Ալմա-Աթայի հռչակագրի վրա 1 հղում է եղել՝ ղազախներն ու ղրղզները, որոնք իրենց մեկ ազգ են համարում

Ալմա-Աթայի հռչակագրի վրա 1 հղում է եղել՝ ղազախներն ու ղրղզները, որոնք իրենց մեկ ազգ են համարում

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բնակիչներին ցույց էր տալիս, թե ինչպես են փշալարեր անցկացնում Կիրանցում, պատ կառուցում, եւ ասում էր, որ սահմանազատումը լավ բան է, նույնը սպասվում է նաեւ Սյունիքում: Մենք սահմանազատման, սյուներ տեղադրելու, փշալարեր քաշելու մասին զրուցել ենք սահմանապահ զորքերի հիմնադիր հրամանատար Լեւոն Ստեփանյանի հետ, ով նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել։

- ՀՀ սահմանադրությամբ ամրագրվա՞ծ է, թե սահմանազատման դեպքում կիրառվող տարբերանշաններն ինչպիսին պիտի լինեն, այդ սպիտակ սյուները համապատասխանո՞ւմ են:

- Սահմանազատումը ենթադրում է սահմանանշում՝ սահմանն ինչ-որ ձեւով պիտի նշվի: Բայց նշելու համար կան պետականորեն հաստատված սահմանանշաններ, եւ այդպիսի նշաններից մեկը մեզ մոտ դեռ 1994 թվականին հաստատվել է: Այն ժամանակ ես ներկայացրի, եւ հաստատեցին այդ սահմանասյունը: Այն սպիտակ գույնի է, ինչը խորհրդանշում է խաղաղություն, որի վրա մեր եռագույնն է, մեր պետական զինանշանը, եւ այդ սյունը պետք է ունենա համար: Օրինակ, եթե սահմանազատման գործընթացը սկսել են Վրաստանի սահմանից, ընդհանրապես՝ պրակտիկայում աջից ձախ են սահմանանշանները տեղադրում: Օրինակ, Երասխում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի սահմանին անմիջապես մի կետում երեք սյուն իրար դեմ հավասարազոր պիտի տեղադրվեր՝ թուրքական, ադրբեջանական եւ հայկական: Սա այն օրինակն է, թե իդեալում ինչպես պետք է լիներ: Մեր պարագայում դա սկսել են Վրաստանի սահմանից, բայց նրանք տեղադրում են անօրինական ձեւի ստեղծված ինչ-որ սահմանասյուներ՝ այդ փոքրիկ սյուները, սպիտակ գույնի, փայտից պատրաստված, երկուսն էլ իրար նման՝ ադրբեջանականն ու հայկականը, երկուսն էլ՝ սպիտակ գույնի, ո՛չ զինանշան կա, ո՛չ մի բան: Երկուսի վրա էլ գրված է՝ 33/1: Եթե 33/1 է, ուրեմն ինչ-որ տեղ պիտի 33 տեղադրված լինի։ Եթե սկսել են Վրաստանի սահմանից, Ադրբեջան, հետո՝ Հայաստան, ապա երեք սյուն հավասար հեռավորության վրա պիտի տեղադրված լիներ: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում․ քարտեզի վրա այդ հանձնաժողովները որոշե՞լ են արդեն, թե այդ 33 նշանները՝ գլխավոր սահմանանշանները, տեղադրվա՞ծ են, թե՞ ոչ: Սա վտանգավոր բան է: Ինձ մոտ, եւ ոչ միայն ինձ մոտ, մասնագետների մոտ հարց է առաջանում՝ ուրեմն ինչ-որ պայմանավորվածություն կա, այդ 33 սահմանանշաններն արդեն տեղադրվա՞ծ են, քարտեզի վրա գծվա՞ծ են… այդ դեպքում 1-ից մինչեւ 33 սյուները որտե՞ղ են տեղադրված: Ուրեմն աշխատասենյակում՝ քարտեզի վրա այդ 33-ն արդեն նշվա՞ծ են, թե՞ չէ: Որովհետեւ 33/1-ն օժանդակող նշան է, երկրորդական սահմանանշան է՝ գլխավորը չէ, բայց այն տեղադրվել է արդեն անմիջապես սահմանագծի վրա:

- Իսկ գլխավոր սահմանասյուների տեղադրման կարգն ինչպիսի՞ն է:

- Գլխավոր սահմանասյուները տեղադրվում են իրարից այնպիսի հեռավորության վրա, մեր սահմանը շատ ծուռումուռ է, չէ՞, գնում է խորդուբորդ տեղերով։ Այնպես են դնում, որ երբ կանգնած ես ու մեկը տեսնում ես, մյուս ծայրում նա պիտի տեսնես, իսկ արանքում կարող են օժանդակող նշաններ լինել՝ անմիջապես գծի վրա: Եթե սահմանը մի քիչ թեքվում է, ուրեմն մեկը տեղադրում են, ոլորվող հատվածի վրա մի հատ էլ են դնում, որ այդ սյունից մյուս սյունը երեւա:

- Ստացվում է, որ Տավուշի մարզում բազմաթիվ խախտումներով են այդ սահմանային սյուները դրվել:

- Ես չեմ ասում, որ սահմանազատումը ճիշտ բան չէ. իհարկե, երկու պետություններ պետք է ունենան սահմանագծում եւ սահմանազատում, ես ասում եմ կարգի մասին: Ես՝ որպես սահմանապահ, ասում եմ, որ ձեւը ճիշտ չէ ընտրված՝ խախտվում են բոլոր օրենքները, կանոնները, ընդունված պրակտիկան:

- Իսկ ինչպիսի՞ պրակտիկա կա, որով պետք է առաջնորդվեն:

