Զուտ լուրը լավ է, բայց ես չեմ ոգևորվում, որովհետև իրենց չեմ հավատում

Զուտ լուրը լավ է, բայց ես չեմ ոգևորվում, որովհետև իրենց չեմ հավատում

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանին խնդրեցինք խոսել Ֆրանսիայից ձեռք բերված հրետանային CAEZAR համակարգի որակի մասին: 

- CAEZAR-ը համեմատել D20-ի, D30-ի հետ, դա նույնն է՝ ոնց որ վերջին մոդելի Մերսեդեսը համեմատես ռուսական Պրիորայի հետ: CAEZAR -ը ռուսական իր համարժեքների նկատմամբ այնքան որակական տարբերություն ունի՝ ես պատահաբար այդ կենցաղային օրինակը չբերեցի` մեքնենաների մակնիշի հետ կապված: Լավ, ձեր անորակ զենքն ու զինամթերքը մեզ բավարար քանակի չեք տալիս, հարգելի ռուսներ, դուք մեզ ի՞նչ եք առաջարկում, մենք ի՞նչ անենք: Ընդ որում, եթե մենք այս CAEZAR -ները ձեռք ենք բերում բավարար քանակի և մեր անձնակազմերը սովորեցին, եւ կարողացանք դա ինտեգրել մեր ռազմական համակարգում՝ առնվազն մեկը երկուսի առավելություն ենք ստանում Ադրբեջանի նկատմամբ: Այսինքն, այդ մի հատիկ CAEZAR -ը կամ մի մարտկոցը, 3-4 մարտկոցի վիճակ է գալիս: Հիմա տեսնում ենք չէ՞, թե Ուկրաինայում այդ CAEZAR-ները ինչ են անում: Դրանք և հեռահար են, և կրակի կառավարման ավելի ճկուն համակարգ ունեն, և ավելի դիպուկ և արագաձիգ են: Ես չեմ պատկերացնում, որ ռուսական դրա համարժեքը դրանցից լավը լինի: Հանաք բան չի, հրետանային մենամարտում 10 կիլոմետրը կատակ բան չի` դու իր պատասխան կրակից դուրս մնալով՝ 10 կիլոմետր ավելի ես իրեն խփում: Ընդ որում, կառավարումն ավելի արագ կարող են անել, իսկ դա որակ կարող է տալ…:Պարզապես այստեղ հարցն այն է, արդյոք Հայաստանը բավարար քանակի CAEZAR կարո՞ղ է ստանալ: Փաշինյանը հավերժ չի, կարող է հաջորդ իշխանությունը CAEZAR -ը շատ հաջող օգտագործել: Բայց այստեղ ուրիշ խնդիր էլ կա, իսկ գուցե այս ամենի մեջ աղմուկն է ավելի շատ, քան իրականությո՞ւնը:

-Ուզում եք ասել, հնարավոր է, որ պայմանավորվածությունը վերջնական չէ կամ ինչ-որ այլ նյուանսներ կա՞ն: 

-Կարող է իշխանությունները փիար է անում՝ չգիտեմ ես: Կասեն՝ պայմանագիրը կնքել ենք, ինչ եք ուզում՝ կոպիտ ասած, բայց պայմանագիր կքնելն ու հրետանային միջոցը փաստացի Արտաշատում լինելն ու այդ հրետանային միջոցը կիրառելու ունակ անձնակազմ ունենալը, այն քո համակարգում ինտեգրելը տարբեր բաներ են: Դու կարող է պայմանագիրը` գրիչի ստորագրությամբ կնքես... սա ինչի՞ է նման, որ երեխայիդ ուզում ես մի բան առնել, բայց գումար չունես...Լավ է, բայց դրա տակ ռեալ բան կա՞, ես չգիտեմ: Իշխանական աղբյուրն ասում է` կա, բայց գուցե իշխանական աղբյուրը դա զուտ տարածում է: Կուզեի, որ սա ճիշտ լիներ, բայց ես չեմ կարող այս պահին ասել, դե երդվի, որ սա հարյուր տոկոս ճիշտ է: Ես չեմ ասում, որ մեզ խաբում են, բայց իրենք պրոցես են սկսել, իրենք այդ պրոցեսի վերջն ու ամենադրականն են ներկայացնում, բայց գուցե մենք այդ պրոցեսի սկզբո՞ւմ ենք,  սկզբի ո՞ր մասում ենք: Անկախ լրագրողական հետաքննություն ունենայինք՝  գնային, փորփրեին, բայց մի թեթև փորփրում ես՝ հոպ, ասում են՝ ռազմական գաղտնիք է, չխորանաս հանկարծ: Այսինքն, մեզ ասում են՝ մենք ինչ ասում ենք, մեզ հավատացեք, ինչը չենք ասում՝ այդպես է: Է, հետո՞...ինքը գաղափարը շատ լավն է, եթե վերջում հասնենք, բերենք, ինտեգրենք: 

-Ի՞նչ այլ խնդիրների կարող ենք բախվել նոր զինատեսակ բերելու մասով: 

-Զինամթերքի խնդիրը կա, ամեն մի հրետանային միջոցի համար առնվազն 2000-3000 հատ արկ պիտի ունենաս՝ ՆԱՏՕ-ական ստանդարտներով` 6000 արկ: Եթե 30 հատ հրանոթ ունես, 180 հազար հատ արկ պիտի ունենաս, որ առնվազն ասես` լավ է: Եթե կռիվ եղավ, մենք բավարար քանակությամբ դա ստանալո՞ւ ենք Ֆրանսիայից, կամ ո՞նց ենք ստանալու, ի՞նչ ճանապարհով ենք ստանալու: Եթե մեր համակարգը խոցելի է, օրինակ, մեր օդային գերկայությունը խոցելի է, ուզում է Ցեզար լինի, ուզում է Ալեքսանդր Մակեդոնացի լինի, ԱԹՍ-ները վերևից հրետանային միջոցները կոչնչացնեն: Դա նշանակում է, որ համակարգը պիտի կարգավորես, տեխնիկադ կարգի բերես, ոչ թե գնաս թանկանոց հեռախոս կամ հեռուստացույց առնես, երբ որ տանդ տեխնիկան հին է, քանդված է կամ չի աշխատում: Զուտ լուրն ինքն իրենով վերցրած ուրախ եմ, բայց ես չեմ կիսում իշխանական այդ սազանդարների այդ ոգեշնչվածությունը: Թող լինի` թող ես սխալ լինեմ, թող բերեն, շարեն, ես էլ ուրախանամ, բայց ես մտածում եմ` կարո՞ղ է մեզ մանիպուլացնում են, մենք ի՞նչ գիտենք: Վատն այն է, որ դա ճշտելու հնարավորություն էլ չունենք։ Քանի որ այս իշխանությունները վստահություն չունեն, օրինակ, ինձ մոտ, ես իրենց ասածներին վերաբերվում եմ թեականությամբ, մաքուր գաղափարը լավն է: Ես չեմ ոգևորվում, որովհետև իրենց չեմ հավատում: