Պատերազմի նոր օջա՞խ. «Հըզբոլլահ»-ը սպառնում է, Կիպրոսը՝ հակադարձում

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը մեկնաբանել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի՝ պետության վրա հարձակվելու սպառնալիքները:
Ըստ Խրիստոդուլիդիսի՝ Նասրալլայի խոսքերը «չեն արտացոլում իրականությունը»: Նրա խոսքով, իր երկիրը ռազմական հակամարտությունների մեջ չէ, այն «փորձում է ոչ թե խնդիրներ, այլ խնդիրների լուծումներ փնտրել»։
Կիպրոսի նախագահն ասել է, որ իր երկիրը մարդասիրական օգնություն տրամադրողների կողքին է։ Նրա խոսքով՝ «այդ դիրքորոշումը ճանաչված է ողջ աշխարհում, այդ թվում՝ արաբական երկրներում»։
Նիկոս Խրիստոդուլիդիսի պնդմամբ, «մարդասիրական միջանցքը» դեպի Գազա խաղաղության և կայունության նկատմամբ Կիպրոսի հավատարմության ապացույցն է:
Հիշեցնենք, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան Կիպրոսի կառավարությանը կոչ է արել զերծ մնալ իր ռազմակայանները Իսրայելին տրամադրելուց։ Այս մասին նա հայտարարել է Al Manar հեռուստաալիքով հեռարձակված հեռուստաուղերձում։
Շեյխ Հասանը զգուշացրել է, որ նման քայլը բացասական հետեւանքներ կունենա Կիպրոսի համար։ Նա վկայակոչել է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկություններն այն մասին, որ Իսրայելը փորձում է մուտք գործել Կիպրոսի ավիաբազաներ։
«Մենք նախազգուշացնում ենք Կիպրոսի կառավարությանը, որ եթե Իսրայելին թույլ տան օգտագործել կղզում գտնվող ավիաբազաները Լիբանանի վրա հարձակվելու համար, ապա Կիպրոսը մեղսակից կդառնա ռազմական գործողություններին», - ասել է նա:
Նա սպառնացել է, որ «այս դեպքում մեր ռազմական թիրախները կլինեն Միջերկրական ծովի օբյեկտները»։
Կարծիքներ