Փոքր երկիրը մեծ ղեկավար պիտի ունենա

Փոքր երկիրը մեծ ղեկավար պիտի ունենա, որ պետությունը գոյություն ունենա։ Պատերազմի մեջ գտնվող ու թշնամիներով շրջապատված փոքր երկիրը շրջահայաց ղեկավար պիտի ունենա։ Մենք ազգովի համարյա ընդունման եզրին ենք, որ 2018-ին փողոցից մեկին բերեցինք ու նստեցրինք մեր գլխին։ Ոչ թե երկրի, այլ մեր գլխին։ Իսկ «գլխին նստողը» գիտեք, ոտերը մեկնում է ուսերովդ ու ոնց ասես, «քացի տալիս»։ Բերեցինք ոչ թե նրա համար, որ նա մեծ էր, այլ որ կարողացավ լա՜վ խաբել, լա՜վ ստել, լա՜վ կոծկվել, լա՜վ կեղծել, լա՜վ խաղալ․․․ Քաղաքական դաշտում ավելի պատկերավոր արտահայտություն չեմ լսել, քան Սերժ Սարգսյանի մի արտահայտություն, որը հայտարարել է 2021 թվականի դեկտեմբերին ՀԿԿ 17-րդ համագումարի ժամանակ։ Ճիշտ է, դա իր խոսքը չէ, դա այլաբանություն, դարձված է, բայց շատ դիպուկ ու տեղին է օգտագործված։
Նա այսպես համեմեց իր ելույթը՝ ես Ձեզ չէի ստիպել նախիրի միջից ամենաբարձր զըռռացող էշի ճակատը պաչել։ Ու որպեսզի չստացվի, որ նրա խոսքը կտրում եմ համատեքստից, մեջբերեմ ամբողջությամբ․ «Ես ընդունել եմ ու պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները, բայց այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների՝ ձեր սխալը ինձ մի՛ վերագրեք: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ ու նախրի միջից պաչել ամենաբարձր զռռացողի՝ էշի ճակատը և հետո առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ՝ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ»։
Ընտրեցիք մեկին, ով հայոց Բանակում չէր ծառայել, ընտրեցիք մեկին, ով կրթություն, կենսագրություն, փորձ չուներ ու հիմա ումի՞ց եք նեղանում։ Հունիսի 12-ին ես ներկա էի «Տավուշը հանուն հայրենիքի» հանրահավաքին՝ ոչ այնքան հեռու շարքերում։ Այդ ժամկետանց 30-ին մոտ նռնակները, որ ոստիկանները առանց շունչ քաշելու նետում էին խաղաղ բնակչության մեջ, ես մտովի հիշում էի ադրբեջանական հրետակոծությունը մեր փոքրիկ քաղաքում։ Այն ժամանակ թշնամին էր, հասկանում էի, հիմա չէի հասկանում ու ապշած նայում էի թշնամու կերպարանքով ոստիկանների գնդակոծությանը։ Դա մահափորձ էր, միաժանշանակ եմ ասում, դա ահաբեկելու պատժելու, մարդկանց ստորացնելու, նսեմացնելու կանխամտածված քայլ էր։ Մեր քաղաքագետներից շատերն ասում են, որ դա Արևմուտքն է մեսիջով թույլատրել, բայց ինձ ոչ մի բան չի համոզում, մեր դիմաց «մեր գլխին դրած իշխանությունն էր» , նա պարտավոր էր ժողովրդի հետ թշնամու պես չվարվել ։ Այստեղ է կարևորվում, որ փոքր երկիրը պետք է մեծ ղեկավար ունենա, մինև վերջին բջիջն իր երկրին նվիրված առաջնորդ ունենալ։ Գիտե՞ք ինչ էի մտածում նռնակների նետման ժամանակ ։ Հիշում էի 1999 թ․ հոկտեմբերի 27-ին, երբ ԱԺ դահլիճ ներխուժեցին մարդասպան ահաբեկիչները, Կարեն Դեմիրճյանի մահից առաջ արված վերջին խոսքերը․ «Տղաներ, էս ձևով հարց չեն լուծում…»։ Այդ խոսքերի մասին էի մտածում։ Ղեկավարը ինչքա՜ն պիտի մեծ լինի, որ անգամ մահվան ժամանակ, երբ արյունաքամ էր լինում, երկրի մասին մտածի ու ասի՝ սա չէ այն ճանապարհը, որ պետություն եք կառուցում։ Ես այդ խոսքերն էի հիշում ու մտածում, որ երբ ղեկավարդ փոքր, աննշան, թույլ , ոչ ազգային մարդ է, մենք պետություն ունենալ չենք կարող։ Իսկ տղաները՝ հանձինս ոստիկանների, կրակում էին սեփական պետության վրա։
Կարծիքներ