Տունն այրած բնակչի համար Սեմյոնովկայում տուն են գնել

Տունն այրած բնակչի համար Սեմյոնովկայում տուն են գնել

Օգոստոսի 3-ին ադրբեջանական զինուժը կրկին ագրեսիա կիրառեց Արցախում եւ ուլտիմատում տվեց՝ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է դատարկեք Բերձորն, Աղավնոն եւ Սուսը ու դուրս գաք Լաչինի միջանցքից։ Եւ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի բնակիչները սկսեցին իրենց իրերը հավաքել, որ դուրս գան իրենց հայրենի բնակավայրերից։

Կառավարությունը խոստացավ փոխհատուցել մարդկանց վնասները եւ Արցախում բնակարաններ տալ։ Մարդկանց նախազգուշացրին՝ ովքեր կայրեն իրենց տները, չեն ստանա այդ փոխհատուցումը։ Օրերս Աղավնոյի երկու բնակիչ այրեցին իրենց տները՝ անտեսելով այդ սպառնալիքները։ Եւ տունն այրելու կադրերը հայտնվեցին համացանցում՝ հուզելով մարդկանց։ Տարբեր համայնքներից եւ անգամ սփյուռքից մարդիկ արձագանքում էին կատարվածին՝ խրախուսում էին տունն այրած քաղաքացուն, ողջունում նրա քայլը, համարում, որ դա թասիբի ու արժանապատվության դրսեւորում է։ Եւ նախաձեռնություն սկսվեց այդ քաղաքացու՝ Արամ Իսախանյանի համար տուն գնելու համար դրամահավաք։ Մինչ մարդիկ մի քանի հազար դրամներով հանգանակություն էին անում, որ քաղաքացու համար տուն գնեն, պարզվեց ֆեյսբուքյան հայտնի դեմ Դոգ-ը՝  Վարդան Ղուկասյանը, որոշել է ինքն առնել բնակարանը եւ իր եթերներից մեկի  ժամանակ խոստացել է, որ առաջին բնակիչը, ով կայրի իր տունը, «Հանրային ձայն» կուսակցության կողմից բնակարան կստանա։

Կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը մեզ ասաց․ «Այո, «Հանրային ձայն» կուսակցությունը ամբողջութայմբ վճարել է տան գումարը՝ մոտավորապես 24-25 հազար դոլար։ Տունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում։ Գյուղ, որ մտնում ես՝ ձախի կողմի տներից մեկն է, 150 քմ տարածքով,  4 սենյականոց սեփական տուն է՝ իր նկուղով։ Տան հյուրասենյակը վերանորոգված է, նորմալ սանհանգույցով, գույքի կեսը մեջը, ունի մոտ 2500 քմ, պլյուս ավելացված մասում էլ  5000 քմ տնամերձ հող՝ ջուրը, գազը, լույսը սաղ մեջը, 1 հա խոտհարք, գոմ ու հավանոց։ Երիտասարդը, ով հանգանակություն էր կազմակերպել, իրեն մենք ասացինք՝ տղա ջան քո տան հարցը մենք լուծել ենք։ Եթե հանգանակություն եք անում, ապա արեք Աղավնոյի մեկ այլ բնակչի համար։ Այո, մենք մեր խոստումի տերը եղանք։ Հիմա գումարը մեր ձեռքն է, միակ խնդիրը, որ առաջացել է՝ սեփականատերերը 3 հոգի են՝ մայրն ու որդին այստեղ են, հայրը արտերկրում է, կապվել ենք հետը, սպասում ենք լիազորագիր ուղարկի, որ գործարքն անենք»։

Ընտանիքն արդեն տեսել է տունը՝ հավանել են, եղբոր ընտանիքն էլ է նրանց հետ ապրելու այդ տանը։