Արտաքին վտանգների ներքին բարեկամները

Արտաքին վտանգների ներքին բարեկամները

Անտառի կենդանիները հավաքվել էին բացատում եւ երկար վիճում էին, թե ումն է անտառը, բայց հետո եկավ անտառապահն ու քշեց բոլորին…

Մեկ-մեկ զարմանում ես, թե բուռն վեճերը` մեր երկրի սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ, ինչի հետ կապված են տեղի ունենում: Մեկը պնդում է, որ 3, 4, 5, 6… 1000 տոկոս տնտեսական աճը հեղափոխական չէ, մյուսը, թե՝ հեղափոխական է, մեկն իրեն «պատռում» է, թե 7 միլիարդ դոլար պարտքը մեծ է, մյուսը՝ կան ավելի բարեկեցիկ այլ երկրներ, որոնք ավելի մեծ պարտք ունեն, մեկն աղմկում է, որ այսինչ նպատակով բյուջեից կրկնակի քիչ գումար է հատկացվում, իսկ մյուսը հակադարձում, թե ամեն ինչ կարգին է… եւ այլն, եւ այլն։ 

Լավ, էսքա՞ն էլ «անդարդ ջայլամականություն»… Չէ՞ որ հենց այսպես մենք ակամայից դառնում ենք արտաքին վտանգների ներքին բարեկամները։ Իսկ «անտառապահը» շուտով գալու է, եւ այդ նրա անունն է՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ։
Աշխարհում, միջինը 10-15 տարին մեկ, տեղի են ունենում խորը եւ հիմնացունց ֆինանսատնտեսական ճգնաժամեր, եւ դրանք հաճախ այնքան ավերիչ բնույթ են կրում, որ արմատապես կարող են քանդել ու կոլապսի մեջ գցել ցանկացած, հատկապես՝ զարգացող երկրի տնտեսություն:

Այս երեւույթն անխուսափելի է, տեղի է ունենում պարբերաբար, մեր կամքից ու ցանկություններից անկախ, չի խնայում ո՛չ հեղափոխական, ո՛չ հակահեղափոխական երկրներին, հատկապես, երբ այդ երկրները, ինչպես Հայաստանը, խորապես ինտեգրված են համաշխարհային տնտեսության մեջ եւ ունեն բաց տիպի տնտեսական մոդելներ:

Բավական է հիշել վերջին՝ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, երբ Հայաստանի տնտեսության որոշ հիմնարար ճյուղերում, միայն պաշտոնական տվյալների համաձայն, տեղի ունեցավ մինչեւ 30 տոկոս անկում, երբ ՀՀ դրամի վրա ճնշումը բերեց դրա ավելի քան 20 տոկոս արժեզրկման, երբ մենք ստիպված էինք Ռուսաստանից, որի վիճակն էլ նախանձելի չէր, խնդրել 1 մլրդ դոլար ստաբիլիզացիոն բնույթի վարկ, երբ էապես սրվեցին ներքին սոցիալական պրոբլեմները… Ու սա ողջ ցանկը չէ։

Եվ մեր բախտից էր, որ այդ ճգնաժամը շուտ ավարտվեց՝ մոտ 1,5 տարուց, ինչը եւս տեղի ունեցավ մեր կամքից եւ գործողություններից անկախ (թող այն ժամանակվա կառավարությունն ու ԿԲ-ն դա իրենց չվերագրեն եւ կուրծք չծեծեն): Սակայն նույնիսկ այդ ճգնաժամային 1,5 տարին բավական էր, որպեսզի «ջրվեր» այդ ճգնաժամին նախորդած հնգամյակի մեր տնտեսական աճը, եւ եւս մեկ հնգամյակ պահանջվեր՝ մինչճգնաժամային տնտեսական մակարդակին կրկին գալու համար, բայց արդեն՝ ավելի քան 6 մլրդ դոլար արտաքին պարտքի բեռով: 

Այսինքն՝ կարճատեւ, բայց մի խոր համաշխարհային ճգնաժամ մեր երկիրը հետ գցեց առնվազն 10 տարով: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե այդ ճգնաժամը տեւեր, օրինակ, 5 տարի։ Այդպիսի երկար եւ խորը ճգնաժամեր, ցավոք, եղել են եւ, վաղ թե ուշ, լինելու են, քանի որ այսօր համաշխարհային տնտեսության մեջ առկա են մի քանի գլոբալ, տարբեր տրամաբանություն ունեցող, արդեն հասունացած «փուչիկներ», որոնք կարող են պայթել ցանկացած պահի՝ մեր երկրի տնտեսության եւ բնակչության համար դրա ամբողջ աղետալի հետեւանքներով հանդերձ։
Ցանկացած էական տնտեսական ճգնաժամ ցանկացած զարգացող երկրի ղեկավարության համար ունի տիպիկ ալգորիթմ եւ բնորոշվում է նրանով, որ «տակիցդ փախչում» է տնտեսական քաղաքականության վարման այն «հողը», որի վրա, թվում է, ամուր կանգնած էիր, ահագնացող ճնշման տակ սկսում են ճաքեր տալ ու չաշխատել այն մեթոդները, որոնց հարցում վստահ էիր եւ որոնց ապավինում էիր նախկինում, եւ աղետալի կերպով քչանում ու թուլանում է վերահսկողության տակից դուրս եկող իրավիճակի վրա թեկուզ դույզն-ինչ ազդելու գործիքակազմը, իսկ նորը բացակայում է։ Քեզնից սկսում են օգնություն խնդրել բոլորը, այդ թվում՝ նաեւ նրանք, ովքեր իրենք պետք է քեզ օգնեին։ Միաժամանակ դու հասկանում ես, որ չօգնել էլ չես կարող, բայց օգնություն տրամադրելն էլ իրավիճակը վերջնականապես անկառավարելի կդարձնի, ու սկսվում են սոցիալական ընդվզումներ եւ այլն։ Եվ եթե այս ամենի արդյունքում, ի վերջո, կարողացել ես «հաղթահարել» ճգնաժամը, ապա նախկին բազմամյա աճից հետք էլ չի մնում, ու հետ ես գնում տարիների վաղեմություն ունեցող նախկին կետ՝ ավելի վատթարացած պայմաններով եւ հնարավորություններով: Սա՝ լավագույն դեպքում: 

Առավել վատթար դեպքեր էլ են լինում, այդ թվում նաեւ՝ նորագույն ժամանակաշրջանում: 2001թ. վերջին Արգենտինան, շարունակական տնտեսական ճգնաժամի սրացման փուլում, հայտնվեց այնպիսի մի իրավիճակում, երբ Բուենոս Այրեսը մի քանի օր ընկմղվեց խավարի մեջ, փակ էին բանկերը եւ խանութները, հիվանդանոցները, չկային հոսանք, ջուր, չէին վճարվում հիպերինֆլյացիայի պայմաններում առանց այն էլ չնչին գումար կազմող թոշակները, փողոցներում տերուտիրական էին սոված մարդկանց եւ հանցագործների բանդաները, երկրում անիշխանություն սկսվեց, քանի որ հրաժարական տվեցին բոլոր ղեկավարները՝ դեմոկրատական ճանապարհով ընտրված: Բայց սա էլ չփրկեց, քանի որ երկիրը գնացել էր դեպի փակուղի՝ նշված դեպքերից առնվազն երկու տասնամյակ առաջ։ ԵՎ հիմա էլ, երբ այդ դեպքերից անցել է շուրջ 20 տարի, եւ այդպես էլ չի հաղթահարվել շարունակական ճգնաժամը, իսկ դարասկզբի սցենարը կարող է կրկնվել ցանկացած պահի:    

Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, որ մենք (ի հավելումն նաեւ՝ որպես պատերազմի վտանգ ունեցող երկիր) Արգենտինայի սցենարից հեռու ենք: Ո՞վ ասաց: Արգենտինան այդ վիճակին հասավ հենց այն նույն տնտեսական մոդելի կիրառման արդյունքում, ինչ որ մենք կիրառում ենք մեր երկրում անկախությունից ի վեր՝ մինչ օրս: Այս մոդելը բացասական արդյունք է ծնում եւ անպաշտպանվածություն: Զարգացող երկրների մեջ, այս իմաստով, ո՛չ առաջինն ենք, ո՛չ վերջինը: Նոր իրողությունների այս նորացված համակարգն աշխարհում գործում է արդեն շուրջ կես դար, եւ այս շրջանակից շատ քիչ զարգացող երկրներ են միայն կարողացել դուրս գալ: Որպես կանոն, աղքատներն ավելի են աղքատանում ու «խրվում»:     

Ո՞րն է ելքը։ Գիտական աշխատություն չեմ գրում, այլ հոդված, ուստի սկզբի համար կփորձեմ մի քանի բազիսային շեշտադրում-թեզեր առանձնացնել. 

ա) պետք է հստակ հասկանալ, որ տնտեսական շատ «դասագրքային» տեսություններ, օրինաչափություններ եւ մոտեցումներ, որոնք այսօր կենտրոնական տեղ են զբաղեցնում զարգացող երկրների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ, ոչ միայն չեն աշխատում, այլեւ մեծ վնաս են հասցնում երկրի տնտեսական զարգացմանը եւ խոցելիության մակարդակի վերահսկմանը: Վերջին մի քանի տասնամյակում, գլոբալիզացման շեշտակի խորացման ֆոնին, կենտրոնական են դարձել արժութային գլոբալ համակարգի օրենքներն ու կանոնները  

բ) երկրի տնտեսական մոդելն ու տնտեսական քաղաքականությունն ի սկզբանե պետք է լինեն հակաճգնաժամային բնույթի եւ ընդգծված կոշտ ուղղվածության: Սա իր մեջ ներառում է ինչպես երկրում արդեն եղածի հնարավորինս արագ վերակառուցումը (դիմադրության կետերի առավելագույնս եւ անհապաղ ամրապնդումը), այնպես էլ ցանկացած նորի ստեղծումը՝ հակաճգնաժամային կուռ եւ միասնական պաշտպանվածության տրամաբանությամբ

գ) ամեն մի տնտեսական աճ չէ, որ առողջ է եւ օգտակար՝ հետո կարելի է մնալ դրա «փլատակների» տակ

դ) երկրի տնտեսությունը պետք է զարգանա մրցունակ, պաշտպանված եւ դրական արդյունք գեներացնող, պայմանականորեն «փակ» համակարգերով՝ սկսած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելից, վերջացրած միջճյուղային եւ ճյուղային համակարգերով: Բոլոր համակարգերը միշտ պետք է ունենան հակաճգնաժամային «սեյսմակայունության», ինչպես նաեւ՝ մշտական որակյալ եւ անշրջելի աճի ապահովման կուռ, հստակ գիտակցված ու հաշվարկված ներկա եւ պաշար:  
…Քանի դեռ շատ ուշ չէ... հուսով եմ...

Սեւակ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու (ИМЭМО РАН)
ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետ