Էրդողան-Փաշինյան հանդիպումը գուցե Արեւմտյան Հայաստանո՞ւմ կազմակերպեն

Էրդողան-Փաշինյան հանդիպումը գուցե Արեւմտյան Հայաստանո՞ւմ կազմակերպեն

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Ուշագրավ է այն, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գտնվում էր Փարիզում՝ ըստ էության, քննարկելու հայ-ֆրանսիական ռազմական եւ ռազմատեխնիկական գործակցության հարցերը։ Ժամանակագրորեն, եթե ավելի կոնկրետ լինենք, Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն եւ Սուրեն Պապիկյանը ստորագրել են Հայաստանին «Ցեզար» հրետանային համակարգեր վաճառելու մասին համաձայնագիրը։

Տարածված հայտարարության համաձայն, Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան-Բայրամի առիթով, եւ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման հարցը։ Նրանք նաեւ կարեւորել են բանակցությունները երկու հատուկ ներկայացուցիչների միջեւ, անդրադարձել արդեն համաձայնեցված հարցերին։ Անշուշտ, քննարկվել են նաեւ ռեգիոնալ օրակարգին վերաբերող հարցեր եւ հատկապես՝ հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթի հետ կապված հարցերը։

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով այս հեռախոսազրույցին, ռուսական պարբերականներից մեկին ասել է, որ հարկ է ուշադրություն դարձնել նաեւ Փաշինյանի եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից Ռիչարդ Վերմի հանդիպմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի՝ «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում արած հայտարարությանը, թե Հայաստանն անցում է կատարում ամերիկյան «թղթե ամպհովանու» ներքո, եւ ՆԱՏՕ-ն այդպիսով անհնարին պետք է դարձնի Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։ Տարասովն ուշագրավ է համարել նաեւ այն, որ Մոսկվան եւ Բաքուն ամեն կերպ փորձում են քննադատել եւ «խելքի բերել» Երեւանին, մինչդեռ Անկարան, ըստ ամենայնի, փորձում է պահպանել երկխոսությունը Երեւանի հետ։ Տարասովը նշում է․ չափազանց կարեւոր է այն, որ Էրդողանը, ըստ թուրքական կողմի հայտարարության, Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա, այն էլ՝ հուլիսի 16-ին՝ Հայ առաքելական եկեղեցու տոնակարգի համաձայն, Վարդավառի կամ Քրիստոսի պայծառակերպության տոնի օրը։ Այն, որ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին գալիք Վարդավառի առիթով, հայտնի էր, սակայն այն, որ հենց Վարդավառի տոնին է հրավիրել Փաշինյանին, որ այցելի Թուրքիա, դա շատ հետաքրքրական նյուանս է։

Տարասովը նկատում է, որ Էրդողանի այս հրավերը պատահական չէ։ Հարց է նաեւ, թե որտեղ կընդունի Էրդողանը Փաշինյանին՝ Անկարայո՞ւմ, Ստամբուլո՞ւմ, թե՞, այսպես կոչված, Արեւելյան Անատոլիայում, որը պատմական Արեւմտյան Հայաստանն է, եւ որտեղ 1915 թվականին բնաջնջվել, ցեղասպանվել է Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ժողովուրդը։

Եթե, Տարասովի ասածի նման, չբացառենք այն հանգամանքը, որ Էրդողանի եւ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ պատմական Արեւմտյան Հայաստանում, ապա սա կարող է նշանակել, որ Հայաստանը, ըստ ամենայնի, հրաժարվում է իր պատմական հիշողությունից՝ դրանք, ըստ Էրդողանի բնորոշման, համարելով «անհիմն հիշողություններ», եւ լիովին անցում կատարում թուրքական հովանու ներքո՝ դրանով նաեւ դուրս դնելով իրեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ռազմական եւ ռազմաքաղաքական բաղադրիչներից։ Սա թերեւս երկրորդ ինտրիգն է այս հարցում, քանի որ այս դեպքում գնդակը հայտնվում է նաեւ Անկարա-Մոսկվա եւ, ինչու չէ՝ նաեւ Անկարա-Մոսկվա-Բաքու խաղադաշտում։