Ծածկադմփոց Երեւանի գլխավոր հատակագծի շուրջ. վարչապետը որոշում է ստորագրել

2005-ին մշակված Երեւանի գլխավոր հատակագծի գործունեության ժամկետը, ինչպես հայտնի է, լրացել է դեռ 4 տարի առաջ` 2020-ին, ու որպեսզի գործող հատակագծի կյանքը մի քիչ երկարի, Երեւանի ավագանին Երեւան քաղաքի 2006-2020 թթ․ գլխավոր հատակագծի գործողության ժամկետը երկարացրեց մինչեւ 2024-ի վերջը, բայց ոչ ուշ՝ մինչեւ նոր գլխավոր հատակագծի մշակումը։ Հատկանշական է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի վերջին անցումային դրույթների մասին որոշմամբ՝ այն բնակավայրերը, որոնք մինչեւ 2024-ի հուլիսի 1-ը չեն ունենա գլխավոր հատակագիծ, բնակավայրերի տարածքում պետք է դադարեցնեն քաղաքաշինական գործունեությունը։
Ուստի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից վերջին ամիսներին մշակվել է մի նախագիծ, որը ներկայացվել է կառավարության մայիսի 30-ի նիստում եւ հաստատվել վարչապետ Ն. Փաշինյանի կողմից: Ի դեպ, ներկայացված նախագծի փաթեթը ոչ միայն հանրային քննարկման չի դրվել, այլեւ կառավարության նիստին ներկայացվել է չզեկուցվող հարցերի շարքում՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կողմից: Մինչդեռ ավելի քան տրամաբանական կլիներ, եթե այն զեկուցվեր քաղաքաշինական բլոկի որեւէ գերատեսչության կողմից:
Ինչ վերաբերում է «արագի մեջ» նման նախագիծ ընդունելու հիմնավորմանը եւ ակնկալվող արդյունքին, ապա նախագծին կցված տեղեկանք-հիմնավորման մեջ կարդում ենք. «Հաշվի առնելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի պահանջները, մասնավորապես այն, որ արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը եւ դրանով իսկ պայմանավորված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաեւ գործող Կարգում նախատեսված՝ գլխավոր հատակագծի տեքստային եւ գրաֆիկական մասում ներառվող տեղեկությունների եւ ելակետային դրույթների վերանայման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ գլխավոր հատակագծերի մշակման եւ հաստատման գործընթացն ապահովելու նպատակով, Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ»:
Ի դեպ, համաձայն հիմնավորման, ներկայում մշակվում է եւ սեղմ ժամկետում շրջանառության մեջ է դրվելու «Քաղաքաշինության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնց շրջանակներում ուսումնասիրելով միջազգային իրավական փորձը, մասնավորապես՝ Ֆրանսիայում գործող կարգավորումները եւ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմման եւ մշակման կարգը՝ նախատեսվում է համակարգային փոփոխություն կատարել «Քաղաքաշինության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում, որոնցով գլխավոր հատակագծերը եւ դրանցում արտացոլվող ելակետային տվյալներն առավել ընդլայնվելու են եւ հաստատվելու են թվային տեսքով:
«Հաշվի առնելով, մի կողմից, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի պահանջները եւ, մյուս կողմից՝ սահմանված ժամկետի շրջանակներում համակարգային օրենսդրական փոփոխությունների կատարման անհնարինությունը՝ Նախագծերի փաթեթի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշումների մեջ կատարել փոփոխություններ՝ վերանայելով եւ պարզեցնելով գլխավոր հատակագծերի մշակման ընթացակարգը եւ դրանում ներառվող ելակետային տվյալները՝ դրանով իսկ մինչեւ օրենսդրական ակտերի ընդունումը ապահովելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակումն ու հաստատումը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նկատենք, որ նախագծի 26 էջանոց ամփոփաթերթում 16 կետով ներկայացված են մի շարք գերատեսչությունների (Քաղաքաշինության կոմիտե, Կադաստրի կոմիտե, ՀՀ մի շարք նախարարություններ, վարչապետի աշխատակազմի համապատասխան վարչություններ) դիտողություններն ու առաջարկությունները, որոնք հիմնականում չեն ընդունվել, մի մասն էլ ընդունվել է կա՛մ մասամբ, կա՛մ ի գիտություն: Հատկանշական է, որ մի շարք գերատեսչություններ բավարար կերպով հիմնավորված չեն համարել նախագծի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները:
Հետաքրքիր է, որ, օրինակ, ԿԳՄՍՆ-ի դիտարկումը նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ ընդունելի չեն ներկայացված նախագծում ընդգրկված փոփոխությունները, քանզի դրանք չեն արտացոլում հուշարձանների պահպանական գոտիները եւ կհանդիսանան խնդիրների առաջացման հիմք, չի ընդունվել:
Նախագծի ամփոփաթերթում կարդում ենք նաեւ, որ Քաղաքաշինության կոմիտեն մի քանի անգամ պահանջել է տրամադրել տեղեկատվություն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքի եւ ժամանակացույցի վերաբերյալ, որն այդպես էլ չի տրամադրվել: Այդուհանդերձ, համաձայն քաղշինկոմիտեի՝ «քննարկվող նախագիծը վերաբերում է ոչ թե միայն Երեւան քաղաքին, այլեւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներին եւ բնակավայրերին, ուստի անթույլատրելի ենք համարում Նախագծի վերաբերյալ առաջարկությունները դիտարկել Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համատեքստում»:
Հետաքրքիր են հատկապես ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի հարցերի վարչության դիտարկումները՝ նախագծի հետ կապված։ Այսպես, օրինակ․ «Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսվող կարգավորման համաձայն՝ իրավասու մարմինը կարող է գլխավոր հատակագիծը մշակել առանց որեւէ կապալառուի հետ պայմանագիր կնքելու՝ իր աշխատակազմի միջոցով, որի ընթացքում իրականացնում է նաեւ սույն կարգով Կատարողին վերապահված իրավասությունները, մինչդեռ, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 24-րդ մասի համաձայն, գլխավոր հատակագիծը եւ գոտիավորման նախագիծը մշակվում են համայնքի ավագանու կողմից հաստատված նախագծման առաջադրանքի հիման վրա, համայնքի ղեկավարի պատվերով` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող անձանց հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված նախագծային կապալի պայմանագրով: Նախագծի հիմնավորմամբ սահմանվել է, որ մի շարք ելակետային տվյալների նախատեսման անհրաժեշտությունն օբյեկտիվորեն բացակայում է, իսկ մի շարք ելակետային տվյալներ արդեն իսկ ներառված են ներկայացվող այլ տվյալների/տեղեկությունների կազմում, ուստի դրանց առանձին ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է, մինչդեռ, վերոգրյալ դիտարկման համատեքստում հայտնում ենք, որ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է»:
Այն, որ նախագիծը հանրային քննարկման չի դրվել, չի լսվել նաեւ Ճարտարապետների պալատի կարծիքը, խոսում է այն մասին, որ քաղաքապետարանը եւ անձամբ Տիգրան Ավինյանը նպատակ են հետապնդել, որ ժամ առաջ այն հաստատվի: Եվ այն, որ նախագիծը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւս խոսում է այս հարցում քաղաքապետարանի շահագրգռվածության եւ ակնհայտ մոտիվի մասին: Ներկայացված ու հաստատված նախագիծը մի փաստաթուղթ է (Երեւանի գլխավոր հատակագծի մշակման կարգը), որի հիման վրա մինչեւ հուլիսի 1-ը պետք է մշակվի ու հաստատվի գլխավոր հատակագիծը:
«Որպեսզի քաղաքաշինական գործունեությունը չդադարեցվի, արագի մեջ` ափալ-թափալ, մի հատ փաստաթուղթ են ստեղծում, որն իբրեւ թե Երեւանի գլխավոր հատակագիծն է, բայց որն ապագայի տեսլականը ցույց չի տալիս: Արդյունքում ստացվում է, որ սա ընդամենը այսօրվա իրավիճակն արտահայտող փաստաթուղթ է, որը ցույց չի տալու քաղաքի 15 տարվա զարգացման հեռանկարը: Եվ կստեղծվի մի փաստաթուղթ, որի վրա ընդամենը կգրվի՝ Երեւանի գլխավոր հատակագիծ: Ըստ էության, այս որոշումով հանվում են գլխավոր հատակագծի այն կարեւոր բաղադրիչները` հուշարձանների հիմնավորում, տարերային աղետների կառավարում, բոլոր այն կարեւոր դրույթները, որոնք նախատեսված էին եւ որոնք պետք է մշակվեն: Դժբախտաբար, խնդիրն այն է, որ սա տարածվում է ոչ միայն Երեւան քաղաքի, այլեւ հանրապետության բոլոր քաղաքների վրա, որոնք մինչեւ այսօր նախկին կարգով են մշակվել, հաստատվել: Տարօրինակ չէ՞, որ լիազոր մարմնի` Քաղաքաշինության կոմիտեի դիտողությունների մեծ մասը չի ընդունվել, ու, այսքան դիտողություններով հանդերձ, նախագիծը մտել է օրակարգ՝ որպես չզեկուցվող հարց: Ո՞նց կարող է նման վիճահարույց խնդիրը չցեկուցվող լինել, պարզ չէ՞, որ ասել են` բերաններդ փակեք ու լուռ նստեք տեղներդ»,- մեզ հետ զրույցում ասում է բնագավառի մասնագետներից մեկն ու ցավով նկատում, որ այս որոշման մասին մասնագիտական դաշտում շատերն անգամ տեղյակ էլ չեն:
Կարծիքներ