբիկոն են հատել, հատկապես` իշխանությունը, ցույց տալով, որ իրական աշխարհում, հասարակության մեջ գործելու անկարող են եւ վտանգավոր։ 

Փաշինյանը ռուբիկոնը հատեց մայիսի 28-ին՝ խոչընդոտելով Վեհափառի մուտքին Սարդարապատի հուշահամալիր եւ Բաղրամյան փողոցում հատուկ միջոցներ կիրառելով անզեն մարդկանց նկատմամբ։ Այդ դատապարտման ու անարգանքի արժանի վարքը Փաշինյանի հետ կասոցացվի եւ կհիշվի նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը հող դարձած ու պատմության փոշիներում կորած կլինի։ Բագրատ սրբազանն էլ իր հերթին ինչ-որ ռուբիկոն հատեց հունիսի 12-ին, երբ մի կողմից հրավիրեց վրաններ տեղադրել Ազգային ժողովի առջեւ, մյուս կողմից տրամադրություններ գեներացրեց, թե ԱԺ-ին ստիպելու են հանրային ճնշման ներքո այս ու այն անել։ Բագրատ սրբազանը մի՞թե չի գիտակցում, որ իր կողքին կանգնած մարդիկ առանց այն էլ լարված եւ զգայական վիճակներում են, հավատում են, թե մի քանի հազար հոգով կարող են այնպիսի քայլեր անել կամ ճնշում գեներացնել, որ փողոցից իշխանության եկած ուսապարկերը հանկարծ իրենց առջեւ ընկրկեն ու կամավոր հեռանան։ Անշուշտ, կարելի է նման պատկերացում կամ հույս ունենալ եւ դրանով առաջնորդվել։ Բայց չի կարելի այդքան էմոցիոնալ, սեփական տեսիլքներով տարված, ցանկալին իրականից չտարբերող զանգվածին տանել-կանգնեցնել իշխանության շենքերի առջեւ։ Դա նշանակում է վառոդի տակառին լուցկի մոտեցնել։ 

Երեւանն անհաշվելի թվով շարժումներ եւ միտինգներ է տեսել 1988-ից վեր․․․ Եվ միշտ էլ ոչ թե իշխանությունն է ողջամտություն դրսեւորել, այլ շարժումների առաջնորդները պատասխանատվություն են ունեցել՝ հավաքները գումարելու հանրության համար անվտանգ վայրերում՝ նույնիսկ 2003-ին, 2008-ին, 2013-ին, երբ նախագահական ընտրություններ էին, ու ցինիկաբար կեղծվել էին արդյունքները, ինչից ամբողջ Երեւանն էր ալեկոծված․․․ որտե՞ղ էին տասնյակ հազարանոց հավաքները գումարվում՝ Թատերական հրապարակում կամ Մատենադարանի առջեւ` կառավարական շինություններից հեռու, որպեսզի հանկարծ միջադեպ չլինի, բախման առիթ չտա։ Իհարկե, բացառապես 2018-ը, երբ Փաշինյանը պաշարել էր Բաղրամյան պողոտան եւ գրոհում էր կառավարական շենքերի վրա: Բագրատ սրբազանն էլ գնաց այդ ճանապարհով` մարդկանց տարավ ԱԺ-ի մոտ, ինչն իր մեջ վտանգներ էր պարունակում, որ ցանկացած միջադեպ կարող է դառնալ բախում, ինչը եւ եղավ։

Իհարկե, ոստիկանությունը պետք է հայտարարեր հատուկ միջոցներ կիրառելու մասին, կիրառելիս տեխնիկական նորմեր պահպաներ եւ այլն, բայց անցյալի օրինակներից դատելով, համոզված եմ, որ ոստիկանությունում հաշվի են առնելու միայն այն, որ իրենք կարողացել են մի քանի հազար հոգու ցրել, վնասազերծել` առանց զոհերի։ Մնացյալը նրանց քիչ է հետաքրքրելու։ Դրանում վստահ եմ, որովհետեւ 1996-ի սեպտեմբերյան դեպքերի մասին հետագայում առիթ եմ ունեցել զրուցելու Վանո Սիրադեղյանի հետ, 2004-ի ապրիլյան դեպքերի մասին՝ Հովհաննես Վարյանի հետ։ Մինչեւ հիմա հիշում եմ ոչ միայն այդ մարդկանց խոսքերը, այլեւ դեմքի արտահայտությունը, երբ, իրարից անկախ, երկուսն էլ գրեթե նույն ֆրազն ասացին․ «Պատկերացնում ե՞ս ինչ կլիներ, եթե հանկարծ մեկը ծանր վիրավորվեր կամ զոհվեր․․․»։ Իրենք գոհ էին եւ ոստիկանության պրոֆեսիոնալիզմին էին վերագրում այն, որ մի քանի հազար հոգանոց ամբոխ են կարողացել կանգնեցնել կամ ցրել, առանց գեթ մեկ ծանր վիրավորի կամ զոհի։ Ոստիկանության ներկայիս ղեկավարությունն էլ, համոզված եմ, հետո նույնն է ասելու։ 

Հետեւաբար, ոստիկանությանը կարելի է նախատել, պատասխանատվություն պահանջել, բայց տարրական հեռատեսություն ունենալու պարագայում պետք է լարված, էմոցիոնալ վիճակում գտնվող մարդկանց, առավել եւս՝ մարդկային զանգվածներին կառավարական շինություններից հեռու պահել։ Եթե Բագրատ սրբազանն այսքանը չի կանխատեսել կամ չգիտի, ուրեմն ճիշտ կանի՝ իր հետագա պայքարը փողոցներից վիրտուալ տարածք տեղափոխի։ Սրբազանը կարող է գոհ լինել, որ երկամյա ընդմիջումից հետո ինքը կրկին ակտիվ պայքարի փուլ բերեց երկրում, որը կշարունակեն ու կզարգացնեն ապագա շարժումները: Եվ դա փոքր արդյունք չէ։