Թուրքիան փորձում է հարթել Անկարա-Մոսկվա հարաբերություններում առկա լարվածությունը

Թուրքիան փորձում է հարթել Անկարա-Մոսկվա հարաբերություններում առկա լարվածությունը

«Հրապարակի» զրուցակիցն է թուրքագետ Մհեր Աբրահամյանը:

- ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները խոսել են երկու պետությունների շարունակական երկխոսության, ինչպես նաեւ երկկողմանի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին: Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, երբ երկու երկրների հարաբերություններում ամեն ինչ սուլթան-վասալ սկզբունքով է կառուցված:

- Այսօրվա իշխանությունները բռնել են հենց Ձեր նշած վասալ-սուլթան փոխհարաբերության ճանապարհը, դա շատ գեղեցիկ փաթեթավորմամբ հրամցնում են հայ հասարակությանը, այդ փաթեթի անունը դրել են, այսպես կոչված, իրական Հայաստան եւ այս կոնտեքստում էլ շարունակում են երկխոսությունը: Վերը նշվածից ելնելով՝ շարունակականությունն իրականացվում է արդեն ոչ թե նախապայմաններով, այլ՝ պահանջներով, որոնք այս իշխանության առջեւ դնում է Թուրքիան: Այստեղ եւս գործում է նույն փաթեթավորումը` արդեն «նախապայման» անվան տակ:

- Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է այդ հեռախոսազանգի նախաձեռնողը:

- Հստակ տեղեկություն չի տրամադրվում, թե ով է եղել նախաձեռնող կողմը, եւ կարծում եմ` այս պարագայում դա էական էլ չէ, քանի որ դրանից թուրքական պահանջները չեն փոխվելու:

- Թուրքական մամուլն ինչ-որ կերպ անդրադառնո՞ւմ է տեղի ունեցող գործընթացներին, թե՞ ոչ:

- Թուրքական մամուլում կա, այո, ակտիվություն թե՛ լրահոսային նյութերի տարածման առումով, թե՛ տարատեսակ սյունակագիրների սյունակներով: Հիմնականում դա ոչ առաջնային խնդիրների քննարկումների շարքում է դրված, բայց համատեքստը թուրքական պահանջներն են, որոնք ներկայացվում են Թուրքիային բնորոշ փափուկ ուժի կիրառման միջոցով եւ անպայման Ադրբեջանի հաղթանակը եւ հայկական տարածքների զավթումն ընդգծելով:

- Հայաստանում կա վերլուծաբանների մի շրջանակ, որը փորձում է հանրությանը համոզել, որ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն հակադիր շահեր:

- Սա հերթական զառացանքն է այդ, այսպես կոչված, վերլուծաբանների, որոնք չեն պատկերացնում այն նպատակները եւ պետական շահերը, որոնք Թուրքիան ունի Հարավային Կովկասում: Ժամանակին հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը եւ Ցյուրիխյան արձանագրությունների իրականացմանը խանգարեց հենց այս երկուսի «մեկ ազգ՝ երկու պետություն» լինելու հանգամանքը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից եւ Շուշիի հռչակագրից հետո «մեկ ազգ՝ երկու պետություն» տանդեմն էլ ավելի ամրապնդվեց, եւ Թուրքիան էլ ավելի որոշիչ դեր սկսեց ունենալ Ադրբեջանում: Ալիեւն իր բոլոր քայլերը քննարկում է Էրդողանի հետ, եւ մի օրինակ` վերջերս կայացած Ալիեւ-Էրդողան հանդիպմանն Ալիեւը քննարկում էր վերջինիս հետ Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը:

- Էրդողանը հայտարարեց, որ Աստանայում առաջիկայում հանդիպելու է Պուտինի հետ: Ի՞նչ ռուս-թուրքական օրակարգ կա այս պահին, եւ ո՞վ է նախաձեռնողը, եթե հաշվի առնենք, որ Էրդողանն է առաջինն այդ մասին ասել:

- Այս պահին կարող եմ նշել, որ Անկարա-Մոսկվա հարաբերություններում առկա է որոշակի լարվածություն` այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը թուրքական «Անադոլու» գործակալության լրագրողին պատասխանեց շատ կոպիտ՝ հատկապես նշելով, որ անպայման տեղեկացնեն Էրդողանին, որ Թուրքիա գնացող գազամուղին Ուկրաինան հարվածում է թուրքական ԱԹՍ-ներով: Այս լարվածությունը հաղթահարելու համար թուրքական կողմը փորձում է տարատեսակ դիվանագիտական միջոցներով հարթել ստեղծված իրավիճակը՝ փորձելով վերականգնել հացահատիկի տարանցիկ գոտին Թուրքիայով եւ այլ ապրանքաշրջանառությունը, որն արգելված է Ռուսաստանից արեւմուտք, հատկապես Եվրոպա արտահանելը:

- Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո քննարկումներ սկսվեցին, որ այդ ահաբեկչությունը կարող է նաեւ հետեւանք լինել Էրդողանի կողմից տարվող պանթուրքական քարոզչությանը: Տեղ ունի՞ նման պնդումը:

- Իհարկե, Էրդողանը բացահայտ կերպով չի հայտարարում իրեն պանիսլամիզմի եւ պանթյուրքիզմի ջատագով, սակայն նրա ստացած կրթությունը եւ քաղաքական հայրերը հենց այս ուղղության կրողն են: Վարկած կա, որ այս ահաբեկիչները պատրաստվել են Թուրքիայում, որը, կարծում եմ, շատ հավաստի վարկած է, քանի որ Մոսկվայի ահաբեկչության գործող անձինք եւս այնտեղ են պատրաստվել: Էրդողանն իրեն ներկայացնում է ահաբեկչության դեմ պայքարող ակտիվ գործիչ, բայց հատկապես վերջին տարիներին այդտեղ բավականին մեծ թվով ահաբեկիչներ են պատրաստվում, ինչը մենք զգացինք 2020 թվականի պատերազմի ժամանակ, որը հաստատվեց հենց Ռուսաստանի կողմից: