Փաշինյանի անթաքույց մտադրությունը՝ ուժայիններին փոխելու մասով

  Փաշինյանի անթաքույց մտադրությունը՝ ուժայիններին փոխելու մասով

Ուժային երեք կառույցի ղեկավարների փոփոխությունները քննարկվում է հիմնականում այն առումով, որ նորանշանակներից երկուսը Իջևանից են, այսինքն մոտ են վարչապետին։ Վարչապետին դա դուր է գալիս։ Ինչու՞։  Նրա զանգվածի  մոտ հույս է առաջանում, որ նոր նշանակվածների միջոցով վարչապետը կլուծի բոլոր այն հարցերը, որ չի լուծվել։ Փաշինյանի անթաքույց (Փաշինյանի բառն է) մտադրությունն է․ մարդկանց  ենթագիտակցության այդ շերտի վրա աշխատել՝ ուժի, «իմ մարդկանց» միջոցով կհասնեմ նրան, ինչ ուզում եմ։ Ձեզ կվերադարձնեմ նախկինների թալանածը։ Մարդկանց «էլի սպասեցնել, իրենով անել է ուզում»։

Բայց թե ինչքանով է վտանգվում երկրի անվտանգությունն այդ հապշտապ փոփոխություններից,  կարծեք թե ոչ իրեն, ոչ էլ իր զանգվածին չի հետաքրքրում։ Միայն թե Նիկոլ Փաշինյանը կարողանա պատժել «աներևույթ ուժերին»։ Սա մարդկանց հոգեբանության վրա ներազդելու միջոց է, մարդկանց իրենից անընդհատ հոգեբանական կախվածության մեջ պահելու մոլուցք, ինչու չէ, նաև երկու տարվա մեջ իր չարած, չբացահայտած գործերը ենթակաների վրա գցելու ու իրեն պարզերես անելու ցանկություն։  Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 2 տարի ու մեկ ամսում ունեցել ենք երեքական ղեկավար ԱԱԾ-ում և ոստիկանությունում, ընդ որում, երկու գերատեսչություններում էլ ղեկավարները կես տարի մնացել են ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, ըստ էության՝ կախյալ վիճակում։ Ինչպես նախորդ երկու տարին, այնպես էլ շարունակվելիքը լինելու է նույնը։ Եվ հույսը, որ նորերը աշխատելու են նոր ձևով, խաբկանք է։ Աշխատելու են այնպես, ինչպես ուզում է Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ զուտ անձնային խնդիր է, թե ով ինչքանով կարող է հեզորեն կատարել «նրա կապրիզները»։ Պատկերացրեք նկարահանվող սերիալներ, որոնք շարունակվելու են։ Սարսափելի է կառավարման համակարգի իրական վիճակը։ Ուժային կառույցներում եթե  օրենքի, պետության, երկրի անվտանգության «հոտ զգան», լուրջ կընդունեն երկրի առաջին դեմքի հրահանգները, կառավարման ճգնաժամ չի առաջանա։ Նման հապճեպ փոփոխությունները հենց կառավարման ճգնաժամի վկայությունն են։ Ղեկավարների փոփոխությունն այն ավելի է խորացնելու։