Հայ ազգին ուզում ա կոտորի, ով էլ չէ, թողի փախնի էս երկրից

Հայ ազգին ուզում ա կոտորի, ով էլ չէ, թողի փախնի էս երկրից

«Էս քաղաքականությունից արդեն գլուխ չեմ հանում, մի ախպերն ընդդիմադիր ա, մի ախպերը փոխնախարար ա նշանակվում: Սկզբում Ալիևի կնգան Շուշի չայ խմելու էին հրավիրում, հիմա նա ա սրանց չայ խմելու կանչում: Բան չեմ հասկանում: Էս ինչ ա կատարվում: Ժողովրդին էս ի՞նչ են սրսկել: Զոմբիացած չեն, ավելի ուրիշ, ավելի՝ վատ բան ա կատարվում ժողովրդի հետ»:

«Հրապարակի» հետ զրույցում այպիսի մտահոգություններով է կիսվում բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը

-Պարոն Հակոբկոխյան, վերջին շրջանում չկաք, չեք երևում։ Ի՞նչ է պատահել:

-Ինձանից ինչ պարոն: Ես մի հասարակ ռամիկ եմ: Եթեր չեն տրամադրում: Ասում են՝ գրագետ չես խոսում: Վերջերս էլ 5-րդ ալիք դիմեցի՝ չտվեցին: Վերջերս էլ իմ լավ ընկերուհիներից՝ Աղեկյան Սոնան էր ասել, որ եթեր տան, բայց էդպես էլ չտվեցին: Ուզում եմ հեռուստատեսային եթեր տան, որ բոլորը լսեն: Հասարակ մարդը չունի ինտերնետ, հեռուստացույց ա նայում: Օրինակ ես հասարակ հեռախոսից եմ օգտվում: Ինտերնետ չունեմ:

-Հետևո՞ւմ եք ներքաղաքական կյանքին:

-Քաղաքականությունից բան չեմ հասկանում: 

-Մի ժամանակ հացադուլ էիք հայտարարել: Վարչապետի դեմ պայքարում էիք։

-Ես դա քաղաքականություն չեմ համարում, էտի իրականություն էր: Ես հենց ամենաառաջին օրն եմ ասել՝ փոսից հելանք, ընկանք հորը: 2018-ի նոյեմբերին ասել եմ, սրանք ՀՀՇ-ի շարունակությունն են: Ոչ մի լավ լավ բան չկա: Ես իրականում վատատես մարդ չեմ՝ իրատես եմ: Ժամանակը ցույց տվեց, որ ինչպես միշտ, ես եմ ճիշտ: Դեռ 98-ին Լևոնենց կուսակցությունը՝ ՀՀՇ-ն ես եմ անվանել հավայի հաչող շներ: Սա էլ ՀՀՇ «դվան» ա, հավայի հաչող շների բրիգադը: Խառը ժամանակներ են: Բան չեմ հասկանում: Մի ախպերը թունդ ընդդիմադիր ա, մի ախպերը նշանակվում ա փոխնախարար: Հրապարակում 100 հազարավոր մարդկանց ասում էր, եթե մի բան անելու ըլնեմ, բոլորիդ կարծիքը հատ-հատ հաշվի եմ առնելու: Բա ո՞ւր ա, խի չհարցրեց: Քշերվա կեսին հայրենիքս հանձնեց գնաց:

-Մի քանի օր առաջ նախկին իշխանություններին էր մեղադրում, մատ էր թափ տալիս, սպառնում էր, ասում էր՝ ուրիշ բան էլ թափ կտա, եթե պետք լինի:

-Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ: Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ ա: Եկել ընկել ա մոր փորը: Ոստիկաններին սարքել ա մուսռ, փողը տալմ ա, մարդկանց բռնել տալմ: Ինքն իրա էշը քշում ա, թուրքերի հետ ախպերություն ա անում, հայ ազգին ուզում ա կոտորի, ով էլ չէ, թողի փախնի էս երկրից:

-Հավատո՞ւմ եք մերօրյա ընդդիմությանը:

-Դժվար հարց ես տալիս շատ: Ես չեմ հասկանում ընդդիմությունն ինչ ա վաբշե: Կյանքով հայրենիք ազատագրած մարդուն ես ո՞նց կարամ չհավատամ: Օրինակ՝ Սեյրան Օհանյանը: Ես նրան չեմ ճանաչում, բայց ո՞նց կարամ իրա նման մարդուն չհարգեմ: Ես իրան նայում եմ որպես իմ ազգի հերոս: Ո՞նց կարամ հիմա ես իրան չհավատամ: Էս մարդը պատրաստ ա եղել իրա կյանքով հայրենիքն ազատագրի: Ոտքը կորցրել ա, բախտը բերել ա ողջ ա մնացել: Կարար ոտքը չկորցներ, սիրտը կորցներ: Իրա աշխատանքով էլ ցույց ա տալիս, որ հանուն հայրենիքի ամեն ինչի պատրաստ ա: Սա մի օրինակ էր: Էլի կան մարդիկ, որոնք ապրած ունեն: Ես մարդու լեզվին չեմ նայում, նայում եմ արած գործին: Եթե մի մարդ մենակ խոսում ա, ես էդ խոսացածին բանատեղ չեմ դնում: Ես հավատում եմ էն մարդուն, որը գործով ինչ-որ բան ա անում: Թումանյանն ասում ա՝ մարդու գործն է միշտ անմահ: Իզուր չի ասել Թումանյանն էս խոսքերը: Ես մարդ գիտեմ, որ խոսքով եսիմ ինչեր ա ճղում, բայց հետո արածը մի բան չի, անգամ ասածի մեկ տոկոսին չի համապատասխանում: Մարդիկ էլ կան, որ քիչ խոսում են, բայց շատ անում են: Թե չէ դիմություն, ընդդիմություն, ես դրանցից բան չեմ հասկանում: Մարդուն իրա արած գործով եմ ընդունում ու գնահատում: Ես բռնցքամարտի մեծ մասնագետ եմ: Ամեն ինչ վերածում եմ իմ բռնցքամարտին, հետո նոր ենթադրություններ եմ անում: Պատերազմը նման էր սիրողական բռնցքամարտի: