Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին սառեցված է. դեսպան

Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին սառեցված է. դեսպան

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին «հիասթափեցնող» է անվանել այն գործընթացը, ինչի պատճառով Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը գործնականում սառեցված է։

Ըստ նրա, ինչպես մեջբերում է «Էխո Կովկաս»-ը, Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո պատասխան միջոցառումների թեման կքննարկվի հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում՝ ԵՄ ԱԳ նախարարների մակարդակով. 

«Ներկայումս Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները գտնվում են շատ բարդ ժամանակաշրջանում, մենք բազմիցս կրկնել ենք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը բացասաբար կանդրադառնա Վրաստանի եվրաինտեգրման ձգտումների վրա։ Ցավոք սրտի, դա տեղի ունեցավ»:

Դեսպանն ընդգծել է, որ «դա տեղի է ունենում Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի ֆոնին»։

«Ազատություն» ռադիոկայանը Եվրահանձնաժողովից ստացել է փաստաթուղթ, որտեղ խոսվում է այն քայլերի մասին, որոնք ԵՄ-ն կարող է ձեռնարկել Վրաստանի հետ կապված։ Խոսքը անձնական պատժամիջոցների, ֆինանսական օգնության կասեցման, ծայրահեղ դեպքում՝ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր կասեցման մասին է։ 
Փաստաթուղթը պատրաստվել է Եվրահանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից մայիսի 27-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։ 

Այն նախատեսում է մի կողմից կարճաժամկետ միջոցառումներ, իսկ մյուս կողմից՝ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել, եթե Վրաստանում ապագայում իրավիճակը դեպի լավը չփոխվի։ Առաջին կատեգորիան ներառում է միջոցներ, որոնք Բրյուսելը և ԵՄ անդամ առանձին երկրները կարող են անմիջապես ձեռնարկել: