Անկարան վրդովված է. պատասխան է սպասում Ուկրաինայից և Շվեյցարիայից

Անկարան վրդովված է. պատասխան է սպասում Ուկրաինայից և Շվեյցարիայից

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունն այն մասին, որ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին մասնակցել է որպես պետական ​​կարգավիճակ ունեցող անձ։ 
Բացի այդ, Անկարան միջոցառման կազմակերպիչներից բացատրություն է պահանջել գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում պարտրիարքի ստորագրության առկայության վերաբերյալ, ասել է նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։

«Հաղորդագրություններն այն մասին, թե Հունական [Կոստանդնուպոլսի] ուղղափառ պատրիարքարանը 2024 թվականի հունիսի 15-16-ը պետական ​​կարգավիճակով մասնակցել է Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին, և որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը համաժողովի շրջանակում պաշտոնական հանդիպում է ունեցել պատրիարք Բարդուղիմեոսի հետ, ճիշտ չեն. Մենք բացատրություն ենք պահանջել Շվեյցարիայից և Ուկրաինայից՝ որպես համաժողովի կազմակերպիչներ, այն պնդումների առնչությամբ, որ Հունական Ուղղափառ Պատրիարքարանի անունը հետագայում ավելացվել է որպես գագաթնաժողովից հետո համատեղ կոմյունիկեի ստորագրող», - ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը։ 

Նա նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Կոստանդնուպոլսի պատրիարքի կարգավիճակի վերաբերյալ մնում է անփոփոխ։
«Մեր պետական ​​քաղաքականության մեջ Հունական ուղղափառ պատրիարքության հետ կապված որևէ փոփոխություն չի եղել»,- ընդգծել է դիվանագետը։ 

Թուրքական իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ չեն ճանաչում Բարդուղիմեոսի «Տիեզերական պատրիարք» տիտղոսը՝ նշելով, որ 1923 թվականի Լոզանի խաղաղության պայմանագրի համաձայն՝ նա պահպանել է Թուրքիայի հույն ուղղափառ համայնքի ղեկավարի կարգավիճակը։