- Կա Սովետական Միության պրակտիկան, կա հետխորհրդային պետությունների սահմանները նշելու, սահմանազատելու փորձը կամ՝ ԵԱՀԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հատուկ ԱՊՀ երկրների համար մշակված սահմանագծման ու սահմանազատման հայեցակարգը, որով սահմանազատումներն արվել են: Իսկ Ալմա-Աթայի հռչակագրի վրա միայն մեկ դեպք է հղում արվել՝ Ղազախստանի ու Ղրղզստանի սահմանազատման ժամանակ, ուրիշ տեղ Ալմա-Աթայի անունը չկա, նշված չէ… Ղազախստան-Ղրղզստանի դեպքում նշված է Ալմա-Աթայի կոնվենցիա, որովհետեւ ղրղզները ղազախների հետ պրոբլեմ չունեն, նույն ազգն են իրենց համարում ու վերցրել են որպես հիմք ու սահմանանշում են արել: Ուրիշ ոչ մի տեղ Ալմա-Աթայի անուն տրված չէ:

- Իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը մեզ համար ի՞նչ վտանգներով է հղի:

- Մենք թշնամական պետություններ ենք, մեզ մոտ ուրիշ պրոբլեմներ են: Սահմանագծման համար երկար ժամանակ է պետք. ասում են՝ մենք վերահաստատում ենք սահմանը՝ Ալմա-Աթայի կոնվենցիան հիմք ընդունելով… Վերահաստատելուց հետո ֆիզիկական քարտեզից պիտի անցնես անմիջապես տոպոգրաֆիկ քարտեզի վրա, նաեւ տեղերում՝ մեկառմեկ, միլիմետր առ միլիմետր անցնես ու սահմանագիծը քարտեզի վրա նշես։ Սահմանագծումը դա է, իսկ դրան ժամանակ է պետք: Հետո գնում է սահմանանշում, որը եւս ժամանակ է պահանջում: Տեսեք՝ 1921 թվից հետո 6 տարի տեւեց հայ-թուրքական սահմանի սահմանանշում ու սահմանազատում անելը, այն էլ՝ միայն Արաքսով հատվածը, իսկ մեր ցամաքային սահմանը մեկ-երկու օրում սահմանազատեցին, սահմանանշեցին:

- Դա ինչի՞ մասին է խոսում:

- Դա պարտադրված է, դրա համար էլ այդ խախտումներն են արվել, դրա համար էլ ժողովուրդը բողոքում է, դժգոհություններ կան, նրանց շահերը ոչ ոքի չեն հետաքրքրում, այդ դժգոհություններն այդտեղից են գալիս:

- 33 սյան բացակայության մասին խոսեցիք, օրինակ՝ հնարավո՞ր է, որ այդ 33-ը հայտնվի Տիգրանաշենում կամ այլ մարզում՝ սահմանագծվող հատվածում։

- Ոչ, 33-ը պիտի հայտնվի Վրաստանի սահմանից մինչեւ Կիրանց գյուղը, ոչ թե 33, այլ 1-ից մինչեւ 33, որովհետեւ եթե, օրինակ, դեպի Վրաստան գնար, այն ժամանակ կասեի, որ առաջինը Մեղրիում կամ Նախիջեւանում դրեք, բայց ճանաչելով սահմանը, այդքան մեծ հատվածում 33 չի լինելու, քանի հազար նշան է լինելու, սահմանասյուն է լինելու՝ հազարներով է տեղադրվելու: Դա ապագայում ինչ-որ մի բիզնեսմենի, օլիգարխի գործ է, ապագայի համար խորհուրդ եմ տալիս, որ խելացի բիզնեսմենները սկսեն այդ գործով զբաղվել, որովհետեւ պահանջարկը լինելու է:

- Իսկ փշալարերի տեղադրումը նորմա՞լ է, որքանո՞վ է ապահով:

- Փշալարերի տեղադրումը նորմալ է, սահմանի համար դա պետք է լինի պարտադիր:

- Շատ է քննարկվում նաեւ սահմանին կանգնող հայ սահմանապահների հարցը: Ստեղծված իրավիճակում որքանո՞վ էր ճիշտ սահմանապահներ կանգնեցնելը, ոչ թե կանոնավոր բանակի՝ չավարտված պատերազմի պայմաններում:

- Դա արդեն մեծ քաղաքականություն է, երկու պետություն արդեն որոշել են, որ այդպես պիտի լինի, երկու կողմից էլ սահմանապահներ են կանգնած, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Բայց եթե վերցնում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունները, իհարկե, մեր սահմանը վտանգված է՝ ելնելով ընդհանուր հարաբերություններից: Որովհետեւ ունենալով Հայաստանի տարածքում 250 քառակուսի կիլոմետր գրավված տարածք, սահմանազատումը սկսել այդ հատվածում՝ ճիշտ չեմ համարում: Ես՝ որպես զինվորական, ասում եմ․ նշված պայմաններում, երբ որ մեր գլխին կախված է թուրքը՝ իր հայաֆոբիայով, ամբողջ Ադրբեջանը վարակված է հայատյացությամբ, ամբողջ օրը խոսում են այդ մասին, պատերազմի վտանգը կա, մեր տարածքները գրավված են, մեզ թելադրում են ինչ ասես, այդ պայմաններում գնալ ինչ-որ բանակցությունների, ես բանակցություններ չէի վարի, կամ՝ ԵԱՀԿ-ի այդ որոշումը, որը նախատեսում է միջնորդի դեր, արբիտրի դեր, այդ լծակին կդիմեի: Իսկ Մինսկի խմբից չի կարելի հրաժարվել, դա մեզ հավելյալ հնարավորություններ է տալիս, ու պետք չէ հույսը կտրել այդ կառույցից: