Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը մեկ տարում երեք դեպք է քննել

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողով կոչվող մարմինը` 7 անդամից կազմված, գործում է մոտ 1 տարի: Այն ստեղծվել է բուժաշխատողների եւ բուժառուների իրավունքները պաշտպանելու համար, սակայն գոյության առաջին օրվանից այս մարմինն ընկղմված է դատական գործընթացում։ Մինչ օրս վարչական դատարանում վիճարկվում է էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար անցյալ տարվա մայիսին հայտարարված մրցույթի արդյունքը։
Հայցվորն «Առողջության իրավունք» հասարակական իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանն է, ով մասնակցեց մրցույթին, չանցավ ու բազմաթիվ իրավական սխալներ, օրենքի ու կարգերի խախտումներ բացահայտելով՝ դիմեց դատարան։
Ըստ Անուշ Պողոսյանի, ստեղծվել է ոչ թե էթիկայի հանձնաժողով, այլ առողջապահության նախարարի «սրտի» էթիկայի հանձնաժողով, որի «հովանավորն» առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն է։ Ինչպե՞ս է այն քննելու մարդու իրավունքների խնդիրները, եթե գործում է ուղիղ նախարարի եւ նրա ընկերուհու ձեռքի տակ՝ հարց ուղղեցինք առողջապահության նախարարության մամուլի պատասխանատուին: Նա ուղղեց՝ հանձնաժողովը ոչ մի կապ չունի նախարարի եւ նրա տեղակալի հետ, դա անկախ մարմին է:
Ինչեւէ, կարծիքներ կան, որ սա ֆորմալ կառույց է՝ զուտ ԵԽ աչքին ժողովրդավարության թոզ փչելու համար, որ քաղաքացին ոչ մի արդյունքի չի հասնի, եթե բողոք բերի նախարարի մարդկանց դեմ: Դատական գործընթացը չավարտած՝ նախարարությունը մեկ ամիս առաջ նոր մրցույթ է հայտարարել՝ էթիկայի հանձնաժողովի գիտնական անդամի տեղի համար, եւ, անփույթ գտնվելով, հնարավոր թեկնածուների թվում նշել է նաեւ «բուժաշխատողների, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հոգեբանների» եւ այլն։
«Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանի մատնանշելուց հետո սխալը նախարարության կայքում ուղղվել է, բայց սա էլ չէ կարեւոր՝ սխալվելու իրավունք բոլորս ունենք, այլ այն, որ մեկ տարում էթիկայի հանձնաժողովը համարյա ոչ մի բողոք չի ստացել եւ փաստացի մատնված է եղել անգործության: Համենայնդեպս, որեւէ հրապարակային տվյալ՝ հանձնաժողովում քննված վարույթների վերաբերյալ, նախարարության կայքում առկա չէ, իսկ հանձնաժողովի կայքը դեռ պատրաստ չէ:
«Մեր կազմակերպությունը դիմել է իրենց գրավոր, հարցրել ենք, թե քանի բողոք է եղել, քանի դեպք է քննարկվել։ Չեն պատասխանում։ Պետք չէ անուններ հայտնել։ Եվ, ի վերջո, դա ի՞նչ էթիկայի հանձնաժողով է, եթե չկան հրապարակային վարույթներ։ Զրո դիմում, զրո հրապարակված դեպք»,- ասում է Ծաղիկ Վարդանյանը:
Մեզ հետաքրքրող հարցերով՝ հանձնաժողովի շուրջ ձեւավորված կարծիքների մեկնաբանության համար, դիմեցինք էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբելլա Աբգարյանին: Ի սկզբանե նա դեմ էր «նախարարի սրտի հանձնաժողով» կամ նմանատիպ ձեւակերպումներին: «Մենք նախարարության հանձնաժողովը չենք, ոչ էլ նախարարությանը կից հանձնաժողով ենք: Կազմավորման հետ կապված պրոցեսը նախարարությանն է, մրցութային ընթացակարգով ԱՆ եւ այլ գերատեսչություններիվ կազմված հանձնաժողովը մրցույթն է անցկացնում, բայց այլ ենթակայական կամ գերատեսչական կապ չունի նախարարության հետ: Մարմինն ինչ-որ ձեւով պետք է ստեղծվի, դա օրենքի պահանջն է»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը:
Ըստ նրա՝ հանձնաժողովը մինչ օրս 3 վարույթ է քննել: Քիչ չէ՞ մեկ տարվա գործունեության համար: «Դեռ մեկ տարին չի լրացել: Դիմումներ ավելի շատ են եղել, բայց շատ դեպքերում մարդիկ իրենք չեն ուզում բացահայտել իրենց, ինչը հնարավորություն չի տալիս շարունակել վարույթը, կամ դիմումը չի համապատասխանում պահանջներին: Երեք վարույթ ունենք այս պահին, արդեն համապատասխան որոշումներն ուղարկել ենք նախարարություն: Նախարարությունն էլ իր հերթին դա առաքում է համապատասխան բուժհաստատություն»։
- Իսկ ինչո՞ւ եք ուղարկում նախարարություն, եթե, ինչպես ասացիք, անկախ եք:
- Որովհետեւ այդ համակարգին է վերաբերում, ոլորտին: Նաեւ ուղարկում ենք դիմողին եւ բուժհաստատությանը, որին վերաբերում է դիմումը: Մինչեւ որոշում կայացնելը կանչում ենք կողմերին, ամբողջը փաստաթղթավորում ենք: Իսկ նախարարությունն օղակ է, որը պետք է իմանա, թե ինչպիսի էթիկական խնդիրներ կան համակարգում:
- Ձեր վարույթները հրապարակային չեն, որքան հասկացա…
- Հրապարակային չեն, որովհետեւ կան բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ, շատ դեպքերում դրանք պացիենտների կյանքին, առողջությանը վերաբերող տեղեկություններ են, բայց մտածում ենք հետագայում առաջարկություն ներկայացնել առողջապահության նախարարությանը, որպեսզի գոնե եզրափակիչ մասը, բուժաշխատողի մասով, թե ինչ ենք առաջարկում, իրեն ինչ պատասխանատվության ենթարկել, գոնե այդ մասը հրապարակային լինի:
- Լսել եմ, որ նախարարը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը կոորդինացնում են հանձնաժողովի աշխատանքը, ու կա մտավախություն, որ եթե նրանց մտերիմ մարդկանց վերաբերեն վարույթները, իրենք ձեզ ասեն՝ այսպես քննեք, այնպես քննեք: Հնարավոր չէ՞:
- Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Անկեղծ ու ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ երբեւէ որեւէ կարգի միջամտություն ո՛չ նախարարի, ո՛չ նրա տեղակալի, որեւէ պաշտոնական անձի՝ նախարարության կողմից, չի եղել: Դա ինձ համար չափազանց կարեւոր է, որովհետեւ դա վստահության ամենաառանցքային հարցն է, եթե մարդիկ դիմեն ու մտածեն, որ կողքից ինչ-որ միջամտություններ են լինելու, երկրորդ դիմողը չի լինելու:
- Ի՞նչ բողոքներ են եղել:
- Կարող եմ ասել՝ առանց անուններ տալու: Մի գործով առաջարկվել է բուժհաստատությանը ենթարկել պատասխանատվության, մյուս գործով մենք՝ ինքներս ենք վարույթ հարուցել, հետո քննեցինք, այնուամենայնիվ, չհայտնաբերեցինք խախտում: Երրորդ գործը՝ բուժաշխատողները դիմել են իրենց գործընկեր բուժաշխատողին պատասխանատվության ենթարկելու մասով, դեպքը հիմա քննվում է դեռ:
- Ամենախիստ պատիժը ո՞րն է, որ կարող եք կիրառել:
- Մենք ոչ մի պատիժ օրենքով չենք կարող կիրառել: Ընդամենը կարող ենք հետեւյալն անել՝ եթե 1 տարում առաջին անգամ է հայտնաբերվում խախտում, գործատուին առաջարկում ենք կարգապահական պատասխանատվության ենթարկել․ դա նկատողությունն է: Երկրորդ անգամ՝ խիստ նկատողություն, եւ եթե մեկ տարում երրորդ անգամ խախտում կատարեց, ապա բուժհաստատության լիցենզիան մեկ ամսով կասեցվում է: Այդպիսի դեպք դեռ չի եղել:
- Այս հանձնաժողովը ԵԽ առաջարկո՞վ է ստեղծվել, դա ԵԽ պահանջների՞ց է:
- Ոչ: Պարզապես Եվրոպայի խորհուրդը լոգիստիկ աջակցություն է ցուցաբերել, որ հանձնաժողովը կայանա:
Կարծիքներ